Կարևոր իրադարձություններ

Վիգեն Սարգսյանն ուզեց հայհոյել Զարուհի Փոստանջյանին, իսկ SOS-ը ողջ տարին հայհոյում էր իշխանավորներին. 2016-ի հակաիշխանականները - TOP 10

24 Դեկտեմբեր, 2016 13:10
Վիգեն Սարգսյանն ուզեց հայհոյել Զարուհի Փոստանջյանին, իսկ SOS-ը ողջ տարին հայհոյում էր իշխանավորներին. 2016-ի հակաիշխանականները - TOP 10

 

 

Այս տարի իշխանության նյարդերին պարբերաբար ազդել են ու դաժանաբար հարվածել հենց այս տասը գործիչները: Եվ այսպես.

1.Ժիրայր Սէֆիլյան

Ձմռանը նրա թիմակից Գևորգ Սաֆարյանն օպերայում տոնածառ տեղադրելու համար հայտնվեց ճաղերի հետևում: Գարնանը նա բացահայտեց 800 հեկտարի կորուստը և անհարմար վիճակի մեջ գցեց իշխանություններին: Ամռանն ինքն ազատազրկվեց ու հռչակվեց քաղբանտարկյալ, իսկ  հետո իր մյուս թիմակիցները գրավեցին ՊՊԾ գունդը: Աշունն էլ անցավ նրա «Սասնա Ծռերի» արածը քննարկելով: Այսպիսով, կլոր տարին նա գերլարման մեջ պահեց իշխանություններին և ապահովեց ամենաուժեղ հակաիշխանական ալիքը Հայաստանում:

 

2. Զարուհի Փոստանջյան

Նա իր ըմբոստ ու թունոտ ելույթներով ահաբեկեց իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ նրանց սպառնալով ֆիզիկական հաշվեհարդարով: Վիգեն Սարգսյանը ցանկացավ նրան հայհոյել, բայց վկայակոչելով իր դաստիարակությունը՝ մի կերպ զսպեց յուր նախարարական ցասումը: Շարմազանովն էլ նրան բանաստեղծություն ձոնեց՝ ասելով. «Զառա՛, քեզ ձայն տալը շառա»: Այսպիսով, Զարուհին դարձավ ամենաթունդ հակաիշխանական պատգամավորն ու ՀՀԿ-ի աչքի փուշը:

 

3.Վիլեն Գայֆեջյան

Ողջ տարին «SOS» նախագծի հայհոյանքները հեղեղեցին Ֆեյսբուքն ու մեծ հրճվանք պարգևեցին իշխանությունից դժգոհ զանգվածներին: Երիտասարդների այս ագրեսիվ թիմը մեծ ոգևորությամբ միացավ թե՛ «Սասնա Ծռերի» ապստամբությանը և թե՛ ՔԱՔ կուսակցության ստեղծման գաղափարին: Իշխանավորներին հայհոյելուն զուգահեռ նրանք պարբերաբար բարձրացրեցին սոցիալական անարդարության ու աղքատության խնդիրները և կարողացան մի քանի բնակարաններ հայթայթել ու նվիրել Գյումրու անօթևաններին:

 

4.Անդրեաս Ղուկասյան

Փողոցային ակցիաների և քաղաքացիական անհնազանդության մեծ վարպետը դարձավ ամենատանջված կալանավորներից մեկը: Նրա երկարատև ու վտանագավոր հացադուլները, ընտանիքից նրա դաժան մեկուսացումն ու նրա այլ զրկանքները ռոմանտիկ հեղափոխականին դարձրեցին այս տարվա ամենաճանաչված հակաիշխանականներից մեկը:

 

5.Արմեն Մարտիրոսյան

Նա այս տարի ևս դարձավ իշխանության հետ փողոցային մարտերի հերոս և կրկին ազատազրկվեց, սակայն ի տարբերություն իր այլ բախտակիցների նա շուտով ազատ արձակվեց: Չնայած նրա փողոցային պայքարն այս տարվա աշնանն ավարտվեց, սակայն միասնական ընդդիմություն ձևավորելու իր անդրկուլիսային աշխատանքներով «Ժառանգության» փոխնախագահը շարունակեց իշխանություններին նյարդայնացնելու իր մեծ առաքելությունը:

 

6.Վարուժան Ավետիսյան

Նրա մայրը տարեվերջին հանդես եկավ չափազանց հուզիչ հայտարարությամբ, որով իր մեծ սերն ու աջակցությունը հայտնեց իր ազատազրկված որդուն: Ողջ տարին նա իր ինտելեկտուալ քննադատություններով քարկոծեց իշխանություններին, իսկ հուլիսին դարձավ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերի» հիմնական առաջնորդը:

 

7.Վահան Բադասյան

Կոռուպցիայի մասին նրա հայտարարությունները ցնցեցին ողջ հանրությանը, քանի որ նա մեղադրեց բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտոնավարման ընթացքում մեծ կարողություն դիզելու մեջ: Արցախյան պատերազմի անվախ հրամանատարը և ներկայիս համեստ ֆերմերն իր սուր լեզվով և անվախ հայտարարություններով ընդդիմացավ ոչ միայն իշխանություններին, այլև տարվա մեջ մի քանի անգամ իշխանության հետ համագործակցած Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

8.Նիկոլ Փաշինյան

Նա Ազգային ժողովում պարբերաբար հարձակվեց ոչ միայն իշխանական առանձին սուբյեկտների վրա, այլև պատռեց ընդդիմադիրի կերպարով հանդես եկող բազմաթիվ գործիչների դիմակները, որոնցից մեկի հետ էլ վերջում որոշեց դաշինք կազմել: Նրան հաջողվեց լարում ապահովել Հրազդանի ընտրություններում, նա կարողացավ իշխանությունից գրավել մեկ գյուղ և վերջում էլ ձևավորեց այս տարվա առաջին ընդդիմադիր դաշինքը:

 

9. Էդմոն Մարուքյան

Ճիշտ է՝ նախկինում նա քվեարկում էր իշխանության բյուջեների օգտին և ըստ իր դաշնակցի վկայության մեծ հաջողությամբ համագործակցում էր իշխանությունների հետ, այդուհանդերձ, նա կատարեց այս տարվա ամենաիրական հակաիշխանական քայլը՝ պարալիզացրեց Վանաձորի ավագանու աշխատանքները և հարամեց Վանաձորի նորընտիր քաղաքապետի պաշտոնավարումը:

 

10.Վարդան Օսկանյան

Նրա կուսակցության աղմկոտ սկիզբը որոշակի անհանգստություն առաջացրեց իշխանական շրջանակներում, սակայն ՏԻՄ ընտրություններին նրա անհաջող արդյունքները խաղաղեցրին այդ անհանգստությունը: Փորձված քաղաքական գործիչն արագորեն վերագտավ իշխանություններին լարելու մի նոր ճանապարհ ու արդեն տարեվերջին շրջանառեց Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր դաշինք կազմելու լուրը:

 

Այսպիսով, 2016-ին այս տասնյակը կարողացավ միայն անհանգստացնել ու հայհոյել իշխանություններին՝ իրական փոփոխությունները թերևս թողնելով հաջորդ տարվան: 

 

Լրահոս

Դիտել ավելին