Կարևոր իրադարձություններ

Որո՞նք են վստահված անձանց իրավունքները և պարտականությունները ԱԺ ընտրությունների ժամանակ

20 Հունվար, 2017 18:30
Որո՞նք են վստահված անձանց իրավունքները և պարտականությունները ԱԺ ընտրությունների ժամանակ

 

Վստահված անձինք ունեն մի շարք իրավունքներ, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքի 8-րդ, 34-րդ, 41-րդ, 50-րդ և մի շարք այլ հոդվածներում: Ներկայացնենք դրանցից առավել կարևորները, իսկ մյուս իրավունքներին կարող եք ծանոթանալ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածներից:

 Վստահված անձինք իրավունք ունեն.

խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի նիստերին,

քվեարկության ամբողջ ընթացքում ներկա գտնվել քվեարկության սենյակում,

ներկա գտնվել նաև ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը,

լուսանկարել, տեսանկարահանել ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը,

ծանոթանալ Կենտրոնական  ընտրական  հանձնաժողովի, տարածքային  ընտրական  հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող  ընտրական  փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալ պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,

պահանջել հանձնաժողովի անդամից ստուգել նաև ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, երբ քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը,

եթե գտնում են, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում,

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին,

չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարել քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից: Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է;

բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումը, գործողությունը (անգործությունը) եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքը,

իրավունք ունեն մինչև ընտրողների ցուցակների փաթեթավորումը պահանջել իրենց տրամադրել ընդհանուր 30 րոպե, որպեսզի նրանք ընտրանքային կարգով համադրեն տեղեկանքի տվյալները քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակի հետ,

եթե միաժամանակ ներկայացվել է նույն տեղամասի վերահաշվարկի և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին ծանոթանալու մասին դիմում, ապա դիմումատուն ցուցակներին ծանոթանում է վերահաշվարկի ժամանակ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակին կարող է ծանոթանալ միայն համապատասխան դիմում ներկայացրած վստահված անձը: Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին ծանոթանալու դիմումը, եթե այն ներկայացվել է Օրենսգրքի 68-րդ հոդվածի դրույթների խախտումով.

 

վերահաշվարկի ժամանակ իրավունք ունի ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարելու և տեսանկարահանելու իրավունքի: Կարող են նաև լուսանկարել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները;

ներկայացնել դիմում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին,

չմիջամտելով հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) աշխատանքներին` ներկա գտնվել հանձնաժողովի՝ ընտրողների նույնականացումն իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների և մասնագետի, քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին