Կարևոր իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանը՝ իր հետագա քայլերի և Հայաստանի փրկության մասին. «Փաստ»

17 Հունվար, 2017 07:50
Խաչատուր Սուքիասյանը՝ իր հետագա քայլերի և Հայաստանի փրկության մասին. «Փաստ»

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից հայտնի գործարար «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի կպատասխանի հունվարի վերջերին: Ու մինչ օրս նա պահպանելով «դադարի ռեժիմը» տնտեսական ու քաղաքական գործիչը շարունակում է հրաժարվել քաղաքական հարցերին պատասխանելուց: Նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը օրերս կրկին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ Խ.Սուքիասյանը տարբեր քաղաքական ուժերից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն այս պահին դեռևս քաղաքական կոնսուլտացիաները չեն ավարտվել:

«Իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այդ մասին որոշում կայացնելուց հետո պարոն Սուքիասյանն ինքն անձամբ կհայտարարի»,– ասել էր Ա. Մկրտչյանը:
«Փաստի» հետ զրույցում նախկին պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ թեմայով խոսելու հատուկ օր է նշանակվելու, որն ամենայն հավանականությամբ հունվարի 20–ից հետո կլինի և այդ ժամանակ էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա իր կարծիքը, ցանկություններն ու մոտեցումները կներկայացնի հանրությանը: 
Չհրաժարվելով պատասխանել «Փաստի» մյուս հարցերին Խ. Սուքիասյանը նշեց, որ ցանկացած գործարար պետք է գիտակցի, որ Հայաստանի արդյունաբերության և տնտեսության զարգացումը կախված է նաև իր այս կամ այն գործունեությունից: Ու եթե գործարարներն այդ գիտակցումով կատարեն իրենց քայլերը, ապա Հայաստանը շատ արագ կկարողանա ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ: Նման կերպ մտածող քանի՞ հայաստանցի գործարար գիտի Խ. Սուքիասյանը հարցին ի պատասխան նշեց, որ այդպես մտածող ցանկացած մարդ պետք է կարողանա իր մոտեցումները քարոզել, որպեսզի նրանց շարքերը գնալով մեծանան: 
«Բոլորը պետք է ամեն պահ ամեն վայրկյան մտածեն Հայաստանը զարգացնելու մասին և անընդհատ փնտրեն ու գտնեն այն ապրանքատեսակները, որոնք կարելի է ոչ թե ներկրել, այլ տեղում արտադրել: Սա է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միակ փրկությունը»,– ասում է Խ. Սուքիասյանը:
Գործարարը նաև խորհուրդ է տալիս հաշվի չառնել Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն միտված այլ երկրների շահերը: Դրա փոխարեն առաջ շարժվել սեփական շահերով և ամեն կերպ գտնել թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության շահն ու այդպես զարգանալ: 
«Մենք պետք է կարողանանք այն պետությունների հնարավորություններն օգտագործելով հարստանալ որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը զարգանա: Դրա համար պետք է մտածել, ստեղծել, մրցունակ և հետևողական լինել և ավելի սրտացավ աշխատել, քան ներկայում աշխատում ենք»,– ասում է Խ. Սուքիասյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է զարգանալ մի երկրի տնտեսություն, երբ մի կողմից շուկան է փոքր, մյուս կողմից էլ ձևավորված մենաշնորհները թույլ չեն տալիս, որ տեղական արտադրությունը զարգանա, քաղաքական գործիչն ասաց, որ թեև նշված խնդիրները կան, սակայն այն նույնպես չպեստք է հետաքրքրի երկրի ապագայով մտահոգ մարդկանց:
«Այդ խնդիրն արդեն կա և այն բարդ է լուծել: Նոր մրցակիցները զրոյից սկսելով դժվարություններ կուենան տեղական շուկայում և մենաշնորհային դիրք զբաղեցնողի հետ մրցակցելով հազվագյուտ դեպքերում կկարողանան հաջողության հասնել: Նման հարցերը կլուծվեն երկու դեպքում միայն՝ եթե մի կողմից ներկրվող ապրանքների հետ մրցակցելու նպատակով կարողանանք տեղում դրան համարժեք և բարձրորակ ապրանք արտադրել, իսկ երկրորդ դեպքում այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեն և այն շատ արագ կարող են իրացվել»,– ասում է Խ. Սուքիասյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին