Կարևոր իրադարձություններ

Բոլոր իշխանությունների հետ իր քաղցրությամբ լեզու գտնող շաքարի արքայից մինչև ամենառիսկով զինվորական. Ամենառեյտինգայինների TOP 10

19 Փետրվար, 2017 01:05
Բոլոր իշխանությունների հետ իր քաղցրությամբ լեզու գտնող շաքարի արքայից մինչև ամենառիսկով զինվորական. Ամենառեյտինգայինների TOP 10
 

Ընտրություններին հետևող մարդիկ չգիտեն՝ խնդան, թե՞ լան, քանի որ իրապես նրանք են այսօր Հայաստանի ամենառեյտինգային պատգամավորացուները, ովքեր իրենց կուսակցություններին բերելու են հազարավոր ձայներ՝ ի հեճուկս քաղաքական ուժերի ցածր վարկանիշների, օֆշորային սկանդալների, աչք հանելու սկանդալների և քրեական բազմաթիվ պատմությունների: Եվ այսպես.

 

1.Սեյրան Սարոյան

Նա ամենառիսկով զինվորականն էր, ով համարձակվեց իր թեկնածությունը դնել ռեյտինգայինով, ինչը ներկայումս դարձել է մարդու քաղաքական քաշի  միակ իրական չափիչը: Նա այս խորհրդարանում ամենահամով խոսացող ՀՀԿ-ականն էր և գալիք ընտրություններում իր կուսակցությանը կարող է բերել շուրջ 20 հազար ձայն: Նա իր անկեղծ խոսքով և  խիզախ առաջադրումով ստվերեց նույնիսկ իր վաղեմի ընկերոջը, ով նույնպես կլինի ապագա խորհրդարանում, բայց ավելի հեշտ ու անվտանգ եղանակով՝ համապետական ցուցակ մտնելով: 

 

2.Արթուր Գևորգյան

Նա ոչ միայն հեղինակություն է Դավթաշենում, Արաբկիրում և Աջափնյակում, այլև ունի հզոր թիկունք՝ ի դեմս իր աներոջ՝ Վլադիմիր Գասպարյանի: Նա արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ իր ընտրական հարվածները հասցնում է զգույշ և մաքուր՝ հավաքելով հազարավոր ձայներ իր ու հանրապետականի համար: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն այս անգամ էլ կարող է նոկաուտի ենթարկել ոչ միայն այսպես կոչված ընդդիմադիրներին, այլև քաղաքականության մեջ թեթև քաշային ՍԱՍ-ի Արտակին:

 

3.Ռոբերտ Սարգսյան

Բազմազավակ հայր, Ավանում հարգված տղա, ծագումով ղարաբաղցի և Տարոն Մարգարյանի մտերիմ ազգական՝ էլ ի՞նչ է պետք հազարավոր ձայներ ստանալու համար: Ոչ մի սկանդալում և ոչ մի քրեական պատմության մեջ չհայտնված այս ռեյտինգային թեկնածուն հաստատապես կհաղթի Միհրան Պողոսյանին և կդառնա համար առաջինը թիվ մեկ ընտրատարածքում, քանի որ նրա թիկունքին է կանգնած ՀՀԿ Երևանի կառույցի ղեկավար և երևանյան ձայների արքա Տարոն Մարգարյանը:

 

4.Արգամ Աբրահամյան

Երկու գերդաստանների մեծ ժառանգորդի՝  Կոտայքաց և Արարատաց արքայազնի հաղթանակը անկասկած է, քանի որ նրա համար չարչարվելու է ծանր վիճակում հայտնված նախկին վարչապետ հայրը, ով կարիք ունի իր որդու հաղթանակով ապացուցել, որ իր առվակը չի չորացել: Աբրահամյան կրտսերին մեծապես աջակցելու է նաև աներ Ծառուկյանը, ով արդեն իսկ նրա համար ապահովել է ԲՀԿ համապետական ցուցակի 9-րդ հորիզոնականը:

 

5.Սամվել Ալեքսանյան

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ոչ միայն ինքն է մասնակցում ռեյտինգայինով, այլև իր փեսային է թեկնածու դարձրել նույն ընտրատարածքում: Բոլոր իշխանությունների հետ իր քաղցրությամբ լեզու գտնող շաքարի արքան կարողանում է գերել Մալաթիայի բնակչության սրտերը, պահպանել ջերմագույն հարաբերությունները Ծառուկյանի ու բոլոր մյուս քաղաքական հակառակորդների հետ, ինչպես նաև իր ընտանիքի համար մշտապես ապահովել նվազագույնը երկու խորհրդարանական ու մի թաղապետական աթոռ:

 

6.Միհրան Պողոսյան

Քաղաքական որոշ հակառակորդների ձեռամբ բացված օֆշորային սկանդալից հետո նա փակեց ԴԱՀԿ պետի պաշտոնի էջը և բացեց նախընտրական մրցապայքարի էջը: Քանի որ այս ընտրություններում կարևոր է ոչ միայն փողը, այլև հեղինակությունը, ոմանք այժմ էլ  փորձում են նրան խանգարել Տույի հետ կապված սկանդալի մասին պատվիրված հոդվածներով: Այդուհանդերձ, նա իր հավաքած ձայներով կհայտնվի Տարոն Մարգարյանի երկու հովանավորյալների մեջտեղում՝ Ռոբերտ Սարգսյանից հետո և Նորքի թաղապետի եղբայր Ուլիխանյանից առաջ: Այսինքն՝ սա կարող է դառնալ ՀՀԿ-ի եզակի ընտրատարածքներից մեկը, որտեղից կանցնի ոչ թե երկու, այլ երեք պատգամավոր:

 

7.Սասուն Միքայելյան

Նա «Ելք» դաշինքի միակ ծանրակշիռ ռեյտինգային թեկնածուն է, որը բազմիցս ի ցույց է դրել իր կայուն ընտրազանգվածը Հրազդանում: Իր երիտասարդ ու փափկասուն կուսակիցների կողքին նա միակն է, որ նմանատիպ ֆեոդալական ընտրակարգում կարող է հանդես գալ որպես ուժեղ տասհազարապետ, ով կարիք չունի տնից շերեփ բերելու կամ Ֆեյսբուքով անվերջ ստատուսներ գրելու, որպեսզի իրապես օգտակար դառնա իր դաշինքին:

 8.Հեղինե Բիշարյան

Նա ոչ միայն մատ է թափ տալիս իր վերածնված կուսակցության համագումարում, այլև խոստանում է այդ մատով հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր կնեղացնեն իր մեծ ուսուցչին՝ Արթուր Բաղդասարյանին, ով էլ իր հերթին սպառնում է կուսակիցների կաշին քերթել, եթե նրանք բավարար ձայներ չապահովեն իր համար: Կաշին փրկելու համար Բիշարյանը որոշել է իր թեկնածությունը դնել Սամվել Ալեքսանյանի դեմ՝ մոռանալով, որ վերջինիս հետ եկեղեցով քույր ու եղբայր էին մի օր, իսկ ինքն էլ ժամանակին մեղմ ու քնքուշ ուսուցչուհի էր, այլ ոչ թե աչքեր հանող ու կաշի քերթող կուսակցական:

 

9.Վարդան Ղուկասյան

Նա համարում է, որ Աստծո կամքով է հայտնվել Ծառուկյանի թիմում՝ մոռանալով, որ մեծ մեղք է Աստծո անունը զուր տեղը հիշատակելը՝ այն էլ այս կիսագողական ընտրախաղերում: ԲՀԿ-ական դարձած ՀՀԿ-ականը պայքարելու է ՀՀԿ-ական դարձած Մարտուն Գրիգորյանի դեմ, ով ժամանակին առաջիններից մեկը դավաճանեց Ծառուկյանին և լքեց ԲՀԿ-ն: Այս երկու գերսկզբունքային քրեաքաղաքական գործիչները շուտով կապացուցեն, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, քանի որ ՀՀԿ և ԲՀԿ այս բարտերի արդյունքում յուրաքանչյուրն էլի կստանա նույն հինգ հազար ձայնը:

 

10.Հակոբ Հակոբյան (Լեդի Հակոբ)

ՀԱԿ-ի միակ ռեյտինգային թեկնածուն ժամանակին շատերի ահ ու սարսափն էր և Սամվել Ալեքսանյանի ամենալուրջ մրցակիցը: Շատերն են հիշում, թե ինչպես էր նա հայհոյում Ազգային ժողովում, որտեղ սարսափած պատգամավորները լուռ վայելում էին այդ ճարտասանությունը: Մամուլում լուրեր էին շրջանառվել, որ իշխանությունը փորձելու է իր մարզպետների միջոցով օգնել ՀԱԿ-ին, այնինչ հնարավոր է այդ օգնությունը ՀԱԿ-ին տրամադրվել է ընտրություններին այս հայհոյախոս ձայն բերողի մասնակցությունը արտոնելով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին