Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է ճիշտը Վանաձորի ավագանու «լուծարման» պահանջի հարցում. Էդմոն Մարուքյանի ու Մամիկոն Ասլանյանի չդադարող վեճը՝ օրենքի տառով ու առանց քաղաքական խաղերի

16 Հունվար, 2017 11:45
Ո՞վ է ճիշտը Վանաձորի ավագանու «լուծարման» պահանջի հարցում. Էդմոն Մարուքյանի ու Մամիկոն Ասլանյանի չդադարող վեճը՝ օրենքի տառով ու առանց քաղաքական խաղերի

 Վերջին օրերին դարձյալ ակտիվացել է Վանձորի ավագանու այս կազմի լինել-չլինելու հարցը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահորեն մի բան է պնդում, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ մեկ այլ բան: Քաղաքական ինտրիգի ու բանավեճի մեջ կողմերը կարողացան ներքաշել ոչ միայն հանրությանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին, այլև ՀՀ Կառավարությանը և Վարչապետին: Շուտով Վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է իր որոշումը հայտնի այս իրավաքաղաքական թնջուկի վերաբերյալ, իսկ մինչ այդ Shabat.am-ը զրուցել է հեղինակավոր «АМ» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Անի Աթոյանի հետ:

 -Տիկին Աթոյան, Վանաձորի ավագանու ոչ իշխանական երեք խմբակցությունները դիմել են կառավարությանը, որպեսզի լուծարվի Վանաձորի ավագանին, քանի որ արդեն երեք ամիս է, այն չի կարողանում նիստեր գումարել: Իր հերթին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ խոսքը ոչ թե երեք ամսվա, այլ վեց ամսվա մասին է: Ի վերջո, օրենքով ո՞վ է ճիշտը:

Նախ պետք է նշեմ, որ ճիշտ չէ օգտագործել «ավագանին լուծարել» արտահայտությունը, քանի որ օրենքը ընդհանրապես  չի օգտագործում այդ եզրույթը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում, իսկ նույն օրենքի 21.1 հոդվածի համաձայն՝ Կառավարությունը կարող է կրճատել Վանաձորի ավագանու լիազորությունների ժամկետը,  եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում:

 Հաշվի առնելով որ, Վանաձորի ավագանու վերջին ընտրությունները կայացել են 2016թ. հոկտեմբերի 2-ին (այսինքն դեռ անցել է միայն 3 ամիս)՝ ներկա պահին ԶԼՄ-ներում խոսքը վերաբերում է ավագանու լիազորությունների ժամկետի կրճատմանը, այլ ոչ թե վաղաժամկետ դադարեցմանը: Այսինքն՝ մեծ քննարկման առարկա դարձած 3 ամիսը վերաբերում է ավագանու լիազորությունների ժամկետի կրճատմանը, իսկ 6 ամիսը՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Երկու դեպքում էլ որպես հաջորդ քայլ նշանակվում են ավագանու արտահերթ ընտրություններ:

 Ավագանու լիազորություների վաղաժամկետ դադարեցման և լիազորությունների ժամկետի կրճատման միջև էական տարբերությունը, բացի այս ժամկետներից, նաև այն է, որ նույնիսկ եթե լիազորությունների ժամկետի կրճատման նախապայմանները առկա են, միևնույն է Կառավարությունը օրենքով պարտավորված չէ կրճատել ավագանու լիազորությունները. դա թողնված է Կառավարության հայեցողությանը՝ հաշվի առնելով քննարկվող դրույթում կիրառված “կարող է” բառը: Այնինչ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրենքի հստակ պահանջ է:

 Այստեղ հետաքրքիր է նաև մեկ այլ նրբություն: Նույնիսկ եթե Կառավարությունը որոշի իսկապես կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, Կառավարության կողմից այդ որոշումն ընդունելու համար մեր օրենսդրությամբ հստակ ժամկետներ նախատեսված չեն: Այսինքն ստացվում է, որ Կառավարությունը երկու տարբերակ ունի. առաջինը՝ բավարարել կամ չբավարարել ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման մասին իրեն ուղղված դիմումը՝ ընդունելով համապատասխան որոշում, կամ երկրորդ՝ հետաձգել այդ դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ որոշման ընդունումը՝ անորոշ ժամկետով:

 -Իսկ Ձեր կարծիքով արդյո՞ք 2016թ հոկտեմբերի 2-ի ընտրությունից հետո հերթական նստաշրջանի ընթացքում Վանաձորի ավագանին երեք ամսից ավելի նիստ չի գումարել:  

Սա թերևս ամենահետաքրքրին հարցն է: ՏԻՄ օրենքը ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում, որ ավագանու հերթական նստաշրջանի համար «նիստ» բառը օրենքի տարբեր հոդվածներում մեկ օգտագործված է հոգնակիով, մեկ՝ եզակիով: Նման դեպքերում շփոթմունքից խուսափելու համար պետք է կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը:

ՏԻՄ օրենքի 21.1 հոդվածի համաձայն՝ Կառավարությունը կարող է կրճատել Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը (նկատենք, որ գրված է հոգնակի) երեք ամսից ավելի չեն գումարվում: 14.1 հոդվածի համաձայն՝ Վանաձորի ավագանու հերթական նստաշրջանները տևում են 3 ամիս, իսկ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Հաշվի առնելով օրենքի պարտադիր այն պահանջը, որ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է առնվազն մեկ նիստ՝ ակնհայտ է, որ ՏԻՄ օրենքի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ Վանաձորի ավագանին բացի առաջին նիստից (որը տեղի է ունեցել 2016թ հոկտեմբերի 10-ին), պետք է նվազագույնը հրավիրեր ևս երկու նիստեր՝ երկրորդ նիստը նոյեմբերի մեջ, երրորդը՝ դեկտեմբերի:

Իսկ ավագանու նիստերին մասնակցելուց դիտավորյալ հրաժարվելը (բոյկոտելը) անօրինական չէ՞:

Թեև ՏԻՄ օրենքը պարտականություն է դրել համայնքի ավագանու անդամի վրա մասնակցել ավագանու նիստերին, և մեկ հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից անհարգելի պատճառով բացակայելու դեպքում կոնկրետ Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ (սակայն սա, բնականաբար, հնարավոր է միայն եթե նիստը իրավազոր լինի), այնուամենայնիվ օրենքում այս հանգամանքը չի նախատեսվում որպես Վանաձորի ավագանու նիստերի իրավազորության առկայություն՝ փաստացի քվորումի բացակայության դեպքում:

 Այլ է դեպքը, երբ համայնքի ավագանու անդամը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից: Այս դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ, իսկ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն: Սակայն այս կարգավորումը դեռ չի տարածվում Վանաձորի ավագանու անդամների վրա, քանզի այս դրույթով նախատեսված մեկ տարվա ժամկետը դեռ չի լրացել: 

 

Լրահոս

Դիտել ավելին