Կարևոր իրադարձություններ

Կեղծ դեղեր՝ դեղատներում. Առողջապահության նախարարությունն ասուլիս կտա. «Հրապարակ»

21 Փետրվար, 2017 09:56
Կեղծ դեղեր՝ դեղատներում.  Առողջապահության նախարարությունն ասուլիս կտա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության համակարգում սկանդալ է հասունանում՝ առողջապահության տեսչությունն օրերս 2 կեղծ դեղատեսակ է հայտնաբերել դեղատներում։ Ահազանգերի հետքերով գնալով պարզել են, որ հանրության կողմից մեծ պահանջարկ վայելող երկու դեղի խմբաքանակների մեջ կեղծված դեղեր կան։ Մեկը ճնշումը կարգավորող պրեստանս դեղամիջոցն է, մյուսը՝ անտիբիոտիկ է՝ ցեֆտրիաքսոն-աստերիա։

Առգրավված դեղերը տեսչությունը հանձնել է փորձաքննության Էմիլ Գաբրիելյանի անվան փորձագիտական կենտրոնում։ Արդեն կան եզրակացությունները, որոնք հաստատում են, որ դեղորայքը կեղծված է։ Ընդ որում՝ երկուսն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից։ Վերջին դեղատեսակը նաեւ ուղարկվել է Ֆրանսիա՝ մայր գործարանում փորձաքննության, որտեղից պատասխան է եկել, որ սա իրենց մոտ չի արտադրվել։ Թե որտեղ են կեղծվել դեղերը, մասնագետները չգիտեն, սակայն նրանք տագնապ են հնչեցնում, քանի որ կեղծ պրեստանսի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն ոչ միայն բուժիչ որակներ չունի, այլեւ «վտանգավոր է առողջության համար»։

Այժմ դեղորայքը հետ է կանչվում դեղատներից, իսկ հանրապետությունում 1700 դեղատուն կա։ Քրեական գործ է հարուցվելու, որը կքննի ԱԱԾ-ն։ Առողջապահության տեսչության պետ Սամվել Պուրտոյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, ասաց․ «Վարչական վարույթներն ընթացքի մեջ են, կտեղեկացնենք դրանց ավարտից հետո»։ Առողջապահության նախարարությունում էլ ասացին, որ այս թեմայով այսօր ասուլիս են տալու»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին