Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է ռազմավարական նշանակության «Небо–М» հզոր զենքը. «Փաստ»

20 Հունվար, 2017 07:20
Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է ռազմավարական նշանակության «Небо–М» հզոր զենքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանը Գյումրիում գտնվող 102–րդ ռազմաբազայում տեղակայել է «Небо–М» ռադիոլոկացիոն համալիրը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության «Военное обозрение» պարբերականը: «Իսկանդերներից» հետո սա ռազմավարական նշանակության երկրորդ սպառազինությունն է, որը Ռուսաստանը տեղակայում է Հայաստանի տարածքում: «Հայաստանում «Небо–М» ՌԼՀ–ն արժանի պատասխան կդառնա Ադրբեջանի կողմից ձեռք բերված «Green Pine» իսրայելական կայանին, ինչպես նաև կկարողանա վերահսկել Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքի հսկա հատված»,– գրել է պարբերականը:
«Միանգամայն անկանխատեսելի օդային ուղղությունը, որտեղ կարող է պահանջվել «Небо–М» համալիրը, հարավարևմտյանն է: Այդ ուղղությամբ դիտվում է թուրքական և արաբական ռազմաբազաներում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարտավարական և ռազմավարական հետախուզական ավիացիայի առավել մեծ ակտիվություն: Իսկ հեռանկարում առավել հաճախ են անցկացվելու թուրքական «Յիլդիրիմ» տեսակի օպերատիվ–մարտավարական բալիստիկ հրթիռների փորձարկումներ: Դա նաև մշտապես աճող ռազմական սպառնալիքն է Վրաստանի կողմից, որը ծրագրում է Վազիանիի ռազմաբազայում տեղակայել ՆԱՏՕ–ի Միացյալ Զինուժի խոշոր զորամիավորում` կազմված զրահատանկային ստորաբաժանումներից և Patriot PAC–3 կամ SAMP–T համալիրների մի քանի մարտկոցներից»,– գրել է պարբերականը:
Ըստ ամենայնի, «Небо–М» համալիրը Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղակայվել է ՌԴ–ի հետ անցած տարի կնքված ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: Հիշեցնենք, որ այն ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ «տվյալ համաձայնագրի շրջանակներում տարածաշրջանային հակաօդային խնդիրները լուծելիս մենք կարող ենք կիրառել, օրինակ, ռուսական չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, С–300 համակարգեր, հակահրթիռային հնարավորություններ: Կարող ենք օգտագործել նաև ռադիոլոկացիոն լայն հնարավորություններ` օդային հետախուզության շրջանակներում»:
Բացի այդ կարելի է ենթադրել, որ դրանք Հայաստանի տարածքում գտնվել են առնվազն անցած տարվա հոկտեմբերից: Հենց այդ ժամանակ ԱՊՀ 7 երկրների, այդ թվում` Հայաստանի տարածքում տեղի էին ունենում ԱՊՀ երկրների ՀՕՊ Միացյալ համակարգի վարժանքներ: Այն ժամանակ ՌԴ ՊՆ կայքը գրել էր. «Թիրախների կայուն և չդադարող ուղեկցման համար, որոնց դերում հանդես են գալիս ռազմավարական ռմբակոծիչները, ինչպես նաև խոցման կրակային միջոցներին տեղեկություն հաղորդելու և կործանիչներին թիրախը մատնանշելու համար վարժանքների ժամանակ կիրառվել են նաև ռադիոտեխնիկական գումարտակներ և ռադիոլոկացիոն վաշտեր, որոնք համալրված են «Небо–М», «Каста 2–2», «Гамма С1» ռադիոլոկացիոն կայաններով և ավտոմատացման միջոցների «Фундамент» համալիրով»:
Արդյո՞ք այս համակարգը կծառայի միայն ռուսական կողմին, թե հայկական կողմը նույնպես կարող է կիրառել այն: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, ով միայն նշեց. «Ռուսական ռազմաբազայում եղած ցանկացած սպառազինություն կիրառվում է միջպետական համապատասխան պայմանագրերի հիման վրա: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Նշենք, որ «Небо–М» ՌԼՀ–ը միավորում է հրթիռային հարձակման մասին զգուշացման համակարգի և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման կայանի, ինչպես նաև զենիթահրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարի հատկանիշները: 2017 թ. դրությամբ ՌԴ ռադիոտեխնիկական զորքերը տնօրինում են ավելի քան 10 «Небо–М» համալիրի: Համալիրները գտնվում են Արևելյան և Արևմտյան ռազմական օկրուգների տիրապետության տակ: Բայց այն մասին, որ այդ համալիրները տեղակայվել են նաև Հայաստանում, նշվում է առաջին անգամ:
«Небо–М» համալիրները կարող են 200–250 կմ հեռավորությունից հատվածային ռեժիմում և մոտ 160 կմ հեռավորությունից շրջանաձև ռեժիմում հայտնաբերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերը: Այս համալիրն ունի նաև ընդգծված հակահրթիռային որակներ և կարող է հայտնաբերել, ուղեկցել և նույնիսկ բռնել միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ` երկրային մթնոլորտի սահմաններից դուրս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին