Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ համար է դեսպան Անդրանիկ Մանուկյանը փորձում որդուն պատգամավոր դարձնել

01 Հունվար, 2017 13:26
Ինչի՞ համար է դեսպան Անդրանիկ Մանուկյանը փորձում որդուն պատգամավոր դարձնել

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ ռեյտինգային քվեարկության միջոցով: Այս մասին խոսակցությունները սկսվեցին շրջանառվել դեռ նախորդ տարվա վերջում:

Shabat.am-ի տեղեկությունների համաձայն՝  Անդրանիկ Մանուկյանը նեղ շրջապատում հայտնել է, որ պատրաստվում է առաջիկայում լքել դեսպանի պաշտոնը, և այս կերպ փորձում է իր որդու համար տեղ ապահովել նաև քաղաքական դաշտում:  

Փաստ օրաթերթը գրել էր, որ Կոտայքի մարզում ընտրությունները թեժ են անցնելու, քանի որ այստեղ խորհրդարան մտնելու հայտ են ներկայացրել Դավիթ Մանուկյանը և «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:

 Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանը, չնայած ՀՀ անկախությունից ի վեր զբաղեցրել և զբաղեցնում է պետական պաշտոններ, սակայն նա հանրությանը հայտնի է նաև որպես Հայաստանի մեծահարուստներից մեկը։

Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես պրոյեկտներ, այդ թվում Երևանի Հաղթանակ կամուրջի մոտ կառուցված «Մետրոպոլ հյուրանոցը», ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, որը գտնվում է «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին, Հանրապետության տարբեր հատվածներում գործող գազալցակայաններ, Երևանի Նորք Մարաշ թաղամասում և այլ վայրերում շքեղ առանձնատներ, հսկայական հողատարածքներ,։ Նրան է պատկանում Աղավնաձորում գտնվող «Հրազդան ՋԵԿ»-ի պանսիոնատը, որը նա պետությունից սեփականաշնորհեց բավականին ցածր գնով։ «Արարատ Մոթորս» ընկերության սեփականատերն է։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է եղել շինարարական բիզնեսի ոլորտում և հանդիսանում է Երևանում կառուցված նորակառույց շենքերից կողմնակի դրամական միջոցներ հավաքագրող օլիգարներից մեկը։

Ըստ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ Անդրանիկ Մանուկյանը նաև զբաղվում էր հեռախոսային զրույցների ձայնագրությունների առքուվաճառքով։ ՀՀ-ում գործող «Վիվասել ՄՏՍ» և «Արմենտել» բջջային օպերատորները նրան էին տրամադրում իր մատնանշած անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները, որոնք հետագայում նա տասնյակ հազարավոր ԱՄՆ դոլարներով վաճառում էր հետաքրքրվող անձանց։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին