Կարևոր իրադարձություններ

2016թ.-ի ամենաքննարկված իրադարձությունը՝ գործադիր մարմնի փոփոխություն (լուսանկարներ)

03 Հունվար, 2017 12:49
2016թ.-ի ամենաքննարկված իրադարձությունը՝ գործադիր մարմնի փոփոխություն (լուսանկարներ)

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ 2016 թվականն աչքի ընկավ մի շարք պաշտոնանկություններով, նոր նշանակումներով և տարբեր պաշտոններում վերադասավորումներով:  

Տարվա ամենամեծ փոփոխությունները տեղի ունեցան սեպտեմբերին, գործադիր մարմնում: Shabat.am-ը ներկայացնում է իրադարձությունների ամբողջական պատկերը. և այսպես

Վարչապետի պաշտոնից հեռացավ Հովիկ Աբրահամյանը, որին փոխարինեց «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանը: Վերջինիս գլխավորությամբ կառավարության կազմում մի շարք նոր նշանակումներ տեղի ունեցան:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին փոխարինեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էլ ստանձնեց Արմեն Գևորգյանը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին փոխարինեց ֆինանսների նախարարի տեղակալ և ապա նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվեց Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին:

Արծվիկ Մինասյանը, հեռանալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, ստանձնեց բնապահպանության նախարարի պաշտոնը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակվեց  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

Առողջապահության նախարար նշանակվեց Լևոն Ալթունյանը՝ փոխարինելով Արմեն Մուրադյանին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Գաբրիել Ղազարյանին փոխարինեց Հրաչյա Ռոստոմյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին փոխարինեց Արմեն Ամիրյանը,

իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին՝ Աշոտ  Մանուկյանը:

Գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանին էլ փոխարինեց Իգնատի Առաքելյանը:

Իրենց պաշտոններում մնացին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը , սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հավելենք նաև, որ պաշտոնից հեռացավ նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը, որը հայտարարեց իր՝ ընդդիմադիր դաշտ մտնելու և որպես այդպիսին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

2016 թվականին պաշտոնանկումներ եղան նաև զինված ուժերում: Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արվեցին երեք գեներալներ՝ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ԶՈւ կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը:

Իր զբաղեցրած պաշտոնից հեռացվեց նաև Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ նշանակվելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Գլխավոր շատբի պետի պաշտոնում նշանակվեց Մովսես Հակոբյանը:

Փետրվարի 12-ին նախագահի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից ազատվեց Գորիկ Հակոբյանը, որին փոխարինեց նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը:

Օգոստոսի 4-ին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Սեպտեմբերի 14-ին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Կոստանյանի տեղակալ Արթուր Դավթյանը:

2016 թվականին փետրվարի 24-ին ՀՀԿ և ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեցին: Երեք գերատեսչությունների նախարարներ նշանակվեցին ՀՅԴ-ից: Էկոնոմիակայի հանրապետական նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխարինեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակվեց Դավիթ Լոքյանը՝ փոխարինելով Արմեն Երիցյանին, իսկ կրթության և գիտության նախարար նշանակվեց Լևոն Մկրտչյանը՝ փոխարինելով Արմեն Աշոտյանին: Դաշնակցականներին անցան նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. Շիրակի մարզպետ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնեց Գաբրիել Գյոզալյան:

Հավելենք նաև, որ 2016-ին իր պաշտոնից հեռացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որին փոխարինեց Վահե Հակոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին