Կարևոր իրադարձություններ

Որո՞նք են 2016 թվականի սպորտային ամենակարևոր ձեռքբերումները (լուսանկարներ, տեսանյութ)

07 Հունվար, 2017 16:06
Որո՞նք են 2016 թվականի սպորտային ամենակարևոր ձեռքբերումները (լուսանկարներ, տեսանյութ)

Շարունակելով ամփոփել անցած տարում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները Shabat.am-ն այս անգամ ներկայացնում է տարվա գլխավոր մարզական իրադարձություններն ու հայ մարզիկների ձեռք բերած հաջողությունները:

2016թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցան 31-րդ Օլիմպիական խաղերը: Հայոց եռագույնը չորս անգամ ծածանվեց Ռիոյում՝ ի պատիվ մեր օլիմպիականների, որոնք մեդալներ նվաճեցին:

Ռիոյի Օլիմպիական խաղերն առանձնահատուկ կերպով հիշարժան դարձան հայ մարզասերների համար հատկապես այն պատճառով, որ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի կրկին ունեցավ օլիմպիական չեմպիոն: 98 կգ քաշային ըմբիշը նախնական փուլում հաղթելով բոլոր մրցակիցներին՝ անցավ եզրափակիչ փուլ, որտեղ լարված պայքարում 3:0 հաշվով հաղթեց կուբացի մարզիկին: Հպարտությունը կրկնակի էր, երբ Ալեքսանյանը պատվո հարթակ բարձրացավ՝ շապիկին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով:

Օլիմպիական ոսկու սպասելիքները, ցավոք, չարդարացան մեր մյուս մարզիկի՝ Միհրան Հարությունյանի պարագայում, ում նկատմամբ մրցավարներն անարդարացի գտնվեցին՝ առավելությունը տալով նրա մրցակցին: Բանն այն է, որ  Հարությունյանը 66 կգ քաշային կարգի եզրափակչում ուժերը չափում էր սերբ մարզիկի հետ, որի նկատմամբ առաջին մրցափուլում առավելության էր հասել 1:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում մրցավարները բառացիորեն 1 միավոր նվիրեցին սերբ մարզիկին: Արդյունքում Միհրան Հարությունյանին բաժին հասավ օլիմպիական արծաթը:

Օլիմպիական խաղերում արծաթ նվաճեց նաև 105 կգ քաշային 19-ամյա մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ երկամարտի արդյունքում գրանցելով 417 կգ արդյունք:

Օլիմպիական երրորդ արծաթը մեր հավաքականին բերեց ծանրամարտի գերծանր քաշային կարգի (105+) ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ երկամարտում գրանցելով 451 կգ արդյունք:

Օլիմպիականներին հայրենքիում մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին մեծ շուքով դիմավորեցին նաև հայրենի Գյումրի քաղաքում: 

2016թ. ամռանը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի հաջողություններին հայ հասարակությունն ամբողջ տարվա ընթացքում ոգևորությամբ և սրտի թրթիռով էր հետևում: Իր աճող պրոֆեսիոնալիզմով, աշխատասիրությամբ և նորանոր ձեռքբերումներով Մխիթարյանն ամնցած ամբողջ տարվա ընթացքում չզիջեց բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին գրաված իր տեղը՝ ամեն անգամ ցույց տալով դիտարժան խաղ և առաջացնելով ֆուտբոլասերների հիացմունքը: Իր կարիերայի ամենատպավորիչ գոլերից մեկը Մխիթարյանն իրականցրեց բոլորվին վերջերս, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության հերթական փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրընկալելով «Սանդերլենդ»-ին, հաղթեց 3:1 հաշվով: France Football պարբերականը, որն իր ընթերցողների շրջանում հարցում էր իրականացնում  պարզելու, թե որն է 2016թ. լավագույն գոլը, ընդգրկել էր նաև Մխիթարյանի այս գեղեցիկ գոլը:

 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին