Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 18

18 Հունվար, 2017 18:46
Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 18

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները. 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ հունվարի 18-ի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է Նախագահի խորհրդական:

ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը արձագանքել է մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երևանում և բնակավայրը փոխելու որևէ մտադրություն չունի: ԱՄՆ վերջին անգամ այցելել է 2014 թվականին, մի քանի օրով: Մեկ տողով ասեմ նաև այսպես կոչված «գաղտնի» հանդիպումների մասին, ավելի ճիշտ՝ կրկնեմ. երկրորդ նախագահը ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի»:  

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը չի ցանկացել հիշել տարիներ առաջ արտահայտած իր մտքերից մեկը, որն ուղղել էր Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ փետրվարյան հայտնի իրադարձության օրը, որտեղ պատգամավորին անվանել էր Դոդի Գագո: Նա միայն անդրադարձել է Ծառուկյանի՝ քաղաքականության վերադարձին. «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները. մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական պրոցեսներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ»։ 

Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը Shabat.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու տարի է ինչ համագործակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ էության բացառելով, որ ինքը կվերադառնա Բարհավաճ Հայաստան կուսակցություն: 

Հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի սահմանները պահպանելիս հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Անդրանիկ Մուսիկյանը:

Զոհված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, նա ընտանիքի փոքր զավակն էր:

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում. բժիշկը սեռական ոտնձգության է ենթարկել հիվանդանոց տեղափոխված աղջկան: Վերջինս բողոքել  է անասթեզիոլոգի դեմ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին