Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 20

20 Հունվար, 2017 19:50
Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 20

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները. 

 

«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր՝  հունվարի 20-ին, Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է, որ ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական:

Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր անդրադարձել է ընտրական տեղամասերում տեսախցիկների չտեղադրմանը: Ըստ նրա՝ ընտրությունները կարող են թափանցիկ անցկացվել նաև առանց տեսախցիկների: «Իհարկե, շատ լավ կլինի, որպեսզի տեղադրվեն այդ տեսախցիկները, դրանք լինեն տեղամասերում, բայց հարցի այն մոտեցումը, թե արդյո՞ք դա կազդի թափանցիկության առումով, թե ոչ, ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք առանց այդ էլ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին տալիս են լիարժեք հնարավորություն հետևել ընտրական բոլոր գործընթացներին և իրականացնել հանրային վերահսկողություն»,- ասել է Մուկուչյանը:

Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է տեխզննման կտորների բացակայության մասին, մասնավորապես նշելով. Մեքենաների տեխզննման կտրոնները տպագրվել են, մենք մեր գործառույթը պատշաճ իրականացրել ենք, չենք թերացել այդ հարցում: Մենք ևս մտահոգված ենք և խնդրանքով դիմել ենք քաղաքացիներին, որպեսզի գնան բանկեր և որտեղ նրանց կմերժեն, ահազանգեն մեր թեժ գիծ և մենք հետամուտ ենք լինելու՝ հասկանալու համար, թե ինչու չկան այդ կտրոնները: Shabat.am-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարարի խոսնակ՝ Լուսինե Մկրտչյանը: 

ՀՀԿ-ական գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն այդպես էլ չի հստակեցրել՝ Գրիգորյանը կլինի՞ նախընտրական ցուցակում, թե՞ ոչ: «Ես խորհուրդ կտամ սպասել մինչև օրենքով սահմանված ժամկետը և կտնեսնեք՝ կընդգրկվի՞, թե՞ ոչ»: Shabat.am-ի հարցմանն ի պատասխան ասել է օգնականը:

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»:

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»: 

Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել է հերթական մանկական մահացության դեպքը: Երեխայի ծնողը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ իր մանկահասակ երեխայի մահվան պատճառը եղել է ԲԿ-ի աշխատակիցների կողմից սխալ բուժօգնություն ցուցաբերելը: 

 

Shabat.am-ն առաջարկում է ընթերեցել նաև վերջին մի քանի օրերում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները. 

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 19

 Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 18

 Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 17

 

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին