Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 21

21 Փետրվար, 2017 19:00
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 21

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր՝ փետրվարի 21-ին, պարզ դարձավ, որ Արցախի Սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ, կամ ընդհանուր քվեարկողների 87,6 տոկոսը: Այսպիսով, Արցախը կիսանախագահական կառավարման ձևից կանցնի նախագահականի:

Ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարեց, որ Արցախի հանրաքվեն համապատասխանում էր Եվրոպայի չափանիշներին: «Չնայած այն փաստին, որ Արցախը դեռ չեն ճանաչել, արդեն կարող եմ վստահորեն Արցախի Հանրապետություն ասել: Արցախի ժողովուրդը բավականին հիմնավոր ասել է «այո»: Ես հուսով եմ` միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այստեղ մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում, երբ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։ 

«Ժառանգություն» կուսակցությունից հեռանալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հայտնել է, որ անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից: 

Փոստանջյանը նշեց որ «Ժառանգություն»-ից հեռանալու որոշումը դժվարությամբ է կայացրել. «Այդ որոշումը կայացնելու համար կային հիմքեր, որոնք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որն անցել է «Ժառանգությունը», այսօր փաստացի մերժում է իր անցած ուղին, իր արժեքային համակարգը… Տխուր է, որ պարտավորված էի այդպիսի որոշում կայացնել»:

Պատգամավորը հայտնեց, որ կուսակցությունից հեռանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում չի ունեցել. «Կարծում եմ՝ մենք այլևս ընկերներ չենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ոչինչ չունի Հովհաննիսյանին փոխանցելու: 

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալուն: Մարտիրոսյանը նշեց, որ Փոստանջյանը հեռանալու համար դեռ չի դիմել կուսակցություն, միայն հայտարարել է այդ մասին: «Խորին հարգանքով եմ վերաբերում նրա այդ քայլին: Մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ միասնական պայքարի շրջանակներում ենք անցկացրել»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հասցեին հնչող քննադատություններին, նշեց. «Օհանյանը երեք չորս ամիս առաջ ազգային հերոս էր, Հայաստանի լավագույն կառավարիչներից, իշխանության մեծամասնության կողմից ընդունված»: Պաշտպանության նախկին նախարարը, ըստ Մարտիրոսյանի, սխալներ ունեցել է. «Ես իրեն չեմ սրբացնում, ես ևս բացարձակ չեմ: Այն, որ  իշխանության մեջ եղել է, արդեն իսկ սխալ է»,- ասաց նա:

Այսօր, ՀԱԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ հայաստանյան քաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններին: Մանուկյանը նշեց, որ քաղաքական զարգացումներից և մասնավորապես դաշինքների ձևավորումից տպավորություն է ստացել, որ ուժերը փորձում են ցանկացած ձևով հայտնվել խորհրդարանում, որտեղ, Մանուկյանի գնահատմամբ, 60 %-ը ոչինչ չի անում: «Ծախսել միլիոններ ոչինչ չանելու համար… Այս ոչ նորմալ գործընթացից ժողովուրդը հիասթափվում է,- նշեց Մանուկյանը: 

Մանուկյանն անդրադարձավ նաև քաղաքական ուժերի, մասնավորապես Սեյրան Օհանյանի, Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի կողմից հնչեցվող  սոցիալ- տնտեսական, ինչպես նաև բանակում առկա խնդիրների շուրջ հայտարարություններին: «Ասում են, թող ասեն: Ժողովուրդը չի՞ տեսնում՝ այդ ասողներն ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն: 6 ամիս առաջ ինչ էին ասում, հիմա ինչ են ասում: Մորեխի տրամաբանությամբ քաղաքական մի ուժից մյուսն են թռնում. իշխանությունից թռնում են ընդդիմություն, գալիս ընդդիմություն են խաղում, հետո մտնում են կոալիցիա»,- ասաց ՀԱԿ քարտուղարը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել, որով իր կնոջը` Մեհրբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահ է նշանակել: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքը: Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն` առաջին փոխնախագահն է ստանձնում երկրի ղեկավարությունը, եթե նախագահը չի կարողանում կատարել իր պարտականությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին