Կարևոր իրադարձություններ

Իրանը հետաքրքրված է ԵԱՏՄ-ով, խնդիրն այն է, թե Հայաստանը կկարողանա՞ դառնալ այդ կապող օղակը. իրանագետ

11 Հոկտեմբեր, 2015 20:07
Իրանը հետաքրքրված է ԵԱՏՄ-ով, խնդիրն այն է, թե Հայաստանը կկարողանա՞ դառնալ այդ կապող օղակը. իրանագետ

 

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը հույս ունի, որ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի օրակարգում կլինի նաև Իրանի նախագահի` Հայաստան այցի նախապատրաստումը:

Tert.am-ի հետ զրույցում Գոհար Իսկանդարյանը, նշելով, որ երկար ժամանակ նախագահական մակարդակով Հայաստան այցելություն չէր եղել, ավելացրեց. «Մենք հիշում ենք Խաթամիի այցելությունը, Ահմադինաժադի: Դրանից հետո մենք նախագահի մակարդակով այց չենք ունեցել: Հուսամ` գալիս է Հայաստան` նապատրաստելու նախագահի այցը, որովհետև երկար ժամանակ է` լսում ենք, որ Ռոհանին պետք է գա, սակայն այդպես էլ չենք տեսնում նրա այցը: Մենք ակնկալում ենք այդ այցը, մանավանդ, որ նա արդեն այցելել է Ադրբեջան»:


Հիշեցնենք, որ 168.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրին Հայաստանում կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին` «բավականին լայն և ներկայացուցչական պատվիրակությամբ՝ բաղկացած 50-60 պաշտոնյաներից և գործարարներից, ովքեր Իրանի փոխնախագահի և ՀՀ վարչապետի հետ կմասնակցեն հայ-իրանական ֆորումին»։


Հայաստան–Իրան բարձրավոլտ էլեկրահաղորդման 3-րդ գծի կառուցման հարց, հայ-իրանական երթակուղի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ.սրանք, ըստ Գոհար Իսկանդարյանի` այն հարցերն են, որ լինելու են այցի օրակարգում:


Ինչ վերաբերում է այն պատրաստակամությանը, որը Իրանը հայտնում է Իրան-Հայաստան երկաթգծի իր հատվածը կառուցելու հարցում, ապա իրանագետը նշեց, որ 60 կիլոմետրանոց իրանական հատվածը կառուցելը իրանական կողմի համար (Հայաստանը պետք է կառուցի 400 կիլոմետրանոց հատվածը) «մի կում ջուր խմելու նման մի բան է, մանավանդ, որ աշխարհագրական «ռևերսը» նման բան թույլ է տալիս»:


Հիշեցնենք, որ հայ-իրանական տնտեսական ու էներգետիկ ծրագրերի հիմնական մասը մնում էր թղթի վրա` Իրանի մեկուսացման պատճառով, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-յակ-Իրան համաձայնությունից հետո սկսվել է իրանական բանկային հաշիվների ապասառեցումը:


Գոհար Իսկանդարյանը կրկնեց, որ ապասառեցումը չի լինելու միանգամից, այլ` փուլային ու առաջիկա տասը տարիների ընթացքում:


Հիշեցնենք նաև, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստան կարող է դառնալ կապող օղակ` Հայաստանի ու ԵԱՏՄ-ի միջև:


Ըստ Գոհար Իսկանդարյանի` Իրանը, իհարկե, հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցութամբ և այս շուկան իր համար հետաքրքիր է, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանը կկարողանա՞ դառնալ այդ կապող օղակը, այսինքն` այդ ծրագրերում ընդգրկելու Վրաստանը:


«Եթե Վրաստանը հրաժարվում է, ապա Հայաստանի օղակ դառնալը անմիաստ է դառնում, որովհետև Վրաստանից այն կողմ` ցամաքային ճանապարհով այլևս չենք կարող միանալ Ռուսաստանին»,- մեկնաբանեց իրանագետը:


Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա Գոհար Իսկանդարյանը ևս, այլոց թվում, արձանագրում է իրավիճակի էական փոփոխություն. Սիրիայում Ռուսաստանի ավիառմբարահումների հետևանքով ` Ռուսաստան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա հարաբերությունների կտրուկ վատացում,և, հակառակը, Իրանը այս հարցում Ռուսաստանի հետ կոալիցիա կազմող երկրների թվում է:


Հիշեցնենք, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում առաջնորդության համար մրցության երկարամյա փորձ ունեն, սակայն հիմա իրանագետը նշում է, որ Իրանը հիմա շատ ավելի լավ դիրքերում է:


«Միանշանակ է, որ Իրանի ձեռքին այսօր շատ լավ խաղաքարտեր կան, քան Թուրքիայի, քանի որ Իրանը այսօր շատ լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, և միաժամանակ, գտնվում է Ռուսաստանի հետ կոալիցիայի մեջ»,-ավելացրեց իրանագետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին