Կարևոր իրադարձություններ

Ո՞վ կկարողանա վերջ դնել հայերի թալանին, արտագաղթին ու աղքատությանը. Հեղափոխականների TOP 10

26 Նոյեմբեր, 2016 19:30
Ո՞վ կկարողանա վերջ դնել հայերի թալանին, արտագաղթին ու աղքատությանը. Հեղափոխականների TOP 10

Չնայած իշխանությունն իր փողերով, օլիգարխներով, ձեռնտու ընտրական օրենսգրքով, ռուսական անվերապահ աջակցությամբ և արևմուտքի խոր անտարբերությամբ անպարտելի է թվում, այդուհանդերձ, դեռ մնացել են մի քանի սկզբունքային ռոմանտիկներ, հեղափոխականներ, նախկին պաշտոնյաներ ու կասկածելի ընդդիմադիրներ, ովքեր մեկ կամ մի քանի դաշինքով միգուցե մի օր կիրականացնեն հայ ժողովրդի քսանհինգամյա երազանք դարձած իշխանափոխությունը: Եվ այսպես.

1. Ժիրայր Սէֆիլյան

Մինչ բոլորը պատրաստվում են ապրիլյան ընտրություններին, նա իր ամենահզոր թիմակիցների հետ բանտում է: Նա չի հավատում այս իշխանության անցկացրած ընտրություններին ու չի մասնակցի դրանց, սակայն նրան է վերապահված այդ մրցավազքում «Իրական ընդդիմադիրի» տիտղոսով օծելու առանձնաշնորհը: Նա, ամենայն հավանականությամբ, իրական ընդդիմադիրի իր կնիքով կդրոշմի այն դաշինքը, որտեղ կլինի «Ժառանգություն»-ը, որին էլ փողոցային պայքարի իր մեծ փորձով ու ակտիվ մասնակցությամբ կմիանա, բայց արդեն հետընտրական զարգացումների ժամանակ: 

2. Արամ Սարգսյան

Նախկին վարչապետը, որը նախագահական ընտրություններում կանգնեց նախ Ստեփան Դեմիրճյանի, հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ վերջում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, որոշակի դադարից հետո նորից հայտնվեց քաղաքական երկնակամարում և հավակնում է դառնալ կտրուկ արևմտյան կողմնորոշում ունեցող ընդդիմադիր դաշինքի մերանը: Նրա հակաԵՏՄ-ական դիրքորոշումներին ակնհայտորեն պատրաստ են միանալ Րաֆֆին, Նիկոլն ու Էդմոնը, իսկ նա հատուկ վերապատրաստված հռետորական խոսքով ու վազգենական խարիզմայով պատրաստ է լինել հեղափոխական ընդդիմության հաջորդ առաջնորդը:  

3. Րաֆֆի Հովհաննիսյան

Մինչ որևէ ընդդիմադիր դաշինք ձևավորելը նա պետք է նախևառաջ միավորի իր տրոհված թիմը և հատկապես հաշտեցնի Զարուհուն ու Արմենին, ինչն ասես սկսել է ստացվել: Չնայած Րաֆֆին հսկայական ձայներ էր հավաքել նախագահական ընտրություններում, նա կորցրեց ժողովրդական շարժման ալիքը և տարվեց Վովա Գասպարյանի հետ աղոթելու գայթակղությամբ: Այս աղոթքը չէր ներվի «Ժառանգությանը», եթե Փոստանջյանը, Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը վերջին տարիներին ու հատկապես «Սասնա Ծռերի» օրերին չդրսևորեին այդքան կարծր ու անկասկած ընդդիմադիր կեցվածք: 

 

4. Նիկոլ Փաշինյան

1 տոկոս Գյումրիում, 4 տոկոս Վանաձորում, և ՔՊԿ-ն փոխել է իր մեծամիտ մոտեցումը՝ պատրաստ լինելով միանալ խորհրդարան անցնող որևէ ընդդիմադիր դաշինքի: Մյուս դաշինքավորները կարող էին հիշաչար լինել և չընդունել նրանց, սակայն անձամբ Նիկոլը իսկապես սիրված է հասարակ ժողովրդի կողմից, Սասուն Միքայելյանը Հրազդանում ունի շուրջ 10.000 ձայն, «Հայկական ժամանակը» արժեքավոր լրատվամիջոց է, իսկ Խաչատուր Սուքիասյանն էլ դեռ կարող է իր փողերի մի զգալի մասը ներդնել ՔՊԿ-ի դաշինքային նախագծում, իհարկե եթե Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն և իրենով չանի մերթընդմերթ ընդդիմադիր դարձող ու դեռևս պահեստայինների շարքում գտնվող այս գործչին: 

 

5. Վարդան Օսկանյան

Նա կրկնեց վարչապետի տրյուկը, բայց ոչ նրա մեծ փիարային հաջողությունը, երբ հարցազրույց տվեց միայն մի քանի ընտրյալ լրատվամիջոցների: Եթե արևմտամետների բլոկը, այսինքն՝ Արամ Զավենիչը, Րաֆֆին, Նիկոլն ու Էդմոնը, չուզեն համախմբվել «Համախմբման» հետ, ապա վերջինս ստիպված  կլինի խաղալ ռուսամետների հետ և իր բախտը փորձել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և նույնիսկ ՀՎԿ-ի հետ: Այդ դեպքում Օսկանյանն ու իր մի քանի ինտելեկտուալ թիմակիցները հաստատապես կհայտնվեն խորհրդարանում, բայց արդեն ոչ թե ընդդիմադիր հեղափողականների դերով, այլ ոչիշխանականների հոգնեցրած կերպարով:

 

6. Էդմոն Մարուքյան

Մինչ նրա անձնական թշնամին՝ Վիկտոր Դալլաքյանը, դեկտեմբերի 23-ին իր կուսակցությունն է ստեղծում, որպեսզի խլի նրա վանաձորյան ձայները, նա հենց այդ ձայների փաթեթով ցանկալի հյուր է դարձել ցանկացած ընդդիմադիր դաշինքում և պատրաստ է միավորվել Նիկոլի հետ, որն ընդամենը մի քանի ամիս առաջ իրեն մեղադրեց իշխանության դրածոն լինելու մեջ: Իրապես որ քաղաքականությունում չկան հավերժ թշնամիներ, այլ կա միայն պառլամենտում հայտնվելու հավերժական շահ:  

7. Լևոն Զուրաբյան

Երբեմնի փառահեղ ՀԱԿ-ը խայտառակ արդյունքներ արձանագրեց Գյումրիում և Վանաձորում այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մի պահ որոշեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ: Այս պահին ՀԱԿ-ի ինքնուրույն իշխանափոխությունը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ նրանց վերջին արժեքավոր դաշնակիցը մնացել է Ստեփան Դեմիրճյանը, ում ազգանունը, Զուրաբյանի ինտելեկտը, «Չորրորդ իշխանության» սուր գրիչը, Արամ Մանուկյանի ինտելիգենտ հայհոյանքները, ցավոք, բավարար չեն խորհրդարան մտնելու համար: Պետք է մի նոր բան մտածել կամ վերադառնալ լավ մոռացված հնին՝  Ծառուկյանի և Օսկանյանի հետ եռյակին, թե չէ կմնան ՀՀԿ-ի, «Դաշնակցության» ու մյուս «4+4»-երի հույսին:

 

8. Վահան Խաչատրյան 

Նա ցանկացած ընդդիմադիր դաշինքի համար կարող է ապահովել Գյումրիի 10.000 ձայն և դարձյալ զոհասեղանին դնել իր ԳԱԼԱ-ի անկաշառ ու մաքուր անունը: Նրա սկզբունքային թիմն ու անվիճելի հեղինակությունը կարող են իրապես օգնել ցանկացած ազնիվ իշխանափոխության, իհարկե եթե այդպիսին երբևէ նախատեսվում է: Որպես գյումրեցի՝ նա պետք է ընտրի ռուսամետ ընդդիմադիր դաշինքը, իսկ որպես իրական դեմոկրատ՝ արևմտամետների բլոկը: 

9. Արամ Կարապետյան

Նա տարիներ շարունակ եղել և մնացել է իշխանության ամենակայուն և սուր քննադատը, իսկ վերջին շրջանում՝ ֆեյսբուքյան ամենաինտելեկտուալ ընդդիմադիրը, որին շատ են սկսել սիրել նաև խելացի ու թարմ խոսք փնտրող լրատվամիջոցները: Նրա կուսակցությունն այլևս ազդեցիկ չէ, բայց նա որպես անհատ կարող է մտքի հեղափոխություն սկսել ցանկացած ճամբարում, որն էլ մի օր, միգուցե և հաջորդ տասնամյակում, կհանգեցնի իրական իշխանափոխության: 

10. Կարեն Կարապետյան

Եթե վերոհիշյալ բոլոր պատկառելի այրերը դարձյալ ձախողեն իշխանափոխությունը, ապա հայ ժողովրդի վերջին հույսը կմնա Կարեն Կարապետյանը: Նա արդեն իսկ հաջողությամբ կառավարությունից հեռացրել է բազմաթիվ չսիրված գործիչների, իսկ նրա զինակից Վարդան Հարությունյանը արդեն իսկ շոշափելի հեղափոխություն է իրականացրել մաքսային և հարկային մարմիններում՝ դրանք մաքրելով կոռուպցիայից ու մոնոպոլիստներից: Կարապետյանն ու իր թիմը մտան ՀՀԿ և միգուցե շուտով հեղափոխություն անեն նաև իշխանական կուսակցությունում: Այսպիսով, հայրենի իշխանությունն այնքան ագահ է, որ նույնիսկ հեղափոխականի պաշտոնը չի կամենում ընդդիմությանը և այն մենաշնորհել է իր վարչապետին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին