Կարևոր իրադարձություններ

Շատ փող չեն տալիս, չեմ մրսում, նվագում եմ փողերը վերցնում ու տուն եմ գնում.Ալինայի ջութակի ձայները Երևանի փողոցներում

20 Նոյեմբեր, 2015 10:05
Շատ փող չեն տալիս, չեմ մրսում, նվագում եմ փողերը վերցնում ու տուն եմ գնում.Ալինայի ջութակի ձայները Երևանի փողոցներում

9-ամյա Ալինան, շաբաթական մի քանի անգամ, երեկոները նվագում է փողոցում: 3 տարի դպրոցում գերազանցիկ սովորող այս աղջնակը տանը նստելու և իր սիրելի խաղերով, դասերով զբաղվելու փոխարեն ցրտին նվագում է փողոցում՝ սոցիալական վատ պայմանների պատճառով: 

Shabat.am-ի հետ զրույցում Ալինայի տատիկը պատմեց, որ իրենք սոցիալական ծանր պայմաններում են ապրում և չնայած այն հանգամանքին, որ երեխան անչափահաս է նրան ցրտին հանում են տանից դուրս տատիկի հետ միասին, որպեսզի նրանք գումար վաստակեն: Տատիկը նստում է նստարանին, իսկ Ալինան սկսում է նվագել և գումար աշխատել: 

«Ալինայի մայրը, առողջական լուրջ խնդիրներ ունի և պատրաստվում է վիրահատվել, այդ պատճառով էլ չի կարողանում աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Սվետան:  

Հաջողվեց նաև զրուցել փոքրիկ ջութակահարու հետ. «Շատ փող չեն տալիս, չեմ մրսում, նվագում եմ փողերը վերցնում ու տուն եմ գնում: Ես երկու եղբայր ունեմ, նրանցից մեկը ծնվել է հունվարի ամսին, Սուրբ Զատիկի օրը, սուրբ օր է ծնվել, շուտով կդառնա երկու տարեկան» ,- ժպիտով նշում է փոքրիկը:  

5 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է միայն Ալինայի վաստակած գումարով: 

Shabat.am-ը կազմակերպում է բարեգործական ակցիա, որի շրջանակներում մենք փորձելու ենք օգնել փոքրիկին և նրա ընտանիքին: 

Ցանկացողները կարող են զանգահարել՝ 094 03 73 73 կամ գրել էլ.հասեցին [email protected] 

Հ.Գ. Բարեգործական ակցիան կազմակերպելուց հետո Shabat.am-ին հաջողվել էր պարզել մի քանի ուշագրավ մանրամասներ.

Իրավապահ մարմինները մի քանի անգամ Ալինային և նրա տատիկին՝ Սվետային, հրավիրել են ոստիկանության բաժանմունք, տատիկը ստորագրություն է տվել, որ երեխային այլևս չի ստիպելու աշխատել և գումար վաստակել: Պարզվել է, որ Ալինայի մայրը  առողջ է և ունակ է աշխատել, սակայն տան անդամներն ավելի հեշտ միջոց են գտել, երեխային աշխատեցնելով իրենք կարողանում են բարեկեցիկ կյանքով ապրել: 

Այն երաժշտական դպրոցը, որտեղ սովորում է Ալինան և իր եղբայրը, իրենց համար բոլորովին անվճար է: 

Նրանք ստանում են պետության կողմից տրամադրվող նպաստ, սակայն տատիկը նախնական զրույցի ընթացքում մեզ պատմել էր, թե պետությունն իրենց ոչ մի կերպ չի աջակցում: Հրապարակումներից հետո Ալինան մի քանի օր չնվագեց փողոցներում, սակայն կրկին վերսկսել է նվագել, արդեն ոչ թե Աբովյան փողոցում, այլ Երևանի տարբեր վայրերում: Ցավոք, առայժմ Shabat.am-ին չի հաջողվել անձամբ տեսնել, թե որտեղ է նվագում Ալինան: 

 

Հեղինակ՝ Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին