Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանի հերոսական ֆուտբոլից մինչև Հաց բերող հերոսի արնահոսումը կալանավայրում. ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ - TOP 10

17 Դեկտեմբեր, 2016 19:00
Հենրիխ Մխիթարյանի հերոսական ֆուտբոլից մինչև Հաց բերող հերոսի արնահոսումը կալանավայրում.  ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ - TOP 10

 

Նրանք դարձել են այս տարվա ամենասիրված ու ամենահարգված մարդիկ` գրեթե բոլոր հայերի համար: Եվ այսպես.

 1. Ադամ Սահակյան, Ռոբերտ Աբաջյան և ապրիլյան պատերազմի բոլոր հերոսները

Ադամի սխրանքի շնորհիվ հակառակորդը մի քանի ժամ չէր կարողանում գրավել հայկական դիրքը, իսկ Ռոբերտը բացառիկ ինքնազոհությամբ իր հետ միասին նռնակով պայթեցրեց հայրենիքի վրա նենգաբար հարձակված մի քանի թշնամու: Նրանք են այս տարվա ամենակարևոր մարդիկ, քանի որ նրանց հերոսությունն անքննելի է, իսկ նրանց փառքն՝ անմահ:

 

2. Հենրիխ Մխիթարյան

Նրա գոլային սխրանքները մեծ ոգևորություն և հիացմունք պարգևեցին ողջ հայությանը: Անգլիական ամենահզոր ակումբի աստղ դարձած հայորդին կարողացավ մեղմել ազգային հավաքականի պարտություններից ծնված ֆուտբոլային ապատիան ու նոր հույս արթնացնել հայկական ֆուտբոլի պայծառ ապագայի հանդեպ:

 

3.Արթուր Սարգսյան («Հաց բերող»)

Նա վտանգեց իր կյանքը, որպեսզի հաց հասցնի ոստիկանական շջափակման մեջ հայտնված «Սասնա Ծռերին»: Նրա մարդասիրական ինքնազոհողությունը հիացրեց շատերին, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանին: Մինչ «Հաց բերողը» արնահոսում էր կալանավայրում, ոմանք նրան առաջադրեցին որպես «Ավրորայի» արժանի հերոս:

 

4.Արթուր Ալեքսանյան

Նա հայերին վերադարձրեց վաղուց մոռացված օլիմպիական ուրախությունը՝ Հայաստանին բերելով օլիմպիական ոսկի: Գյումրիի «Սպիտակ արջը» օլիմպիական ոսկին ստանալու արարողությանը աշխարհին ներկայացավ ազգի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը կրծքին: Իր բարի ու գեղեցիկ կերպարով նա դարձավ ոչ միայն ազգի մեծ հպարտությունը, այլև հազարավոր աղջիկների կուռքն ու երազանքի արքայազնը:

 

5.Պավլիկ Մանուկյան

Նա հայրենիքի փրկության իր պատկերացրած ճանապարհին պատրաստ էր զոհաբերել ոչ միայն սեփական կյանքը, այլև սեփական որդուն: Հայրենիքը սեփական կյանքից ու զավակից ավելի շատ սիրող ազատամարտիկը չէր կարող անտարբեր թողնել նույնիսկ նրանց, ովքեր համաձայն չէին «Սասնա Ծռերի» գործողությունների հետ:

 

6.Հռոմի Պապ

Նա եկավ Հայաստան և իր համեստ կենցաղով ու երկարամյա հայասիրությամբ գերեց բոլոր հայերի սրտերը: Նրա բարի ու մաքուր կերպարը ստիպեց հայերին խորհել իրենց հոգևորականության վերափոխման անհրաժեշտության մասին, իսկ նրա լայնորեն լուսաբանված այցն աշխարհին հիշեցրեց, թե ո՛ր ազգն էր առաջինը քրիստոնեություն ընդունել:

 

7.Սերժ Թանկյան

Նա ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող ռոք աստղ է, ոչ միայն համահայկական սեր վայելող երգիչ, այլև հազվագյուտ սփյուռքահայ արվեստագետ, ով իրեն թույլ է տալիս պարբերաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական սուր խնդիրներին: Նա մի քանի այլ մեծ սփյուռքահայերի հետ անտարբեր չի լինելու և գալիք ընտրություններին որպես դիտորդ լինելու է Հայաստանում՝ փորձելով արդարություն բերել հայրենիքի քաղաքական կյանքին:

 

8.Շարլ Ազնավուր

Երբ օտարերկրացուն ցանկանում են բացատրել, թե ով է հայը, անպայման ասում են, որ Շարլ Ազնավուրն էլ է հայ: Նա նույնիսկ իր այս տարիքում նոր բարձունքներ գրավեց՝ պատվավոր տեղ ստանալով Հոլիվուդի աստղերի արահետում: Նա տարվա ընթացքում հասցրեց նաև համերգով հանդես գալ հայրենիքում և իր ներկայութամբ մեծ շուք տալ «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

 

9.Ջորջ Քլունի

Նա դարձավ Հայաստանում այս տարվա ամենակարևոր իրադարձության՝ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնասյունը՝ իրեն հետևող լրատվական լուսարձակները վերաուղղելով Հայաստանին և հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա իր գեղեցկուհի տիկնոջ հետ վաղուց է դարձել հայ ժողովրդի մեծ բարեկամն ու սոցիալական արդարության համաշխարհային առաջամարտիկը:

 

10.Իվետա Մուկուչյան

Իր եվրատեսիլյան կատարմամբ նա հիացրեց բազմաթիվ եվրոպացիների և հպարտություն պարգևեց բոլոր հայերին, վերջում էլ եվրոպական ամենակարևոր բեմում ծածանեց Արցախի դրոշը: Նրա տաղանդն ու հայրենասիրությունը նրան արժանիորեն կանգնեցրին հայության կողմից այս տարի ամենից շատը սիրված մարդկանց կողքին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին