Կարևոր իրադարձություններ

Թուրքիան է այսօր վերահսկում Նախիջևանի օդային տարածքը

14 Հունվար, 2017 12:20
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
Թուրքիան է այսօր վերահսկում Նախիջևանի օդային տարածքը

Վերջին շրջանում Հարավային Կովկասում ռազմաքաղաքական նշանակության կարևորագույն գործընթացներ են տեղի ունենում մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ. Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներում Նախիջևանի վեկտորի ակտուալացումը պայմանավորված է նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողություններով, այդ գործողությունների արդյունքում հակամարտող կողմերի միջև ձևավորված նոր ռազմական հավասարակշռության համակարգով ու տարբեր ուղղություններով դիրքային նոր պայքարով.
Եվ այսպես, վերջերս ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծման շուրջ համաձայնագիրը, որը մի կողմից մեծացրեց Ռուսաստանի անուղղակի ռազմաքաղաքական ազդեցությունը Նախիջևանի ուղղությամբ. Նախիջևանը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման Ադրբեջանի հետ, գտնվում էր Թուրքիայի քաղաքական-տնտեսական զգալի ազդեցության ներքո. Հենց Թուրքիան է այսօր վերահսկում Նախիջևանի օդային տարածքը. Ավելին, ապրիլյան ռազմական գործողությունների նախաշեմին Նախիջևանում ընթանող ռազմատեխնիկայի աննախադեպ կուտակումներին ներգրավվել էր նաև թուրքական կողմը. 
Այսպիսով, միացյալ զորամիավորման ձևավորմամբ Ռուսաստանը կարողացավ անուղղակի վերահսկողություն հաստատել նախիջևանյան և հարակից տարածքների ուղղությամբ.
Մյուս կողմից, միացյալ զորամիավորման ստեղծումով Հայաստանն իր հերթին ոչ միայն վերականգնեց Ադրբեջանի նկատմամբ ռազմական հավասարակշռությունը, որը որոշակիորեն խախտվել էր ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով, այլև ռազմավարական ու ռազմաքաղաքական նշանակության ազդեցության լծակ ձեռքբերեց Նախիջևանի հարցում.
Այս ամենին հետևեց ադրբեջանական կողմի սպասելի հակաքայլը. Օրերս Նախիջևանում տեղի ունեցավ նոր զինվորական գնդի բացման արարողությունը, որտեղ ներկայացվեց թուրքական Roketsan ընկերության կողմից արտադրված T-300 Kasirga տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (ՀԿՌՀ). 
Այսպիսով, եթե մինչ վերջերս հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը տեղայնացված էր ղարաբաղյան ուղղությամբ, ապա ներկայում ակտուալացվում է նախիջևանյան թևը. 
Խոշոր հաշվով ներկայում հարավկովկասյան ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում հատկապես Նախիջևանի ուղղությամբ ընթանում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև դիրքերի վերադասավորման նոր գործընթաց.

 

Լրահոս

Դիտել ավելին