Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ նախագահի հայցն ու ինքնասպան եղած գործարարը. «Ժողովուրդ»

19 Հունվար, 2017 09:09
ՀՖՖ նախագահի հայցն ու ինքնասպան եղած գործարարը. «Ժողովուրդ»
Շուտով կլրանա «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության գործով երկրորդ տարին, սակայն ազգային անվտանգության ծառայությունում նրա ինքնասպանության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ու մինչ իրավապահները ուսումնասիրում են գործարարի ինքնասպանության պատճառը, նրա ՍՊԸ-ի դեմ հայցերը չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան:
 
 
Հիշեցնենք, որ 2015 թվականին, փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Նոր Հաճնի իր առանձնատանը 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն էր, ինքնասպան եղավ: Սակայն գործարարը ինքնասպան լինելուց առաջ մի նամակ էր թողել, որտեղ գրել էր, թե ով հասցրեց իրեն այս քայլին: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԱԾ-ն հարցաքննել է ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկին, որի անունը, ամենայն հավանականությամբ, իր նամակում մատնանշել էր գործարարը: Իսկ թե կոնկրետ որ նախարարի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ, սակայն փաստ է մեկ բան, որ ազգային անվտանգության ծառայությունում այս գործով նախաքննությունը դեռես շարունակվում է, իսկ թե ինչ բացահայտումներ է եղել, դեռ ԱԱԾ-ն չի գաղտնազերծում:
 
Ինչպես հայտնի է՝ Համլետ Ամիրխանյանը Երեւանում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Իսկ գնորդները բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ էին:
 
Եւ ահա գործարարի ինքնասպանությունից հետո մի շարք քաղաքացիներ հայտնվեցին խնդրի առաջ եւ այս օրերին ընկած դատարանի դռները՝ փորձում են փրկել իրենց բնակարանները: Բանն այն է, որ գործարարը բնակելի տարածք էր վաճառել մի խումբ քաղաքացիների, իսկ ավելի ուշ նրանց սեփականության վկայականները գրավ էր դրել բանկերում՝ խոստանալով շենքը վերջնական տեսքի հասցնելուց հետո հանձնել իրենց, սակայն չարաբաստիկ դեպքից հետո մարդիկ կանգնել են խնդրի առաջ: Գումար են տվել, սակայն բնակարանի փաստաթուղթ չունեն:
 
Ու հիմա նաեւ պաշտոնյաների համբերության բաժակն է լցվել: Պարզեցինք, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, քանի որ, ինչպես մեզ հայտնի դարձավ, նա ոչ միայն բնակարան, այլ նաեւ տարածք է ձեռք բերել գործարարից: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի գործով քննությունը թեւակոխել է դատաքննության փուլ, իսկ թե ինչ ավարտ կունենա այս դատական պրոցեսը, դժվար է ասել:
 
Նշենք, որ «Լեւոն Ամիրխայան» ՍՊԸ-ի գործով տուժածները պահանջել են գործարարի գույքը վաճառել եւ իրենց պարտքերը մարել, սակայն ինչպես նկատում ենք՝ դեռեւս սայլը տեղից չի շարժվում: Իսկ ահա դատարան դիմած քաղաքացիների թիվը հասնում է մոտ 170-ի: Նրանք պահանջում են կա՛մ իրենց գումարը, կա՛մ գնված բնակարանների փաստաթղթերը:
 
Հ. Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործարար Բարսեղ Բեգլարյանին է վաճառել իրեն պատկանող «Զարգացման Հայկական բանկը» խոշորացման անվան տակ: Ավելին՝ աճուրդի է հանել նաեւ «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն եւ այլ բիզնեսներ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին