Կարևոր իրադարձություններ

Մինչ Հովիկ Աբրահամյանը փրփրում է, Ծառուկյանի վերադարձը քրտնեցնում է Աշոտյանի ճաղատը. ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԻ TOP 10

04 Փետրվար, 2017 18:50
Մինչ Հովիկ Աբրահամյանը փրփրում է, Ծառուկյանի վերադարձը քրտնեցնում է Աշոտյանի ճաղատը. ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԻ TOP 10

Մինչ քաղաքական գործիչները խելապատառ փորձում են իրենց տաքուկ տեղը գտնել կուսակցական ցուցակներում, այս տասը մարդը իրենց ձեռքում են պահում երկրի ողջ իշխանությունը և դրա փշրանքներից շաղ են տալիս առնետային այս մրցավազքի մասնակիցների առաջ: Եվ այսպես.

 

1.Սերժ Սարգսյան

Քաղաքական շախմատի անկրկնելի վարպետը շարունակում է բոլոր ֆիգուրներին խաղացնել իր գծած սցենարով, նույնիսկ երբ վերջիններիս թվում է, թե իրենք ինքնուրույն են շարժվում: Նա թարմացրել է իր կուսակցական գետի ջրերը և պատրաստ է չորացնել բոլոր այն առուները, որոնք չեն ցանկանա հնազանդորեն հոսել ՀՀԿ-ի որոշած հունով: Այդպիսի ապագա նա խոստացավ նաև Հովիկ Աբրահամյանին, ով վարարել էր Արարատյան դաշտի արտեզյան ջրերով, իսկ հետո փրփրած հեռացել իր իշխանական գետից, որպեսզի լցվի ծառուկյանական դաշինքի ընդդիմադիր օվկիանը:

 

2.Կարեն Կարապետյան

Նա ընտրվեց Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, ինչն էլ ստիպեց Հովիկ Աբրահամյանին հայտարարել, որ իրենց կուսակցության մայր հունը մխտռվում է: Բարետես վարչապետին այս ամիս հաջողվեց ոչ միայն տեխնոլոգիական գործարանի իր խառնուրդային թիմով հեղեղել ՀՀԿ մայր հունը, այլև Մոսկվայում ստանալ բացառիկ ընդունելություն: Թերևս այս ամենով ոգեշնչված էր, որ նա հրահանգեց. «Արմա՛ն, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»:

 

3.Վիգեն Սարգսյան

Բանակի տոնը նշելով, Իրան այցելելով, ադրբեջանական հերթական ագրեսիաները  կասեցնելով և իր այլ ակտիվություններով՝ Պաշտպանության նախարարը անվերջանալիորեն հայտնվեց լրատվական լուսարձակների ներքո և դարձավ ամենաաստեղային պաշտոնյան: Հավանական է, որ հենց նա կդառնա ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարը, քանի որ վերջին տարիներին Մոսկվայում ապրած Կարեն Կարապետյանն ըստ օրենքի չի կարողանա ընդգրկվել Հանրապետականի ցուցակում:

 

4.Վլադիմիր Գասպարյան

Տեսախցիկների ուղեկցությամբ, մեծագույն հարգանքով և ջերմությամբ երկրի ղեկավարն ընդունեց Ոստիկանապետին, ինչն ընդգծեց էլ ավելի բարձր կոչում ստացած գեներալի բացառիկ կարևորությունը ներկայիս իշխանաբուրգում և առաջիկա ընտրություններում: Նա բանակի տոնին խախտեց լռությունը լրագրողների հետ, սակայն իր կոլորիտային հումորից ոչ մի փշուր չտվեց իրեն այդքան կարոտած հանրությանը, ինչպես նաև չասաց, թե ինչու է աշխատանքից ազատել Հովիկ Աբրահամյանի ազգականին:

 

5.Տարոն Մարգարյան

Նա բարեհաջող կռվում է ոչ միայն բոլոր քաղաքական մրցակիցների հետ, այլև չդադարող ցիկլոնների և անվերջ տեղացող ձյան դեմ: Նա կարողացավ ոչ միայն անցանելի պահել երևանյան փողոցները, այլև ամուր պահել իր դիրքերը վարարող ՀՀԿ-ի խառնված գետահուներում և նորից դառնալ Հանրապետական կուսակցության ամենախոշոր կառույցի ղեկավարը: Նրա հովանավորությունը վայելող Ռոբերտ Սարգսյանն էլ շուտով կհաղթի Միհրան Պողոսյանին՝ պատգամավորական ամենաբարդ թիվ մեկ ընտրատարածքում:

 

6.Գագիկ Ծառուկյան

Նրա նորաբաց, ավելի ճիշտ՝ վերաբաց քաղաքական էջն ամենահետաքրքիրն է քաղաքագիտական արդի գրականության մեջ: Նրան հաջողվեց փոշիացնել իշխանությունից նեղացածների իշխանատենչ ձգտումները և փոշեկուլի պես իր դաշինքի մեջ հավաքել ՀՀԿ-ի շահութաբեր արևի տակ իրենց տեղը կորցրածներին: Նրա վերադարձից տխրեցին շատերը, սակայն ամենից շատը տանջվեց Աշոտյանը, ով այդպես էլ դուրս չեկավ դաժան լրագրողի ծանր հարցերի տակից:

 

7.Արմեն Գևորգյան

Գործելով ստվերում՝ այս արդյունավետ կառավարիչը շատ արագ կարողացավ իր ձեռքը վերցնել նախագահականի ղեկը: Իր հմուտ թիմակից Ալեքսան Հարությունյանի հետ նա շարունակում է գրագետ քարոզչական արշավը, որը կարճ ժամանակում վերականգնեց իշխանությունների խարխլված քաղաքական հեղինակությունը և շտկեց նախկին մեդիա պատասխանատուների անթիվ ու անհամար սխալները: ՀՀԿ-ի շտաբի պետի տեղակալ աշխատած Գևորգյանը դե ֆակտո կշարունակի իր ակտիվ աշխատանքը ՀՀԿ-ի այս նախընտրական շտաբում ևս՝ թույլ չտալով, որ արդեն իսկ ապացուցված ձախողակները վնասեն սեփական կուսակցությանը:

 

8.Գեորգի Կուտոյան

Կառուպցիայի դեմ նրա պայքարը չդադարեց նաև այս տարի: ԱԱԾ-ն Ռոբին Հուդի պես հանուն աղքատ թոշակառուների պատժեց հարստացած պաշտոնյաներին, երբ բացահայտեց, որ սոցապնախարարության չինովնիկները վերջին գումարն էին շորթում հաշմանդամության թոշակ ստացողներից: Կուտոյանի հակակոռուպցիոն թրի տակով արդեն անցել են դիպլոմներ վաճառող ռեկտորները, հաշմանդամության թոշակ խլողները, համայնքապետարանների ու դատարանի կաշառակերները: Ո՞վ է հաջորդը:

 

9.Վարդան Հարությունյան

Գործարարները գոհունակությամբ շշնջում են, որ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահի գալով ի սպառ վերացել է կոռուպցիոն դրամահավաքը մաքսայինում և վատ վերաբերմունքը հարկայինում: Նրա աշխատանքը ներկայիս կառավարության եզակի և ամենաշոշափելի արդյունքն է, որը փոքր-ինչ նպաստել է երկրի տնտեսական վիճակի ու հանրային կարծիքի բարելավմանը: 

10.Արթուր Դավթյան

Լավ դատախազի մասին քիչ են խոսում, քանի որ Գլխավոր դատախազին հիշում են, երբ արդարադատության հետ կապված պրոբլեմ կա: Նրա մասին հանրությունը հիշելու կարիք չունի:  Քրեադատավարական սկանդալներ այլևս չեն պայթում, իսկ իրավապահ համակարգն էլ նրա հանդարտ ու գրագետ հսկողության տակ է: Մնում են միայն քաղբանտարկյալների հետ կապված կծու հարցերը, որոնք ցավոք մոռացվել են այսպես կոչված ընդդիմադիրների և լայն հանրության կողմից: 

 

Լրահոս

Դիտել ավելին