Կարևոր իրադարձություններ

Նույն Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին աշխատելու է ՀՀԿ–ի համար. «Փաստ»

12 Հունվար, 2017 08:55
Նույն Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին աշխատելու է ՀՀԿ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անպարտ թվացող Սուրիկ Խաչատրյանին գործող կառավարությունը վերջնականապես տապալեց: Սյունիքի մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նախկին մարզպետը օրերս ներկայացրել է նաև դիմում, ըստ որի՝ նա հրաժարվում է Սյունիքի մարզի ՀՀԿ–ի ղեկավար լինելուց, պատճառը՝ ոչ բավարար առողջական վիճակն է: Տվյալ կառույցն այսուհետ կղեկավարի գործող մարզպետ Վահե Հակոբյանը: 
ՀՀԿ–ի ներսում կատարվող խմբագրումների և դրանից բխող հետևանքների շուրջ «Փաստը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

– Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ–ի ներսում տեղի են ունենում կարևոր փոփոխություններ, ինչի՞ հետևանք են դրանք ու արդյո՞ք ընտրություններից առաջ ավելի արմատական փոփոխություններ են սպասվում:

– Ե՛վ կուսակցության քաղաքականությունը, և՛ ներկուսակցական կյանքը ընտրություններից առաջ ենթարկվում են փոփոխությունների՝ իրավիճակին համապատասխան: Կուսակցությունը քաղաքականություն է որդեգրել կատարել արմատական փոփոխություններ հենց կուսակցության ներսում: Դա միայն Սյունիքում չէ, փոփոխություններ կլինեն նաև այլ մարզերում:

– Այսպես կոչված արմատական փոփոխությունները կարո՞ղ են խռովության ալիք բարձրացնել ՀՀԿ–ի ներսում: Նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանը դեկտեմբերի վերջերին հայտարարում էր, թե կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, սակայն օրեր առաջ հայտարարեց, թե մտքափոխվել է:

– Մարդն ինքը կարող է ցանկություն հայտնել, բայց որոշում կայացնում է կուսակցությունը: Կուսակցությունն է որոշում, թե ում թեկնածությունը պետք է առաջադրվի, այդ որոշումը կարող է ցանկությունների հետ չհամընկնել: Յուրաքանչյուր կուսակցական պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին: Կարծում եմ, որ դա խռովության առիթ չի հանդիսանա, քանի որ պարտադիր չէ, որ ցանկությունները համընկնեն որոշումների հետ: Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ անդամ: Դժգոհողներ բնականաբար կլինեն, բայց դրանք խռովությունների չեն վերածվի:

– Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ այն անդամներից էր, ով որքան ուզում, այդքան խփում էր մարզում ու ձայներ ապահովում կուսակցության համար, չունե՞ք մտավախություն, որ գալիք ընտրություններին ՀՀԿ–ն զգալի չափով ձայների կորուստ կունենա:

– Այն, որ Սուրիկ Խաչատրյանը կուսակցության համար ինչ–որ դեր խաղացել է, անժխտելի է, բայց դա պայմանավորված չի եղել միայն նրանով: Սյունիքում մենք ունենք հզոր կուսակցական ակտիվ: Չեմ կարծում, որ այդ ձայների ապահովումը միայն Սուրիկ Խաչատրյանի անձով է պայմանավորված: Նույն Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին աշխատելու է ՀՀԿ–ի համար, ես այդպես եմ կարծում: Չէի ասի, որ ձայների լուրջ տարբերություն կունենանք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին