Կարևոր իրադարձություններ

Տարվա ամենաքննարկված մարդիկ Հայաստանում. TOP 10

10 Դեկտեմբեր, 2016 21:00
Տարվա ամենաքննարկված մարդիկ Հայաստանում. TOP 10
 
 
 Տարվա ամենաքննարկված մարդիկ են ճանաչվել այն տասը գործիչները, ովքեր անկախ սիրված-չսիրված լինելուց, եղել են ամենահետաքրքիրը հանրության համար: Եվ այսպես.
 
 1. Ռուզաննա Խաչատրյան
 
Նա դարձավ հայկական մեգաաստղ՝ հագուստները ծաղկեփնջերի հետ բռնացնելով և այդ գունավառ կադրերը համացանցում հեղեղելով, լրատվամիջոցների հետ կռվելով, իր հասարակական ու ֆեյսբուքյան ակտիվությամբ, իր շքեղ կենցաղը ցուցադրելով, ինչպես նաև պաշտպանության նախարարի կինը լինելով: Ամուսնու պաշտոնազրկումը փոքր-ինչ խունացրեց նրա աստղը, բայց նա, միևնույնն է, մնաց պաշտնյաների տիկնանցից ամենասենսացիոնը և հանրային գործիչներից ամենագեղեցիկը:
 
 
 
 
2.Կարեն Կարապետյան
 
Մինչ տարվա ամենաքննարկված կինը հագուստը բռնացնում էր ծաղկեփնջերի հետ, նա կարողացավ հագուստը բռնացնել խոսափողի հետ: Ռոք-աստղ վարչապետը քննարկվեց որպես ժողովրդի փրկիչ և ՀՀԿ փրկօղակ, որպես Պուտինի առաքյալ և իշխանության մեջ ներդրված հեղափոխական: Ի վերջո, կարևոր չէ, թե մարդիկ ինչ են խոսում նրա մասին, կարևոր չէ նույնիսկ, թե նա ինչ է խոսում կամ անում, կարևորը, որ նա բարետես է, նորաձև և այդքան նման Կարեն Դեմիրճյանին: Ի վերջո, ինքն իրեն հարցեր տալով ու դրանց «այո-ոչ» ասելով, բոլոր ցավոտ խնդիրներին կտրուկ պատասխանելով՝ նա տարբերվեց քաղաքական դաշտը ողողած գորշ դեմագոգներից ու դարձավ ամենաքննարկված տղամարդը Հայաստանում:
 
 
 
3.Ժիրայր Սէֆիլյան
 
Նրա բացահայտումը յոթ հեկտար հողի գրավման մասին դարձավ տարվա մեծագույն սենսացիան, իսկ նրա զինակիցների կողմից ՊՊԾ գնդի գրավումը՝ ամենացնցող իրադարձությունը ողջ հայության համար: «Սասնա Ծռերի» բոլոր անդամները շատ քննարկվեցին ողջ տարվա ընթացքում, սակայն նրանցից յուրաքանչյուրի կողքին հարգանքով ու հիացմունքով հիշվեց այս ազատազրկված ազատամարտիկը:
 
 
 
4.Ռոբերտ Քոչարյան
 
Ողջ տարին ակտիվորեն քննարկվեց նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալը, սակայն վերադարձան միայն նրա կադրերը: Շատերը նրան փնտրում էին «Համախմբում» կուսակցության թիկունքում, իսկ նա շարունակեց մնալ քաղաքական ստվերում՝ սահմանափակվելով մի քանի հետաքրքրաշարժ հարցազրույցներով: Երկրի թիվ մեկ քաղաքական հարցը մնում է այն, թե նա այսօր իրականում ի՞նչ հարաբերությունների մեջ է Ալեքսան Հարությունյանի, Արմեն Գևորգյանի, Կարեն Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և, իհարկե, Սերժ Սարգսյանի հետ:
  
 
 
5.Գագիկ Ծառուկյան
 
Նրա երկրորդ գալստյանը սպասեցին ողջ տարի, և հազարավոր քաղաքացիների աղոթքը տեղ հասավ. նա վերադառնում է, նա նորից ժողովրդի կողքին է՝ այլևս ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարցերում: Ծառուկյանի կողքին կրկին ճղճղում է Հայաստանի ամենափոփոխական տիկինը, ով առյուծի կաթ կերած՝ հոխորտում է ու ինսուլին շաղ տալիս ընդդիմադիրների առաջ: Նորից ՀՀԿ ջահելները փորձում են խայթել ժողովրդական առյուծին, իսկ Ծառուկյանին ուղղված Աշոտյանի հոխորտանքը դարձյալ ողողել է Ֆեյսբուքը:
 
 
 
6.Արփինե Հովհաննիսյան
 
Նա քննարկվեց որպես գեղեցկուհի, երբ տեսախցիկը ֆիքսեց ամենաբարձրաստիճան պաշտոնյաների սիրատոչոր հայացքները, հետո քննարկվեց որպես կոմերիտուհի, երբ մտավ ՀՀԿ գերագույն մարմին, այնուհետև՝ որպես սպորտսմենուհի, երբ որոշեց բռնել բոլոր ապօրինի հարստացած պաշտոնյաներին և, վերջապես՝ որպես քաղաքական սերիալի հերոսուհի, երբ վերապրեց Հովիկ Աբրահամյանի թիմն ու բարեհաջող պահպանվեց բարետեսների կառավարությունում:
 
 
 
7.Դոնալդ Թրամփ
Նրա հաղթանակը մեծ անակնկալ էր ողջ աշխարհի համար: Հայությունը ևս անմասն չմնաց համաշխարհային սենսացիայի քննարկումից, հատկապես երբ իմացավ, որ Թրամփը մի-երկու քաղցր խոսք է ասել հայերի մասին: Հայերը քննարկեցին Պուտինի հանդեպ Թրամփի սերը և մուսուլմանների հանդեպ նրա ատելությունը՝ մոռանալով հետաքրքրվել Ադրբեջանում ստացված նրա անձնական եկամուտների մասին տարածված լուրերով:
 
 
 
8. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական անվերջանալի ագրեսիայի պայմաններում նա դարձավ ռազմաճակատային լրատվության ամենահետաքրքիր աղբյուրը: Նա շատերին զայրացրեց, երբ նախ հերքեց մի քանի հեկտար հողերի կորուստը, իսկ հետո էլ՝ երկու վիրավոր զինվորների առկայությունը: Չնայած ճշմարիտ լուրերի հերքման երկու սկանդալներին, նա շարունակեց մնալ ամենակարևոր մարդը՝ ռազմադաշտից լուրեր սպասող անհանգիստ հանրության համար:
 
 
 
9. Միհրան Պողոսյան
Նրա օֆշորային պատմության աղմուկը չդադարեց ողջ տարվա ընթացքում, իսկ տարեմուտին նա հանրության ուշադրությունը նախ գրավեց բանանի ներմուծման ազատականացման հետ կապված խնդիրներով, հետո՝ պատգամավոր դառնալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու լուրով, իսկ վերջում էլ՝ իրեն դավաճանած տեղակալին շանթելու մասին խոսակցություններով:
 
 
 
10.Անի Հովհաննիսյան
Նա դարձավ Հայաստանի նորօրյա պատմության մեջ միակ լրագրողը, որին ազատազրկեցին լրատվադաշտի համար սովորական դարձած վարքուբարքի համար, ասես նա միակ լրագրողն էր, ով գումար էր ստացել այս կամ այն պաշտոնյայի մասին վատ բան չգրելու համար: Նա, իհարկե, միակ դրամաշորթ լրագրողը չէր, բայց նա միակն էր, ով դժբախտություն էր ունեցել դրամ պահանջել Տիգրան Ուրիխանյանից, ինչպես նաև հանդգնել էր բարկացնել Ռուսաստանի դեսպանին:
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին