Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Մարկարով. «Հետևե՛ք խորհրդարանական քվեարկություններին և կհասկանաք՝ ով է իսկական ընդդիմությունը». «Փաստ»

15 Փետրվար, 2017 09:39
Ալեքսանդր Մարկարով. «Հետևե՛ք խորհրդարանական քվեարկություններին և կհասկանաք՝ ով է իսկական ընդդիմությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խորհուրդ է տալիս հետևել խորհրդարանական քվեարկությունների պատկերին, ինչը հստակ ցույց կտա, թե որն է իսկական և որը կեղծ ընդդիմություն: Նա ասում է՝ «Ուղղակի հետևեք խորհրդարանական քվեարկություններին և տեսեք, թե ում քվեարկություններն են տարբերվում իշխանության քվեարկություններից»: 
Ըստ նրա՝ ընդդիմությունն անպայման չէ, որ լինի գաղափարախոսական, ընդդիմությունը կարող է ստեղծված լինել տարբեր սկզբունքներով: Այն կարող է ձևավորված լինել մեկ ընդհանուր սկզբունքի շուրջ, ինչը նշանակում է, որ այս կամ այն քաղաքական դերակատարը հանդես է գալիս ընդդեմ օրվա իշխանության: Բայց դա դեռ հիմք չի տվյալ դերակատարին անվանել ընդդիմություն: 
«Դա ընդամենը հայտարարություն է, որ ինքը ինչ–որ բանի դեմ է: Իսկապես ընդդիմադիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական ծրագրային հիմունքներ, որոնք էականորեն տարբերվում են առկա իշխանության ծրագրերից, անհրաժեշտ է ունակություն, պատրաստակամություն, վճռականություն իշխանությանը հասնելու և հասնելու դեպքում այդ ծրագրերը իրականացնելու համար: Անհրաժեշտ են մարդկային և նյութական ռեսուրսներ կազմակերպչական աշխատանքների կազմակերպման համար և այլն:
Ասել, որ ես ընդդիմություն եմ, դա մոտավորապես նույնն է, թե ինչ–որ շենքի վրա դպրոց մակագրությամբ ցուցանակ փակցնել, բայց չունենալ ուսուցիչներ, աշակերտներ և ծրագրեր: Ցուցանակը դեռ չի նշանակում, որ այն բովանդակայնորեն համապատասխանում է նրան, ինչի մասին խոսվում է: Ձևը և բովանդակությունը միշտ չէ, որ համընկնում են»,– պարզաբանեց Մարկարովը: 
Ինչպես նա է նշում՝ մեզ մոտ առկա է օրվա իշխանությանը ընդդիմություն ձևավորելու փորձը: «Բայց առայժմ այս ընդդիմությունը կա՛մ ձևավորման ընթացքի մեջ է, կա՛մ այն չունի իրական ռեսուրս և իշխանությանը հասնելու քաղաքական մեծ հավանականություն: Բայց փոքր քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմություն, մեր քաղաքական դաշտում կարող ենք առանձնացնել: ՀԱԿ–ը դրա հետաքրքիր օրինակներից մեկն է»,– նշեց նա: 
Այս շրջանում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը Ալեքսանդր Մարկարովը մեկ բառով անվանում է նախընտրական, երբ քաղաքական ուժերը նոր ձևավորվող քաղաքական փիլիսոփայության շրջանակներում փորձում են վերաիմաստավորել իրենց դերը, տեղը համակարգի և կուսակցական շինարարության մեջ: 
Արամ Սարգսյանի և Վիկտոր Դալլաքյանի՝ «Համախմբումը» լքելու վերաբերյալ էլ քաղաքագետը հետևյալ կարծիքն արտահայտեց:
«Դալլաքյանը փորձ արեց վերադառնալ մրցակցային քաղաքականություն առանց կուսակցական հենքի և, ըստ էության, հեռանում էր այն կուսակցական հնարավոր բազան, որտեղ ինքը կարող է օգտագործել ներուժը: Պարզվեց, որ առկա կուսակցություններից ոչ մեկը առանձնապես մեծ ոգևորություն չցուցաբերեց, իսկ նոր կուսակցություն ձևավորելու համար ժամանակն ու ռեսուրսները քիչ էին: Մրցակցային քաղաքականությամբ պետք է զբաղվել անընդհատ, այլ ոչ թե միայն ընտրություններից առաջ: Երևի դա ընդհանուր սկզբունք է բոլորի համար այն տեսանկյունից, որ ինչքան ավելի երկար ժամանակ դուք զբաղվում եք մրցակցային քաղաքականությամբ և ակտիվ քաղաքականության խաղի մեջ եք գտնվում, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ ձեր մասին իմանան ավելի շատերը և ձեր ընտրական շանսերը ավելի մեծ լինեն: Եթե դուք քաղաքականությանը մասնակցում եք ընդամենը ընտրությունից ընտրություն՝ նախընտրական քարոզչության տողի շրջանակներում, դա էականորեն նվազեցնում է ձեր քաղաքական դերակատարությունը համակարգի մեջ»,– պարզաբանեց քաղաքագետը:
«Փաստի» հարցին, թե այս դաշինքում խնդիրներ ծագեցին գաղափարական, թե ռեյտինգային ցուցակի առաջին հորիզոնականներում չհայտնվելու պատճառով, քաղաքագետը պատասխանեց, որ դաշինք, որպես այդպիսին, դեռ չէր ձևավորվել. «Եղել են ինչ–որ հռչակագրեր: Այն դաշինք կդառնար այն ժամանակ, երբ հռչակագրերից անցնեին միասնական գործունեության: Հայտարարությունը անհրաժեշտ է տարբերել գործունեությունից: Սա շատ կարևոր է»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին