Կարևոր իրադարձություններ

Ամերիկահայ դերասանուհու մերկ վիդեոկադրերն ու եվրասիական նախագահի ապտակը Հայաստանին ու Ռուսաստանին. TOP 10

11 Փետրվար, 2017 18:30
Ամերիկահայ դերասանուհու մերկ վիդեոկադրերն ու եվրասիական նախագահի ապտակը Հայաստանին ու Ռուսաստանին. TOP 10

Ամեն ինչից զզված ու դիլխոր հայությունն ամենաշատը խոսել է այս տասը մարդու մասին: Եվ այսպես.

 1.Ալեքսանդր Լապշին

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացին ձերբակալվեց Բելառուսում և ի հեճուկս Հայաստանի՝ հանձնվեց Ադրբեջանին, քանի որ նա այցելել էր Ղարաբաղ: Յոթ պետություն իրար խառնած բլոգերը բոլորին հիշեցրեց, որ գոյություն ունի բելառուսական կուրորտում հավերժական հանգստի ուղարկված մի հայ դեսպան: Եվրասիական այս ապտակից հետո ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երկու հայ պաշտոնյաների ահասարսուռ հայտարարությունների հետևանքով և բելառուսական դեսպանատան առաջ «միակ» ընդդիմության հիսուն հոգանոց հավաքի արդյունքում Լուկաշենկոյի շաքարը այնքան է բարձրացել, որ նա այլևս ձեռք չի տալու Մեհրիբանի կրծքերին, իսկ Ալիևն էլ այսուհետ հազարավոր տուրիստներ է ուղարկելու Արցախ:

 2.Արսինե Խանջյան

Մի իշխանամետ ու ռուսամետ թերթ հիշեցրեց մի արևմտյան ընդդիմադիր կնոջ մերկ նկարահանման մասին, և ողջ հայ հանրությունը մոռացավ արդար ընտրություններ անցկացնելու նրա համահայկական նախաձեռնության մասին ու կենտրոնացավ նրա գեղեցիկ մարմնի վրա: Ինչպես միշտ, հայտնվեցին հայու գենի մոլեռանդ պաշտպաններ, ըստ որոնց մերկ տեսարանում նկարահանվող դերասանուհին բարոյական իրավունք չունի մտահոգվել երկրում արդարությունը վերականգնելու հարցերով:

 3.Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանի հեռուստաընկերության կողմից ցուցադրված Ծառուկյանի մասին ֆիլմերը հող նախապատրաստեցին «Ծառուկյան» դաշինքի ստեղծման համար և Ծառուկյանին դարձրեցին ամենաքննարկվող ու կարևոր քաղաքական ֆիգուրը գալիք ընտրությունների համատեքստում: Ծառուկյանի շտաբի պետը հրաժարվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից, իսկ Ծառուկյանի ցուցակ մտնելու համար հաշտվեցին նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները: Եվ այսպես, բոլորն ինքնամոռաց հերթ կանգնեցին Ծառուկյանի վերաբաց քաղաքական դռան առաջ:

 4.Հենրիխ Մխիթարյան

Նրա գոլերը ցնցում են ոչ միայն ողջ հայությանը, այլև աշխարհի բոլոր ֆուտբոլասերներին: Համաշխարհային մեծություն դարձած հայ ֆուտբոլիստը ոչ միայն ազգի հազվագյուտ հպարտություններից է, այլև ներկայումս հայության կողմից քննարկվող հազվագյուտ դրական թեմաներից մեկը:

 5.Կարեն Կարապետյան

Նա իր գրպանից կես միլիոն դոլար ուզեց ներդնել Գյումրիի զարգացման համար և խիստ վիրավորվեց, երբ լրագրողները չհավատացին նրա խոստմանը: Նա վրդովված խլեց խոսափողը լրագրողի ձեռքից և ԱԺ ամբիոնից էլ խոստովանեց, որ իրեն տհաճ են լրագրողների հետ շփումները: Նա իրապես ուզում է մի լավ բան անել այս դիլխոր ժողովրդի համար, բայց այդպես էլ չի հասկացել, որ ժողովուրդը լայնադեմ ժպիտով իր գիրկը չի նետվում և իրենից բարաթ է ուզում, որովհետև իրենից առաջ եկած վարչապետերը գրեթե նույն եռանդով և նույնական ծրագրերով են խաբել ու ստորացրել ժողովրդին, և ծայրահեղ աղքատության հասած հայությունը չի կարողանամ տարբերել հերթական ֆեյք նախաձեռնությունը վարչապետի` միգուցե արդեն իրական ծրագրից:

 

6.Հովիկ Աբրահամյան

Նա վարար գետի պես հոխորտաց և ցամաքող առվի պես հեռացավ: ՀՀԿ-ից հեռանալիս նա ակնկալում էր, որ հազարավոր կուսակցականներ կլքեն իշխանության մայր գետը, սակայն միայն տասնվեց նվիրյալ համարձակվեցին հրաժարվել իշխանական խիստ եկամտաբեր ջրերից: Սերժ Սարգսյանն իր գետա-առվակային այլաբանության մեջ ակնարկել էր, որ Աբրահամյանը դեռ ունի կարճ ժամանակ՝ փոշմանելու և վերադառնալու, այնպես որ նախկին վարչապետը դեռ կարող է խուսափել քաղաքական իսպառ անապատացումից:

 7.Սեյրան Օհանյան

Նա իր ամենշաբաթյա վիդեոբլոգերով արդեն նույնիսկ չի բարկացնում հայ հանրությանը, այլ պարզապես սկսում է ձանձրացնել: Իր երկարաշունչ ու ոչինչ չասող վիդեոճառերից հասարակությունը հասկացավ ու լայնորեն քննարկեց մեկ հարց. ու՞մ է Օհանյանը մեղադրում ժողովրդի հաշվին հսկայական կարողություններ դիզելու մեջ, երբ ողջ հանրությունը իր ընտանեկան լուսանկարներում տեսել է, թե ինչ ճոխագույն պայմաններում է ապրում ամբողջ կյանքը պետական ծառայող աշխատած Օհանյանի ընտանիքը:

 

8.Զարուհի Փոստանջյան

Նա ներկայիս քաղաքական դաշտի վերջին մոհիկաններից է, որ փորձում է տրամաբանություն և սկզբունքներ պահել դաշինքամոլության տենդով տառապող ընդդիմության մեջ: Նա ու էլի մի քանի սկզբունքային գործիչներ հրաժարվեցին խորհրդարանական արևի տակ տեղ զբաղեցնելու համար դավաճանել իրենց քաղաքական ժառանգությանը: Նախ ասացին, որ նա միանում է Օհանյանի դաշինքին, հետո ԵԼՔ-ին, իսկ հետո էլ, որ ընդհանրապես հեռանում է քաղաքականությունից, սակայն նա հայտարարեց, որ ոչ մի դաշինքի էլ չի միանալու և պահանջեց  «Ժառանգության» համագումար հրավիրել:

 

9.Միհրան Պողոսյան

Նրա քաղաքական վերաակտիվացումը և ռեյտինգայինով պատգամավոր առաջադրվելը նորից մարդկանց հիշեցրեց նրա օֆշորային սկանդալի ու բանանի մենաշնորհի մասին: Չնայած իրավապահ մարմինների կողմից նրա օֆշորային գործը կարճվեց, սակայն Լևոն Զուրաբյանը հատուկ դրա մասին հարց հնչեցրեց Ազգային ժողովում: Չնայած ՊԵԿ-ը հայտարարեց, որ երկրում այլևս չկա որևէ ապրանքի ներկրման արգելք, սակայն Նիկոլ Փաշինյանը ԵԼՔ-ի խորհրդաժողովում հատուկ կենտրոնացավ նրա բանանային մենաշնորհի վրա:

 

10.Դոնալդ Թրամփ

Նրա երդման արարողությունը դարձավ մի նոր համաշխարհային հեռուստաշոու, իսկ մուսուլմանական յոթ երկրներից ԱՄՆ մուտք գործելու նրա արգելքը՝ մեծագույն սենսացիան: Հայությանը, այդուհանդերձ, ամենից շատ զարմացրեց, թե ինչպես ԱՄՆ դատավորը չվախեցավ և արգելանք դրեց աշխարհի ամենահզոր նախագահի որոշման վրա: Շատ հայեր մտածեցին, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում որևէ դատավոր փորձեր կրկնել այդ խիստ վտանգավոր տրյուկը: Բարեբախտաբար, հայ դատավորները քննարկում են իրենց ամերիկյան գործընկերների արածը, բայց միշտ գործում են բելառուսական դատավորների օրինակով, ովքեր էլ հենց կայացրեցին Լապշինի արտահանձնման որոշումը:   

 

Լրահոս

Դիտել ավելին