Կարևոր իրադարձություններ

Ամուսնուցդ բողոքելուց առաջ հիշի՛ր սա...

31 Օգոստոս, 2016 00:22
Ամուսնուցդ բողոքելուց առաջ հիշի՛ր սա...

Երևի բոլոր կանայք էլ սիրում են ընկերուհիների հետ հանդիպելիս անձնական, ընտանեկան թեմաներով կիսվել, կարծիքներ փոխանակել, խորհուրդներ տալ ու առնել: Սուրճի սեղանի շուրջ, ջերմ մթնոլորտում անկեղծանալը, ինչ խոսք, հաճելի է: Իհարկե, չեն բացառվում նաև օգտակար խորհուրդները: Բայց կողմնակի կարծիքները միշտ չէ, որ կարող են օգտակար լինել: Ավելին, երբեմն այդպիսի քննարկումները վերածվում են բամբասանքի՝ դրանից սպասելի բոլոր բացասական հետևանքներով՝ գրգռվածություն, չարացածություն, քինախնդրություն, վերջապես, ամուսնալուծություն…


Մեր մեծերն իզուր չէին ասում՝ տան աղբը դուրս մի՛ հանեք:

Բնականաբար, աղբը տնից հանելը գայթակղիչ է: Ցավդ պատմելով՝ դու զգում ես, որ մենակ չես, կողքիդ է քեզ կարեկցող ու զորակցող ընկերուհիդ, դու կարծես լրացնում ես այն սերը, որը քեզ չի բավականացնում ընտանիքում: Հենց այդ զգացողությունն է դրդում դիմել «զանգ ընկերոջը» կամ «դահլիճի օգնություն» տարբերակներին:

Իսկ որո՞նք են այն պատճառները, որ պետք է քեզ հետ պահեն այդ գայթակղությունից:

Դա վտանգավոր է:

Ժողովրդական ասացվածքները դարերով փորձված ու հղկված իմաստնության մարգարիտներ են, որոնցում արտացոլված են մեր նախնիների պատկերացումները չարի և բարու մասին: Նրանք կարծում էին, որ չար մարդը բացասական ազդեցություն է թողնում տանտիրոջ վրա, երբ նրա տնից հանված աղբի վրա մոգական խոսքեր է արտաբերում: Ըստ հին հավատալիքների՝ մարդուն կարելի է վնասել եղունգների, մազերի, ընդհանրապես տնից հանված ցանկացած աղբի միջոցով: Այդ պատճառով էլ աղբը տան շեմից հանելուց հետո այրում էին: 

Վեճը տան պատերից դուրս հանելը նշանակում էր տան գլխին դժբախտություն բերել: Հենց դրա համար էլ մեր նախնիները կարծում էին, որ ինտիմ կյանքը և ընդհանրապես այն ամենը, ինչ վերաբերում է ամենամերձավոր մարդուն, պետք է փակ թեմա լինի շրջապատի համար, որպեսզի ոչ մեկը չկարողանա դռնից ներս սողոսկել, ցավ, տառապանք ու տխրություն բերել:

Աղբը տնից հանելով՝ դու քեզ զոհի վիճակում ես զգում, բայց վտանգ կա, որ վերջում իսկապես զոհ դառնաս, գլխիդ իսկական դժբախտություն բերես հենց քո լեզվի պատճառով: Միտքը նյութեղեն է, իսկ ասված խոսքը՝ առավել ևս: Երբեմն զոհի կերպարն այնքան գրավիչ է թվում, որ լրիվ դերի մեջ ես մտնում և աջուձախ սկսում պատմել այն մասին, թե ինչքա՜ն դժբախտ ես ամուսնական կյանքում, թե որքա՜ն վատն է քո կողակիցը: Ու հենց այդ խոսակցություններն արդեն բավական են բացասական լիցքերի բավարար պաշար ստանալու համար: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Դու արդեն բացասական ծրագրավորում ես տալիս: Դու գլխի էլ չես ընկնում, որ այդպիսով վերջնականապես փակում ես երջանկության ճանապարհը, քանի որ չես կարողանում գնահատել այն, ինչ ունես: Ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո գլխներիս ենք տալիս: 

Ուրիշների հետ քո անհաջողակ ամուսնուն քննարկելով՝ մռայլ գույներն ավելի ես խտացնում, դու դրանց վրա կրկնվելու կոդ ես դնում, և դժբախտի պիտակը վերջնականապես ամրագրվում է:

Ինչ պետք է անել

Եթե դու սպիտակ նժույգով արքայազնի ես սպասել և երազանքդ հենց արմատից չորացել է, պետք է ոչ թե բարի ցանկությունները ցրել, այլ դրանք հանրագումարիինչպես չբողոքել բերել և փորձել կյանքի կոչել: Ամուսնուդ համար մի նոր կերպար ստեղծիր. գուցե քո ցանած սերմերն ուշացած, բայց համեղ պտուղ դառնալու ճանապարհի՞ն են: Չի բացառվում, որ անճոռնի ճուտիկը կերպարանափոխվի: Դրա համար երբեմն միայն ցանկություն է պետք և, իհարկե, սեր: Որովհետև սերն է այն բանալին, որը կարող է ցանկացած դուռ բացել:

Ինքդ քեզ երբևէ չե՞ս հարցրել: եթե նա այդքան վատն է, ինչո՞ւ եմ շարունակում նրա կողքին ապրել: Այստեղ գուցե մտածելու բան կա: Իսկապես, մի՞թե կարելի է, օրինակ, ընդամենը այս ու այն կողմ թափթփված շորերի ու գուլպաների համար ամուսնալուծվել: Դե, իսկ եթե չես ուզում բաժանվել, շարունակում ես քնել նրա կողքին, նրա վաստակած գումարն ես ծախսում, թույլ ես տալիս, որ երբեմն քեզ համբուրի, ուրեմն ի՞նչ կարիք կա ուրիշների մոտ բացահայտել կենցաղային մանր հարցերը: Ինչպիսին դու նրան տեսնես, այնպիսին էլ նա կլինի:

Ընտանեկան երջանկության գաղտնիքը կյանքի քո տարբերակը սիրով ու շնորհակալությամբ ընդունելու կարողության մեջ է, ու ամենևին կարևոր չէ, թե այդ մասին ինչ կմտածեն և ինչ կասեն ուրիշները: Չէ՞ որ քո կյանքի գլխավոր պահերը դու ոչ թե այդ ուրիշների, այլ նրա հետ ես ապրում:

Նրա թերությունները քո բացթողումներն են: Ժողովրդական մի այդպիսի խոսք կա. «Յուրաքանչյուր կին արժանի է այն տղամարդուն, որը նրա կողքին է»: Հենց կինն է թույլ տալիս, որ տղամարդը լինի ծույլ, կոպիտ, հարբեցող, անհաջողակ կամ, հակառակը՝ հերոս, կնամեծար, պաշտպան, ընտանիքի սյուն: Կինն իր ուզածով կարող է լարել ընտանեկան ջութակը և տանը համապատասխան մթնոլորտ ստեղծել:

Երևի որոշ կանայք ընկերուհիների մոտ իրենց ամուսիններին վատաբանելով՝ ենթագիտակցաբար հագուրդ են տալիս ամուսնուց լավը երևալու իրենց ցանկությանը: Բայց դրանով նրանք հե՛նց իրենց են վարկաբեկում, որ չեն կարողացել ճիշտ ընտրություն կատարել կամ էլ այնքան ապաշնորհ են, որ իրենց ընտանեկան հարաբերությունները շտկելու կարողություն չունեն:

Այստեղ գուցե ընթերցող կանանցից շատերը չհամաձայնեն. «Էլի՞ ամեն ինչում կինն է մեղավոր» Եթե տղամարդը ծույլ է, ուրեմն կինը չի կարողանում նրան բազմոցից պոկել, եթե սիրուհի ունի, ուրեմն կինը նրան չի կարողանում բավարարել, եթե հարբում է, կինն է հասցնում դրան: Մի՞թե կարելի է անվերջ բոլոր մեղքերը խեղճ կանանց վրա բարդել»:

Իհարկե, այդպես չէ: Ուղղակի իրատեսական չէ այնպիսի ամուսնու մասին երազելը, որն ինքնուրույն որոշումներ է կայացնում և պատասխանատու է սեփական արարքների համար, պաշտպանում է ու հովանավորում, զուսպ է ու հավասարակշռված, հաճախակի ծաղիկներ է նվիրում… Պետք չէ նստել ու հրաշքների սպասել: Հաստատ այդ հրաշքը կմնա յոթ սարի հետևում, եթե դուք շարունակեք ընկերուհիներով ամուսինների միսը ծամել:

Բամբասանքը քո հոգին չի թեթևացնի: Ասենք թե՝ լեզվիդ տվեցիր, հոգիդ դատարկեցիր, մի վագոն կարեկցանք վաստակեցիր ու մի ցիստեռն էլ արցունք թափեցիր: Հետո՞: Արդյունքում ուղեղումդ դաջվեց սրիկայի մի կերպար, որը քեզ պետք չէ: Հետո վերադառնում ես տուն և ի՞նչ… Նա նստած է այնտեղ: Ի՞նչ պետք է անես: Ախր, պետք է շարունակես նրա կողքին ապրել: Իսկ արժե՞ արդյոք: Այդ դեպքում կնոջը թվում է, թե բաժանումը միակ ելքն է: Նա սխալվում է, մտածելով, որ կգտնի այն իդեալական տղամարդուն, որի մասին երազում է: Եթե նույնիսկ գտնում է այդպիսի մեկին, բավական է, որ սկսեն համատեղ ապրել ու… Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Այդ ժամանակ սկսվում է հերթական դեպրեսիան: Կինը խաչ է քաշում ինքն իր վրա և տղամարդկանց ողջ ցեղին մարդկության խոտան համարում: Այդ ժամանակ արդեն կարելի է անդադար, առանց հոգնելու բողոքել ու փնովել: Եվ ի՞նչ… Միևնույն է, գալիս է մի պահ, երբ կնոջ սիրտն ուզում է սիրել ու սիրված լինել: Նա նորից սկսում է հրաշքի սպասել: Բայց այդպես սպասելով՝ կյանքն է անցնում: Ցավոք, կանանց մեծ մասին մի ամբողջ կյանք է պետք այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար, իսկ ոմանք այդպես էլ չեն հասկանում: Ուղղակի հաշտվում են «դառը» ճակատագրին, հարմարվում «ոչ մի բանի պիտանի չէ, բայց իմն է» ձևակերպմանը: Դե, իսկ եթե ոչ մեկինն էլ բանի պետք չէ, արդեն հանգիստ խղճով բոլորի հետ համատեղ ու միաձայն կարելի է բողոքել: Անպետք մարդուց բողոքելու մեջ ի՞նչ մեղք կա որ: Եվ այդպես խրվում ու սուզվում ես ճահճի հատակը: Տխուր բան է ստացվում…

Դրա համար էլ ամեն անգամ, երբ ցանկանում ես ինչ-որ մեկին պատմել այն մասին, թե ինչպես է ամուսինդ, ասենք, դեսուդեն շպրտում շորերը, իսկույն բերանիդ մի մեծ կողպեք դիր:

Դա արա՛ հանուն սիրո:

 

Լրահոս

Դիտել ավելին