Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի ֆանկլուբը, Հովիկ Աբրահամյանի կրկնակի անկումն ու Վովա Գասպարյանի մրցակիցների անհետացումը. ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԻ TOP 10

03 Դեկտեմբեր, 2016 19:15
Կարեն Կարապետյանի ֆանկլուբը, Հովիկ Աբրահամյանի կրկնակի անկումն ու Վովա Գասպարյանի մրցակիցների անհետացումը. ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԻ TOP 10

Ոմանք լացում են, երբ տեսնում են, թե ում ձեռքում է երկրի ողջ փողն ու իշխանությունը, ոմանք էլ ոգևորված ծափահարում են այսօրվա ամենահզորներին: Եվ այսպես.

1. Սերժ Սարգսյան

Մշակույթի նախարարն այնպես խոնարհվեց Նախագահի առաջ ու մյուս նախարարների հետ միասին այնպես մտավ ՀՀԿ, որ այլևս ոչ մեկի մոտ կասկած չմնաց, թե ում ձեռքին է այսօր ողջ իշխանությունը: ՀՀԿ նորընտիր նախագահը համագումարը վերածեց իր կուսակցության ուժի ցուցադրության մի նոր շքահանդեսի, իսկ Կիսելյովի հետ հարցազրույցով էլ անցավ ռուսական քննության բոլոր ծուղակները: Այսպիսով, ողջ տարին և նաև հիմա նա այս տասնյակի անվիճելի առաջատարն է:

2. Կարեն Կարապետյան

Նա մտավ ՀՀԿ և դրանով իսկ ձեռք բերեց վարչապետական կայուն պայմանագիր, որի ժամկետն այլևս չի ավարտվի հաջորդ տարվա ապրիլյան ընտրություններին: Երբ նա ու ևս յոթ հազար մարդ ՀՀԿ-ական դարձան, Կարապետյանի  ֆան-կլուբի հազարավոր անդամներ էլ դադարեցրին նախկին դրայվով երկրպագել ամենասիրված այս վարչապետին ու վերջնականապես համոզվեցին, որ նրան պաշտոնի է բերել և պահում ոչ թե ռուսը կամ մի այլ խորհրդավոր ուժ, այլ հենց Սերժ Սարգսյանը:

3. Սամվել Կարապետյան

Նա Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ գերագույն մարմնի ամենամեծ բաժնետերն է, քանի որ այնտեղ են ընդգրկվել իր մի քանի մարդը՝ իր եղբայր Կարեն Կարապետյանը,  իր սանիկ Գագիկ Բեգլարյանն ու իր խնամի Հրանուշ Հակոբյանը: Նա այնքան լավ ընկեր է ներկայիս վարչապետի համար, որ երբ գազավիկները քչություն արեցին «մի գիշերում յոթ հազար մարդ ՀՀԿ մտցնելու» ծրագրի շրջանակներում, նա իր ՀԷՑ-ի մարդկանցով կարողացավ համալրել Հանրապետականի առանց այդ էլ լեփ-լեցուն շարքերը:

4. Վովա Գասպարյան

Նրա դիրքերը ժամանակին կարող էին թուլացնել միայն ուժայինների մի քանի մրցակիցներ, իսկ այժմ գերհզոր պաշտոնյան մրցակցությունից դուրս է: Բախտի բերմամբ, թե պատահմամբ Գորիկ Հակոբյանն ԱԱԾ-ից թոշակի է գնացել՝ իր տեղը զիջելով Գասպարյանի ընկերոջը, կռված հրամանատար Սեյրան Օհանյանին փոխարինել է ուժային գործերում անփորձ Վիգեն Սարգսյանը, բարետես ու բարեժպիտ վարչապետի գալստյամբ հեռացել է խարդավանքների մեծ վարպետը, իսկ Աղվան Հովսեփյանն էլ վերջին շրջանում զբաղված էր բացառապես իր որդու հարսանիքով: 

5. Տարոն Մարգարյան

ՀՀԿ համագումարին նրան վերապահվեց Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ առաջադրելու վեհ պատիվը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների տոնակատարությանը նախագահի կողմից նրան շնորհվեց ամենաբարձր պետական պարգևն ու մեդալը: Նրա իշխանական ուժի այս ցուցադրումից բացի, նա Երևանն իսկապես դարձրել է չափազանց բարեկարգ քաղաք, իսկ ինքն էլ շատ երևանցիների համար դարձել է անկախությունից ի վեր լավագույն քաղաքապետը:

 

 

6.Արմեն Գևորգյան

Նրա թիմի հմուտ կառավարման շնորհիվ Նախագահն այլևս չի դառնում լրատվական և համացանցային հարձակումների թիրախ, սակայն նա որոշակի անկում է արձանագրել գերհզորների այս տասնյակում, քանի որ իր ստեղծագործ էներգիան ծառայեցնում է ոչ այնքան քաղաքական մեծ գոլեր խփելուն, որքան անարժանների համար մեդալային ու այլ տեսակի լավություններ անելուն: Ժամանակն է հրաժեշտ տալ նախագահականում ծվարած անցյալի բոլոր մնացուկներին՝ իրական գործընկերություն հաստատելով արժանի աջակիցների հետ:

 

 

7. Վարդան Հարությունյան

Նա այս ամիս Նախագահի բարեփոխումային խոստումների կատարման իրական չեմպիոնն էր: Վարչապետի այս նվիրյալ զինակիցը կարճ ժամանակում մեծ արդյունքների է հասել, քանի որ մաքսայինում ներմուծողներից գումարներ չեն շորթում, իսկ տնտեսվարողները զարմացած են հարկայինի աշխատողների վարքուբարքից: Այսպիսով, ՊԵԿ նախագահն ու առողջապահության նախարարն այն հազվագյուտ նորանշանակներից են, որոնք գեղեցիկ խոսքերի փոխարեն իրական գործ են անում և սկսել են գլխիվայր փոխել իրենց բարդ ոլորտները:

ծ

8. Գեորգի Կուտոյան

Նրա հակակոռուպցիոն պայքարն այս ամիս տեսանելի չի եղել հանրության համար, սակայն այս անկաշառ ու մաքուր կենսագրությամբ ԱԱԾ պետը շարունակում է լարվածության մեջ պահել երկրի բոլոր հայտնի ու անհայտ կաշառակերներին: Նրա ղեկավարած կառույցն այս ամիս ավարտեց «Նորքի բանդայի» գործով նախաքննությունը՝ գոհացնելով երկրի բարձրագույն ղեկավարությանը և էլ ավելի ամրացնելով Կուտոյանի դիրքերն իշխանական բուրգում:   

9. Գագիկ Ծառուկյան

Նա իր վաթսունամյակը նշեց Մոնակոյում, իսկ երկրի ողջ քաղաքական դաշտը շունչը պահած սպասեց նրա որոշմանը: Իր ստեղծած ԲՀԿ-ն չգիտի, թե էլ ինչպես խնդրի նրա վերադարձն ու իրենով անի նրա փողերն ու մեծ հեղինակությունը, իսկ ԲՀԿ-ից շատ ավելի առողջ ու չվարկաբեկված ուժը՝ «Միասնությունը»,  նոր քաղաքական գորգ է փռում նրա փառահեղ վերադարձի համար: 

10. Վիգեն Սարգսյան

Նա Ռուսաստանում խմբակային լուսանկարման ժամանակ հուշտ արեց Ադրբեջանի պաշտպանության նախարարին, սակայն Նախագահը նրա գործունեությունը ՀՀԿ համագումարում գնահատեց «ոչ վատ», ինչը նշանակում է նաև՝ ոչ լավ: Նրա դիրքերն էականորեն անկում են ապրել, քանի որ նա թաթախվել է հազար դրամանոցների անիմաստ սկանդալի մեջ, դեռ չի խզել իր վնասակար կապերը ձախողման տանող մի քանի ընկերների հետ, ինչպես նաև շտապել է մտնել ՀՀԿ: Նրա դիրքերի որոշակի անկման մասին է խոսում նաև այն, որ Նախագահը մոռացավ ՀՀԿ ԳՄ կազմում կարդալ նրա անունը:

 

 

Վերջում հավելենք, որ ամենահզորների տասնյակն արդարացիորեն լքել է Հովիկ Աբրահամյանը, ով փոխանակ իր դիրքերն ամրացներ իրեն աջակցող բարեկամների հետ՝ որոշեց իր որդու հետ միասին մարդ փախցնել այդ բարեկամներից: Ճիշտ նույն կերպ իրենից փախցրեցին Արփինե Հովհաննիսյանին, ով դարձավ ԳՄ անդամ, բայց այլևս ոչ Հովիկ Արգամիչի ջանքերի շնորհիվ: Նա դեռ կարող է վերականգնել կորսվածը, եթե որոշի ուղղել սեփական սխալները և աշխատել միայն իրապես օգտակար գործընկերների հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին