Կարևոր իրադարձություններ

«Բդաչարազային» հեթանոսության այդ օրերին մեր հասարակությունը թերթ կարդալ չի սիրում. «Հրապարակ»

24 Դեկտեմբեր, 2016 08:33
«Բդաչարազային» հեթանոսության այդ օրերին մեր հասարակությունը թերթ կարդալ չի սիրում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այնպես ստացվեց, որ այս տարվա մեր վերջին համարը թողարկում ենք մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 24-ին, եւ երկշաբաթյա դադար ենք հայտարարում՝ մինչեւ հունվարի 9-ը։ «Բդաչարազային» հեթանոսության այդ օրերին մեր հասարակությունը թերթ կարդալ չի սիրում, մենք էլ՝ տարվա լարված աշխատանքից հոգնած, փորձում ենք մի փոքր հանգստանալ։ Տարին, իրոք, լրագրողական աշխատանքի առումով հոգնաբեկ էր՝ իրադարձություններով, ողբերգություններով, կորուստներով, փոփոխություններով լի։ Այնպես, ինչպես սովորաբար լինում են նախընտրական տարիները։ Տարեվերջին անգամ դժվար է չափել՝ կորուստնե՞րն էին ավելի շատ, դժգոհություններն ու հիասթափություննե՞րը, թե՞ լարվածությունն ու հանրային սպասումները։

Իսկ հանրությունը սպասելիքներ ունի առաջին հերթին իշխանությունից, որին տրված են մեր կյանքը փոխելու բոլոր լծակները։ Սպասելիքներ ունի նաեւ քաղաքական ուժերից եւ հասարակական գործիչներից, որոնց տրված է իշխանությանն աշխատեցնելու, սթափ պահելու զորությունը։ Սպասելիքներ ունի իր մտավորականներից, որոնք պետք է իր կողքին լինեն՝ իր հոգս ու ցավով ապրեն, ազնիվ լինեն եւ անվախ։ Սպասելիքներ ունի նաեւ մամուլից, որը հասարակության «աչքն» է ու «բերանը»՝ նրա տեսածն ու լսածը բարձրաձայնելու, նրա պահանջները վերեւներին հասցնելու, նրա «պատվերը» կատարելու համար։ Ազատ խոսքի եւ լրատվամիջոցների իրական անկախության մեջ է նաեւ երկրի զարգացման երաշխիքը։ Երեկ նախագահականում Սերժ Սարգսյանը լրագրողներին ընդունելիս այդ մասին է խոսել՝ հպարտանալով, որ «մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի եւ մամուլի ազատությունը», որը «մեր կարեւորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք»: Տա Աստված»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին