Կարևոր իրադարձություններ

«Կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դասեր է քաղել». ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել Քաղաքացիական պայմանագիրը

16 Հունվար, 2017 15:30
«Կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դասեր է քաղել». ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել Քաղաքացիական պայմանագիրը

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում ընդգրկվել են նաև Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Նարեկ Բաբայանը և Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայամանգիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են ընտրություններին մասնակցել դաշինքով: Քաղաքական ուժերը նախորդ տարվա վերջին կազմեցին «Ելք» դաշինքը:

Կուսակցության ծրագրերի, գալիք ընտրությունների տեսլականի և հանրութան կողմից ընդդիմադիր գործիչների ընկալման հարցերի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է ՔՊ վարչության անդամ, համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածու Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, առաջիկա ընտրություններում կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հետ կապված մտավախություններ ունե՞ք:

-Մեր խորին համոզմամբ և դիտարկմամբ՝ ընտրությունները քաղաքական պայքարի միակ օրինական, լեգիտիմ մեխանիզմն է, որով հնարավոր կլինի բեկում մտցնել երկրում: Որքան էլ ընտրությունները վատ և անփառունակ ավարտ են ունեցել վերջին տարիներին, մենք չենք կարող այդ ինստիտուտին կարևորություն չտալ: Ամեն ինչ պետք է անենք խախտումներ, ընտրակեղծիքներ թույլ չտալու, կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը բացառելու համար, բայց եթե մինչ այս ընդդիմությունը զուտ հայտարարություններից և տեքստերից առաջ չի անցել, ապա մենք ունենք գործուն մեխանիզմներ, որոնք հաջողությամբ գործադրեցինք նախորդ ՏԻՄ ընտրություններին՝ որպես պիլոտային ծրագրեր: Մեր խնդիրը ոչ միայն վերահսկելն է, որ խախտումներ չլինեն, այլև հանրության շրջանում աշխատանք տանելը, որպեսզի իրենց քվեն տան մեզ: Մասնավորապես Գյումրիում և Վանաձորում տեսանք, որ այո մենք հաջողությամբ վերահսկեցինք ընտրությունները, բայց արդյունքում պարզ դարձավ, որ մեզ ձայն չեն տվել, որովհետև ունենք ճանաչելիության խնդիր կամ միգուցե մեր ծրագիրն ընկալելի չէր:

-ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն վատ արդյունքներ արձանագրեց: Չե՞ք կարծում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ևս ձախողեք:

-Կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դասեր է քաղել և դրա քաղաքական ամենալուրջ պատասխանատվությունը, որն իր բնույթով աննախադեպ էր, դա ՔՊ-ի հիմնադիր վարչության միաձայն հրաժարականն էր: Դրանով է պայամանվորված նաև մեր՝ ընտրություններին դաշինքով մասնակցությունը. մինչ այդ ՔՊ-ն բացառում էր դաշինքներով ընտրությունների գնալը: Մենք անկյունաքարային ենք համարում այն, որ դաշինքները պետք է մեկ քաղաքական միավոր՝ մեկ կուսակցություն կազմելու լուրջ նպատակ հետապնդեն:

-Հանրության մոտ հիասթափության մեծ զգացում կա ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ինչի մասին են վկայում նաև ՏԻՄ ընտրություններում անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակը: Հնարավո՞ր եք համարում նման գնահատական նաև Ձեր ուժի նկատմամբ:

-Այդ հիասթափությունն օդից չի հայտնվել: Ընդդիմադիրներն իրենց սխալ հաշվարկներով ու քայլերով, ոչ ճիշտ քաղաքական գործընթացներով ամեն անգամ հիասթափությունների են տարել: Մենք, սակայն, մեզ մրցակից ենք համարում ինչպես իշխանական, այնպես էլ մեզ հետ դաշինքում չգտնվող ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր կամ ըստ էության ընդդիմադիր են կամ էլ պարզապես հռչակել են իրենց որպես այդպիսին, որոնց գործողությունները, սակայն, չեն բխում ընդդիմադիր լինելու ոգուց: Եթե ընդդիմադիրի պիտակը խփած է տվյալ կուսակցության վրա, դա չի նշանակում, որ նա սուրբ է, ամեն ինչ ավելի լավ է անելու, քան Հանրապետականը կամ նրա արբանյակ կուսակցությունները: «Ելք» դաշինքն իրեն համարում է այլընտրանք թե՛ գործող իշխանություններին և թե՛ այլ ընդդիմադիր կուսակցություններին:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին