Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

21 Հունվար, 2017 11:55
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ­ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ:

Պետք է ամրապնդենք հայ­ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,­-ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

Առաջարկված համագործակցության հիմնական ուղղություններն են Հայոց ցեղասպանության հիշատակում, Կովկասում երկարատև խաղաղության հաստատում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) անկախության ճանաչման և աջակցման միջոցով, հայ­ ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործակցության զարգացում:

ԱՄՆ 45­-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20­ին Վաշինգտոնում:

Երդման արարողության ներկա էր գրեթե ողջ ամերիկյան քաղաքական էլիտան: Մի շարք դեմոկրատ սենատորներ և կոնգրեսականներ հրաժարվել էին մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը:

Ներկա էին նաև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և գործող նախագահ Բարաք Օբաման` կանանց հետ: Բիլ Քլինթոնին ուղեկցում էր ընտրություններում պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվել արարողությանը:

Նոյեմբերի 8­ին ԱՄՆ­ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227:

Այնուամենայնիվ, քաղաքացիների ուղիղ ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել է Քլինթոնը` շուրջ 66 միլիոն ձայն կամ 48.2 տոկոսը, իսկ Թրամփը հավաքել էր շուրջ 3 միլիոնով պակաս` շուրջ 63 միլիոն կամ 46.1 տոկոս:

Ընտրիչների քոլեջի և քաղաքացիների ձայների նմանատիպ տարբերակում վերջին անգամ արձանագրվել է 2000թ­ին, երբ թեկնածուներն էին հանրապետական Ջորջ Բուշ կրտսեր և դեմոկրատ Ալ Գորը:

 

Լրահոս

Դիտել ավելին