Կարևոր իրադարձություններ

«Հայկական վերածնունդ»-ը փորձում է իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով և սուտ խոստումներ տալով. «Ժողովուրդ»

18 Փետրվար, 2017 08:43
«Հայկական վերածնունդ»-ը փորձում է իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով և սուտ խոստումներ տալով. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տեւական ժամանակ է` փորձում են իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով եւ սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների վերադարձի գործընթաց, եւ մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը, ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում ու ընտրություններին ընտրել այդ կուսակցությանը: Երբ բլեֆը պայթեց, Ա. Բաղդասարյանը նոր բան է հորինել. «Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ ասել է նա` հավելելով, որ այդ գործընթացը իրենք կկազմակերպեն իշխանության գալու դեպքում:
 
Թե ինչու Ա. Բաղդասարյանն այս ամենի մասին չէր խոսում իշխանության մեջ գտնվելու տարիներին, մնում է միայն ենթադրել:
 
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից ճշտել՝ իսկապե՞ս Հայաստանի ընդերքը նավթի եւ գազի պաշարներով հարուստ է: Ընդերքի գործակալությունից անմիջապես հերքեցին ՀՀ-ում նավթի եւ գազի պաշարների առկայության մասին լուրերը: «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- փոխանցեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին