Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ վիճակ է տիրում Սիրիայի Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում և ինչ պետք է սպասել

13 Հունվար, 2017 12:35
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
Ի՞նչ վիճակ է տիրում Սիրիայի Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում և ինչ պետք է սպասել

Հայացք նետելով Սիրիայի Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում այս պահին տիրող իրավիճակին՝ փորձենք հասկանալ ու որոշ կանխատեսումներ անել:

Լաթակիա՝
Եթե հաշվի չառնենք ահաբեկչական բնույթի որոշ գործողությունները, Սիրիայի Լաթակիա նահանգը առանձնանում է իր որոշակի կայունությամբ: Նահանգի զգալի մասում կառավարական ուժերն են: Այնուամենայնիվ, Լաթակիայի հյուսիս-արևելքում՝ Իդլիբին հարող հատվածում, դեռևս կան ընդդիմադիր խմբավորումներ, որոնք բավական ակտիվ են: Այդ ուժերի մեջ ազդեցիկ են թյուրքական ծագումով խմբավորումները: Ընդդիմադիրները մոտ են հայաբնակ Քեսաբին, և ամեն վայրկյան նրանցից կարելի է սպասել անակնկալներ: Սա այն հատվածն է, որտեղ խոցվեց ռուսական ինքնաթիռն ու սպանվեց ռուս օդաչուն: Այստեղ բնակվող թուրքոմաններն ու ընդդիմադիր ուժերը հիմնականում գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ:


Իդլիբ՝
Նահանգն ամբողջությամբ գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ: Քարտեզին լավ նայելով հասկանում ենք, որ ընդդիմադիրների շրջանում ամենաազդեցիկը «ալ-Կաիդա»-ն է, այսինքն՝ իսլամական ծայրահեղ արմատական «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորումը (կամ՝ «Ջաբհաթ ալ-Նուրսա»-ն): Վերջինս կարողանում է իր վերահսկողության տակ պահել նահանգը և ճնշել ընդդիմադիր այլ ուժերի կողմից հրահրվող ցանկացած բնույթի ընդվզումներ: Նման դեպքեր բազմիցս են նկատվել Իդլիբում:
Եթե սիրիական կառավարական ուժերը Հալեպի ազատագրումից հետո չեն գնում Իդլիբի ուղղությամբ (իսկ դա կարծես այդպես է), ապա պարզ է դառնում, որ Հալեպն ազատագրվել է Իդլիբն ընդդիմադիրների վերահսկողության տակ մնալու դիմաց: Ինչը բավական մտահոգիչ է՝ հաշվի առնելով նահանգում իսլամական ծայրահեղ արմատական տարրերի առկայությունը: Սա ևս մտահոգիչ է՝ հաշվի առնելով Իդլիբի մոտ գտնվելը Լաթակիային և Հալեպին:
Հալեպ՝
Քաղաքն ազատագրված է, բայց նահանգում դեռևս բախումները շարունակվում են: Նահանգի քիչ մասն է վերահսկվում կառավարական ուժերի կողմից: Հիմնական հատվածում քրդերն են, մի զգալի հատվածը վերահսկում են թուրքական ուժերն ու նրանց դաշնակից ընդդիմադիր խմբավորումները: Մյուս հատվածում՝ «Իսլամական պետությունն» է: Այս պահին նահանգում թեժ մարտերը ալ-Բաբ քաղաքի համար են ընթանում: Քաղաքը գտնվում է իսլամականների վերահսկողության տակ, սակայն քաղաքը պաշարված է թուրքական զինուժի և նրանց հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից: Ալ-Բաբը նվաճելուց հետո՝ թուրքական ուժերը, ամենայն հավանականությամբ կշարժվեն դեպի հյուսիս-արևելք՝ Մանբիջ, որտեղ քրդական ուժերն են:
Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ երեք նահանգների այս պահի իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ արտասիրիական զարգացումներում նկատվող հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը (համենայն դեպս, կրակի դադարեցման առումով) արդյունավետ չեն լինելու և բախումները Սիրիայի այս հատվածում շարունակվելու են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին