Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը կփոխարինի Ռոբերտ Քոչարյանին. «Ժամանակ»

16 Փետրվար, 2017 10:15
Հովիկ Աբրահամյանը կփոխարինի Ռոբերտ Քոչարյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չեկած, կամ նրան համաձայնությունները խախտելու մեջ մեղադրող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի եւ իրենց պայմանավորվածությունների հարցում խոչընդոտ հարուցողը եղել է Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող զարգացումների վրա:

Այն, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հանդեպ ունենալ նման անբարյացկամ վերաբերմունք եւ Ծառուկյանին հորդորեր չվերցնել նրանց դաշինք, ունի հիմքեր: Բանն այն է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի, ըստ էության, քաղաքական հենարանն էր, իսկ Նարեկ Գալստյանը նրա օգնականը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանին դիտարկել է իր հիմնական մրցակիցներից մեկը, եթե ոչ հիմնականը:

Եվ այս առումով, իհարկե, պարզ է տրամաբանությունը, որ Աբրահամյանը կխոչընդոտեր «Ծառուկյան» դաշինքում Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների ներկայությանը: Մյուս կողմից, ինքնին այս ներկայությունը տարօրինակ էր, նկատի ունենալով այն, որ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ընթացքում հանդես էր գալիս օլիգարխիայի դեմ պայքարի հայտարարություններով, ինչն էլ պատճառ էր դարձել, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քննադատության հիմնական թիրախ դարձներ Տիգրան Սարգսյանին: Այդ ամենը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ եւ ըստ այդմ ինքնին զարմանալի էր, որ Տիգրան Սարգսյանի օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարի հենարան հանդիսացող ուժը կարող էր միանալ «Ծառուկյան» դաշինքին:

Թեեւ Հայաստանի քաղաքական դաշտում, իհարկե, հնարավոր է ամեն ինչ, եւ մարդիկ կարող են պետության եւ ազգի շահերով բացատրել իրենց մեկը մեկից տրամագծորեն տարբեր քայլերը, այսօր որեւէ մեկին մեղմ ասած քննադատելն ու հետո այդ նույն մարդկանց պետության եւ ազգի փրկիչ հռչակելը: Սա Հայաստանն է եւ վերջ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, որը հենց այս հարաբերությունների, ըստ էության քաղաքական համակարգի այս ավերակային տրամաբանության վրա էլ կառավարել է իր նախագահության շրջանում եւ պատրաստվում է նաեւ լուծել հետագա իշխանության հարցը: Իսկ այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են մի քանի կարեւոր բաղադրիչներ, որոնցից մեկն էլ ստվերային ինտրիգների գործոնն է:

Նախորդ ութնամյակում կամ ավարտվող տասնամյակում դա Ռոբերտ Քոչարյանն էր եւ քաղաքական զարգացումների այսպես ասած անտեսանելի ձեռքը՝ Քոչարյանի ձեռքն էր: Այդ ժամանակարջանը մոտենում է ավարտին եւ ըստ երեւույթին նոր ժամանակաշրջանի եւ նոր իրավիճակի համար ստվերային, անտեսանելի ձեռքի էֆեկտը կապահովի Հովիկ Աբրահամյանը եւ ամենուր կարձանագրվեն նրա «ականջները»: Արդեն իսկ նկատելի է այս տեխնոլոգիայի ծավալման միտումը:

Այդ տեսանկյունից, 2017 թվականի ընտրություններով Ռոբերտ Քոչարյանն ըստ էության «կավարտի» իր դերակատարումը, ի վերջո հնարավոր չէ այդ գործոնը խաղարկել մեկ տասնամյակից ավելի: Հիմա գալիս է ըստ երեւույթին Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարման տասնամյակը, երբ հասարակական-քաղաքական գործընթացի մասնակիցները կբաժանվեն երկու մասի՝ նրանք, որոնք ամենուր մատնացույց են անում Հովիկ Աբրահամյանի հետքը, եւ նրանք, որոնք ի պատասխան դրա հերքում են այդ հետքին որեւէ առնչություն ունենալը: Հենց այդպես էլ ըստ երեւույթին կապրի, կամ ավելի շուտ կգոյատեւի Հայաստանը հաջորդ տասնամյակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին