Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ընդունեց ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման մասին նախագիծը

19 Հունվար, 2017 11:39
Կառավարությունն ընդունեց ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման մասին նախագիծը

Այսօր` հունվարի 18-ին, կառավարությունն ընդունեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը»:

Նախագծի առաջքաշումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման ու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող լավագույն միջազգային փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

«Քրեակատարողական համակարգում առողջապահական ծառայությունների որակը միջազգային չափանիշների, օտարերկրյա քրեակատարողական համակարգերի առողջապահական ծառայությունների և ՀՀ հանրային առողջապահական ծառայությունների համեմատությամբ զգալիորեն ցածր է։ Դրա պատճառներից են շենքային, նյութատեխնիկական և կադրային հագեցվածության անբավարար մակարդակը, առողջապահական ծառայությունների իրականացմանը ներկայացվող պահանջների բացակայությունը, բժշկական անձնակազմի կարգավիճակին, որակավորմանը և սոցիալական երաշխիքներին առնչվող խնդիրները, առողջապահական սպասարկման ծառայությունների վերահսկողության անկատարությունը, բժշկական փաստաթղթերին ու վիճակագրությանը, փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների թերությունները և դրանց վարման անբավարար մակարդակը, բժշկական գաղտնիքի անտեսումը, պացիենտի իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, խոցելի խմբերին առնչվող առանձնահատուկ կարգավորումների բացակայությունը, քրեակատարողական առողջապահության անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգը, համապատասխան իրավական կարգավորումների թերությունները, հաճախ՝ դրանց բացակայությունը»,-նշված է նախագծում:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ինչպես ոլորտի ինստիտուցիոնալ համակարգի և համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկների բժշկական միավորների կադրային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանը, արդյունքում նաև՝ ազատությունից զրկված անձանց առողջապահական իրավունքների իրացման ապահովմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին