Կարևոր իրադարձություններ

«Բանտարկյալները գիտեն, որ եթե այլ կերպ վարվեն, կարող են խնդիրներ ունենալ». փորձագետը՝ ազատազրկվածների քվեարկության մասին

14 Հունվար, 2017 17:10
«Բանտարկյալները գիտեն, որ եթե այլ կերպ վարվեն, կարող են խնդիրներ ունենալ». փորձագետը՝ ազատազրկվածների քվեարկության մասին

Գալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ Հայստնաում կմասնակցեն նաև ազատազրկված քաղաքացիները, եթե նրանք չեն դատապարտվել ծանր և առավելապես ծանր հանցագործությունների համար:

«Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը Shabat.am-ի հետ զրույցում նկատեց. «Եթե չեմ սխալվում խոսքը գնում է մոտ 1000-1500 մարդու մասին, ովքեր նախկինում չունեին ընտրություններին մասնակցելու իրավունք: Այս մարդկանց իրավունքների տեսակետից իհարկե նման փոփոխությունը կարևոր է, չէ՞ որ նրանք էլ են քաղաքացիներ և իրավունք ունեն որոշելու պետության ճակատագիրը»:

Ըստ Իոաննիսյանի՝ ընտրություններում ազատազրկվածներին մասնակցության իրավունք տալով Հայաստանում ժողովրդավարական ցուցանիշը չի բարձրանում. «Դրանից ժողովրդավարության ցուցանիշը կամ ընտրությունների արդյունքներն էականորեն չեն փոխվի: Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ՝ այն կոռուպցիան, որն ավանդաբար կա Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, կարող է տարածվել նաև ընտրությունների վրա: ՔԿՀ-ներում գտնվող մարդիկ, որպես կանոն, շատ վերահսկելի են: ՔԿՀ-ի ղեկավարությունը նրանց պարզապես կարող է ասել՝ «Այսինչի օգտին քվեարկեք, որ ձեզ լավ նայեն»: Իրենք՝ բանտարկյալներն էլ գիտեն, որ եթե վարվեն այլ կերպ, ապա կարող են խնդիրներ ունենալ, իսկ ոչ մի բանտարկյալ չի ցանկանում ՔԿՀ-ի ղեկավարության հետ խնդիրներ ունենալ»:

Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից հաճախ մատնանշվող հանգամանքին, թե բանակում իրականացվում են ուղղորդված քվեարկություններ, Իոաննիսյանը նկատում է, որ ուղղորդման ռիսկերը պակաս չեն նաև ՔԿՀ-ներում. «Ինչ վերաբերում է Զինված ուժերին, նշեմ, որ ուղղորդում քվեարկության ժամանակ իհարկե կա, բայց ոչ բոլոր զորամասերում, քանի որ իրականում կան ազնիվ հրամանատարներ, որոնք չեն ուղղորդում զինվորներին: Սակայն համատարած կերպով այդ ուղղորդումը շարունակում է մնալ: Այն ընտրատեղամասերում, որոնք չեն վերահսկվում, զինվորականները հաճախ քվեարկում են հրամանատարի վերահսկողության տակ, այսինքն՝ գաղտնի քվեարկություն էլ չկա»:

«Դատելով վերջին մի քանի համապետական ընտրություններում քվեարկությունից (նախագահական ընտրություններ, հանրաքվե)` զորամասերի ցուցակով քվեարկող անձանց թիվը մոտ 15.000- 20.000, 22.000 է: Ժամկետային պարտադիր զինծառայողները քվեարկում են զորամասերի ցուցակով և այստեղ ուղղորդման տարր կա, իսկ պայմանագրային զինծառայողների մի մասը և սպաները քվեարկում են սովորական քաղաքացիների պես,- նշում է Իոաննիսյանը՝ հավելելով,- ՔԿՀ-ներում էլ անշուշտ առկա է ուղղորդված քվեարկության վտանգը: Ընդհանրապես, Հայաստանի ՔԿՀ-ներում օրինականության շատ լուրջ դեֆիցիտ կա: Հաճախ ՔԿՀ-ի ղեկավարությունը կրիմինալ հեղինակությունների հետ միասին են իրականացնում հիմնարկի վերահսկողությունը և կառավարումը, ինչն անթույլատրելի է: Այդ պայմաններում խոսել այն մասին, թե ազատազրկված անձիք կկարողանան նորմալ մասնակցել քվեարկությանը, կարծում եմ՝ ավելորդ է»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին