Կարևոր իրադարձություններ

Ես մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք. Գ.Ծառուկյան (տեսանյութ)

17 Հունվար, 2017 13:43
Ես մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք. Գ.Ծառուկյան  (տեսանյութ)

Ես մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք. Գ.Ծառուկյան

 

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տարածել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունը, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ.
Դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որեւէ պաշտոն՝ հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման և արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար և շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ:

Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից և անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի և Արցախի կայունությունն ու անվտանգությունը:

Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին:

Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն:

Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում <<Բարգավաճ Հայաստանի>>-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն:

Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ ես չեմ դադարել զբաղվել բարեգործությամբ՝ ցույց տալով, որ դրա տակ երբեք չի եղել քաղաքական նպատակ և ենթատեքստ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Բայց, որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով:

Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար:

Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու:

Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

 

Լրահոս

Դիտել ավելին