Կարևոր իրադարձություններ

Այս ամսվա ամենահզորները. Շաբաթի TOP 10

21 Նոյեմբեր, 2015 10:36
Այս ամսվա ամենահզորները. Շաբաթի TOP 10

Այս շաբաթ ամենահզորների Top 10-ից օբյեկտիվորեն դուրս են մնացել Տիգրան Սարգսյանը (նա կարճ առկայծեց հայկական իշխանական երկնակամարում և մեծ խաղին կվերադառնա հաջորդ տարի փետրվարին), Սեյրան Օհանյանը (նրան անարդարացիորեն և ցավալիորեն թուլացնում են անձնական որոշ հանգամանքներ, իսկ նա բավարար քայլեր չի ձեռնարկում դիրքերը բարելավելու ուղղությամբ), Դավիթ Հարությունյանը (շատ ակտիվ ու վստահ է սկսել խոսել և գործել, բայց լավ չկարողացավ պատասխանել Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում ուղղված հարցին), Գևորգ Կոստանյանը (մեկ մարդու համակրանքն ու վստահությունն անհրաժեշտ է տասնյակում լինելու համար, բայց բավարար չէ), Գագիկ Հարությունյանը (այնքան փորձառու է և իմաստուն, որ նախընտրում է մնալ տասնյակի պահեստայիններում, բայց մնալ` ցմահ):

 

Այս տասնյակում տեղ են գրավել միայն նրանք, ովքեր այս ամիս տիրապետել են ամենամեծ իշխանական, ֆինանսական ու մարդկային ռեսուրսները կամ ամենամեծ ազդեցությունն են ունեցել հանրային գործընթացների վրա: Եվ այսպես.

 

10.Սամվել Կարապետյան

Այս ամիս վերջապես վերականգնվեց իշխանական արդարությունը և նրա եղբայր Կարեն Կարապետյանը վերադարձավ ավելի ակտիվ քաղաքականություն ու դարձավ իշխանական շտաբի պետի տեղակալ: Այս քաղաքական ռեաբիլիտացիան, ՀԷՑ-ի գնումով պետության ու մարդկանց հոգսը թեթևացնելը, ինչպես նաև մեկ միլիոն դոլարի նվիրաբերումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նորից ընդգծեցին նրա բարոյական և իշխանական հզորությունը:

 9.   Վովա Գասպարյան

Ընտրացուցակների ու հանրաքվեի հետևանքների վերացման թիվ մեկ պատասխանատուն ունի աճող կարևորություն իշխանության համար, սակայն այս պահին մեկ կետի նվազում է արձանագրել ամենահզորների տասնյակում: Երկար ժամանակ ու մեծ չափաբաժիններով հանրության ուշադրությունը նվաճած գործիչը դարձել է խիստ պասիվ հանրության հետ անձնական հարաբերություններում, ինչն էլ նվազեցրել է ոչ թե նրա ուժն ու ազդեցությունը, այլ դրա հանրային ընկալումը: Ժամանակն է նորից հիշել բարի ու հին ժամանակները և լիարժեքորեն շփվել բոլորի հետ:

 8.   Վիգեն Սարգսյան

Սահմանադրական փոփոխությունների քարոզչության համար թիվ մեկ պատասխանատուն շարունակում է պահպանել իր հսկայական ազդեցությունն իշխանական թիվ մեկ շենքում, սակայն նախորդ ամսվա տասնյակի համեմատ արձանագրել է երկու կետի անկում: Մի կողմից իշխանության շտաբի պետն այնքան արդյունավետ է կազմակերպում ամեն ինչ, որ քարոզչությունն ինքնին երկրորդական պլան է մղվել, մյուս կողմից՝ անտաղանդ ու ապաշնորհ քարոզչությամբ իշխանության աչքը մտնել ցանկացողներն այնքան են բազմացել, որ նա չի կարողանում ժամանակին բացահայտել ու կասեցնել քարոզչական վնասատուների բոլոր նախաձեռնությունները:

 

 7.   Աղվան Հովսեփյան

Նախորդ ամիս նա գրավեց նույն այս հորիզոնականն իշխանավորներով առատ իր միջոցառումների շնորհիվ, իսկ այս ամիս կարողացավ պահպանել իր դիրքերը, քանի որ իրավական դաշտում դարձել է ամենաուժեղ դերակատարը: Բոլոր էական ու քաղաքական նշանակություն ունեցող քրեական գործերում գրավելով առաջնային ու թելադրող դիրք` նա դարձյալ իր շուրջն է պտտում ողջ իրավապահ համակարգը և բոլոր մյուս կարևոր դերակատարներին ստիպում է իր հետ հաշվի նստել:

 6.   Բակո Սահակյան

Հայկական աշխարհի երկրորդ նախագահը վերադարձավ այս տասնյակ, քանի որ դարձյալ դրսևորեց միջազգային էական ակտիվություն: Նա այցելեց Մոսկվա և այնտեղ ունեցավ մի շարք կարևոր հանդիպումներ ու ելույթներ, այդ թվում՝ առաջարկեց Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել միջազգային ահաբեկչության դեմ: Նրա այդ առաջարկն իր հետ բերող վտանգների հետ միասին ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի ու նրա առաջնորդի միջազգային խաղի մասնակից ու կարևոր դերակատար լինելը:

 5.   Տարոն Մարգարյան

Աշխատասիրությունն ու համառությունը նրան ևս մեկ կետով բարձրացրին իշխանական այս աստիճանակարգում: Նա մեկ օրում բացում է մի քանի պուրակ, անվերջ խնամում ու բարելավում է Երևանի ենթակառուցվածքները, ընդունում է բազմաթիվ միջազգային պատվիրակությունների ու դեսպանների, բոլոր տոներին ու հիշարժան օրերին հասցնում է հանրությանը ներկայանալ իր միջոցառումներով  ու բարեմաղթանքներով: Փարիզում ահաբեկչության օրերին ցնցված հայաստանցիների ու տառապող ֆրանսիացիների հետ միասին նա  Ֆրանսիայի հրապարակում էր` Հայաստանի Նախագահի կողքին:

 4.   Գորիկ Հակոբյան

Նա այս ամիս շատ քիչ է երևացել լրատվական լուսարձակների տակ, սակայն նա  մասնակցել է Մոսկվայում ԱՊՀ համապատասխան կառույցների հավաքին ու դրա շրջանակներում տեսել Պուտինին: Նա չի մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստին, բայց և որևէ կերպ չի կորցրել իր հսկայական ազդեցությունն իշխանության կուլիսներում և հանրային գործընթացներում: Ստվերային ու խորհրդավոր պայմաններում գործող այս պաշտոնյան ամուր կերպով պահպանել է իր տեղն ու հզոր դիրքերը մեր այս տասնյակում:

 3.   Գագիկ Խաչատրյան

Նա ապացուցեց, որ ոչ միայն խիստ օգտակար է իշխանության ետնաբեմում, այլև չափազանց հաջող է հանդես գալիս հրապարակային քաղաքականության մեջ: Ազգային Ժողովի բյուջետային քննարկումների ընթացքում նա հանդարտ շփվեց լրագրողների հետ և չեզոքացրեց բոլոր թունավոր հարձակումները: Արդեն ԱԺ դահլիճում նա իր անկեղծ պատասխաններով ու թեթև հումորով շրջանցեց ամենասրախոս պատգամավորների թակարդները: Այսպիսով, նա կարողացավ ամենաթեթև քննադատությամբ ներկայացնել ու անցկացնել վերջին շրջանի ամենածանր բյուջեն:

 2.   Հովիկ Աբրահամյան

Նա կարողանում է անաղմուկ և արդյունավետորեն համատեղել հանրապետության Վարչապետի ու  իշխանական շտաբի պետի պարտականությունները: Այս դժվար համատեղելի ու ծանր աշխատանքի արդյունքում նա կարողանում է լուծել ոչ միայն գյուղացիների, գործարարների ու այլ խավերի բազմաթիվ խնդիրները, այլ նաև հանրաքվեին ապահովել իր կուսակցության համար չափազանց կարևոր հաղթանակը: Այս ամենը նրան դարձնում են ամենաիշխանավոր և ամենահզոր մարդը Նախագահից հետո:

 1.   Սերժ Սարգսյան

Այս ամիս նա Մեծ Բրիտանիայի արքայազնի հետ Լոնդոնի Վեստմինստերյան տաճարում մասնակցեց ցեղասպանության հիշատակին նվիրված հերթական շռնդալից արարողությանը: Վաշինգտոնում նա տեսակցեց Բարաք Օբամային: Մադրիդում ջերմ աշխատանքային շփումներ ունեցավ Եվրամիության բազմաթիվ ազդեցիկ դեմքերի հետ: Աստանայում շարունակեց իր վաղեմի բարեկամությունը Եվրասիական առաջնորդների հետ: Միջազգային ասպարեզում ուժեղ կապերին զուգահեռ նա սահմանադրական իր նախագծի շուրջը շարունակեց համախմբած պահել բազմաթիվ քաղաքական ուժերի ու գործիչների:

 

Այս ամիս չեն հաջողել պատկառելի շատ այլ այրեր: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:

 

Շաբաթի թղթակցակազմի և իր դիտարկումները ամփոփեց ու ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին