Կարևոր իրադարձություններ

«Ես բոլոր հանրապետականներին ինձ մրցակից եմ համարում և բոլորի հետ բանավեճի եմ պատրաստվում»

17 Հունվար, 2017 12:48
«Ես բոլոր հանրապետականներին ինձ մրցակից եմ համարում և բոլորի հետ բանավեճի եմ պատրաստվում»

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: 

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում ընդգրկվել են նաև Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Նարեկ Բաբայանը և Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին հանդես կգան «Ելք» դաշինքով:

Shabat.am-ը հետաքրքրվեց ցուցակում ընդգրկված թեկնածու Ալեն Սիմոնյանից, թե ինչու կուսակցությունը, չսպասելով դաշինքի մյուս անդամ-կուսակցութունների կողմից ցուցակների հրապարակմանը, իր ցուցակը ներկայացրեց ավելի վաղ: «Իսկ ինչու՞ պետք է միասին ներկայացնեինք: Ընտրություն ենք արել, ցուցակը ներկայացնելու ենք դաշինքին: Իրենք իրենց կուսակցության ցուցակն ունեն, մենք՝ մերը: Ինչ տարբերություն «Լուսավոր Հայաստանի» համար, թե մենք ինչ ցուցակ ենք ներկայացնում կամ հակառակը»,- ասաց Սիմոնյանը:

Խոսելով կուսակցության կողմից ցուցակում կին թեկնածուների ընդգրկման մասին՝ Սիմոնյանը նշեց. «Ընդհանրուր առմամբ 31 թեկնածու է առաջադրվելու, կան ևս 4-ը, որոնք ռեյտինգայինով են մասնակցելու: Ընդհանուր առմամաբ ցուցակը 35 հոգուց է բաղկացած: Կանայք կան այդ ցուցակում, պարզպես այն, ինչը ներկայացվել է, մեր ներքին ընտրությունների արդյունքներն են»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխող կուսակցության ներկայացուցիչներին իրեն մրցակից համարում է՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ես բոլորին եմ ինձ մրցակից համարում, բայց ընտրակարգն այնպիսին է, որ նույն ընտրատարածքից կարող է անցնել 4-5, 10 թեկնածու՝ տարբեր կամ նույն կուսակցությունից, ուստի մրցակից ասելը, կոնկրետ տարածքով սահմանափակելը սխալ է: Ես բոլոր հանրապետականներին ինձ մրցակից եմ համարում և բոլորի հետ բանավեճի եմ պատրաստվում»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջանները: Այս ընտրատարածքում շրջանառվում են իշխանությունների երկու հավանական թեկնածուների անուններ՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանի և պատգամաավոր Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանի անունները: Սիմոնյանը նկատում է, քանի որ առաջադրվելու է ռեյտինգային ցուցակով, այստեղ միմյանց դեմ մրցակցության, միմյանցից ավելի ձայն ստանալու խնդիր չկա.  «Պարտադիր չէ ինչ-որ մեկից շատ ձայն հավաքել: Այստեղ ուղիղ մրցակացություն չկա, սա կուսակցությունների և ընտրատարածքներում ներկայացված անձանց մրցակցություն է և իմ շանսերը միայն ինձնով չի կարելի գնահատել, քանի որ այնտեղ առաջադրված են լինելու նաև մեր կուսակցությունից առնվազն հինգ ներկայացուցիչ»:

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների արդար անցկացման ակնկալիքների վերաբերյալ մեր հարցին՝ Սիմոնյաը նշեց. «Ես երբևէ արդար ընտրությունենր անցկացնելու վրա հույս չեմ դրել, փոխարենն ամեն ինչ կանեմ, որ այդ ընտրություններն արդար լինին, իսկ թե ինչքանով կստացվի, ժամանակը ցույց կտա»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին