Կարևոր իրադարձություններ

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը

19 Հունվար, 2017 22:00
Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը

Այսօր լրագրողների հետ զրույցում կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար վահան Մարտիրոսյանն, անդրադառնալով Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարական աշխատանքներին նշեց, որ աշխատանքներն այժմ՝ կախված եղանակային պայմաններից, կրճատվել են և իրականացվում են միայն հողային աշխատանքներ, իսկ երբ եղանակները փոխվեն կսկսվեն նաև բետոնալցման աշխատանքները։ 

Shabat.am-ն անդրադաձ է կատարել մայրուղու շինարարության աշխատանքների ընթացքին:

2016թ. շարունակվեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության շուրջ աղմուկը, որը սկիզբ էր առել դեռևս տարիներ առաջ, երբ մեկնարկեց մայրուղու շինարարությունը:

Անցած տարում շարունակեցին արդիական մնալ մայրուղու տարբեր հատվածներում շինաշխատանքների դանդաղ ընթացքի վերաբերյալ հարցերը:

2016թ. Կապի, տրանսպորտի և տեղակատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ անցած տարվա համեմատ բյուջեից հատկացվող գումարների կրճատումներն արտահայտվելու են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի վրա. «Մենք կաշխատենք գերակատարել մեր պարտավորությունները՝ կախված բյուջետային հոսքերից։ Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ այսօր շատացնել մեր վարկային բեռը, թե՞ ոչ», նշեր էր նա: 

Անդրադառնալով մայրուղու շինարակական աշխատանքներում ատկատների մասին տեղեկություններին՝ նորանշանակ նախարարը նշեց, որ իր ղեկավարության ընթացքում ամեն ինչ կարվի՝ բացառելու համար չարաշահումները: 

Իսկ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն էլ հայտարարեց, որ «Հյուսիս-Հարավում» չարաշահումներ երբեք չեն եղել: «Եթե հարկային տեսչություններն ինչ-որ ֆիրմայում չարաշահումներ են տեսնում եւ դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլում, դա չի նշանակում, որ նախարարությունում կամ կառավարության աշխատողի կողմից չարաշահումներ են եղել: Երբ կառավարությունն այդ կազմակերպությունից յոթ միլիոն դրամի գանձում է արել բյուջե, այդտեղ ոչ մի չարաշահում չի կարող լինել»,-ասել էր Բեգլարյանը: 

Հիշեցնենք, որ 2012թ. պաշտոնապես տրվեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը: Նախատեսվում էր, որ բետոնյա ծածկույթով արագընթաց մայրուղին, որը կձգվի Հայաստանի եւ Իրանի սահմանից` Մեղրիից մինչեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Բավրա անցակետը, կունենա 556 կմ երկարություն: Ըստ 2009 թվականին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 962 մլն դոլարից 500 միլիոնը տրամադրելու էր Ասիական զարգացմանը բանկը:

Իր արևելյան և արևմտյան հարևանների կողմից տնտեսական բլոկադայի ենթարկված մեր երկրի համար այս ավտոմայրուղու կենսական նշանակության մասին բազմաթիվ հայտարարություններ և լավատեսական կանխատեսումներ հնչեցին: Այն ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը նշում էր, որ կառուցվող մայրուղին Հայաստանին տալու է «տնտեսական մեծ հնարավորություններ»` լուծելով «պետական կարեւորագույն հարց»:

Սակայն շուտով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հետ կապված ոգևորությունն արագ հանգեց՝ շինաշխատանքների ձգձգման և չարաշահումների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների ֆոնի վրա: Ի սկզբանե ավտոմայրուղու շինարարության աշխատանքներն ուղեկցվեցին սկանդալներով:  

Այսպիսով, թեև Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց երեք տարի անց` 2012-ի սեպտեմբերին: Շինաշխատանքների մեկնարկի առաջին փուլի հետաձգման պատճառով Հայաստանը ստիպված եղավ պայմանագրով նախատեսված տույժ վճարել, որը մեկ տարվա համար կազմում էր 300 հազար դոլար:

Շինարարության իրականացման նպատակով կառավարության անցկացրած մրցույթների արդյունքում հաղթեց իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը: Մամուլում տեղեկություններ տարածվեցի, որ  դրանում իր դերն է ունեցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի նա լուրջ կապեր ունի Իսպանիայում:

2013թ. Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էին լուրջ չարաշահումներ, որոնք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անվանել էր «ուղղակի խայտառակություն»: Ապա տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով աշխատանքից ազատվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի Արա Հովսեփյանը: Նույն թվականի նոյեմբերից էլ մայրուղու շինարարությունը տևական ժամանակով դադարեցվեց `անհայտ պատճառներով և վերսկսվեց գարնանը:

Հիշեցնենք, որ սկզբնապես նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտին հասցնել 2016թ.-ին: Իսկ 2014թ. հայտարարվեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը կավարտվի 2019թ.:

 

Անուշ Հարությունյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին