Կարևոր իրադարձություններ

ՀՀ իշխանությունները հիմա էլ ցանկանում են «Երևանի» ՋԷ՞Կ-ը վաճառել. «Ժողովուրդ»

30 Օգոստոս, 2016 08:38
ՀՀ իշխանությունները հիմա էլ ցանկանում են «Երևանի» ՋԷ՞Կ-ը վաճառել. «Ժողովուրդ»

Ռուսական «Լայֆ» կայքի՝ երեկ հրապարակած նյութի համաձայն՝ «Երեւանի ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Երեւան ՋԷԿ»-ի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ու եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք: Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետեւից հարյուրավոր միլիոն դոլարներ եւ համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար:

Հենց այդ պարտքը մարելու անվան տակ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 20 տոկոսը տվեց ռուսական կողմին: Արդյունքում «Հայռուսգազարդը» անվանափոխվեց եւ դարձավ «Գազպրոմ-Արմենիա»: «Երեւան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» պարտք լինելու մասին լուրը ուշագրավ է, որովհետեւ Հայաստանի հատկապես էներգետիկ ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառելու նախորդ գործարքները համանման ինչ-որ պարտքեր մարելու անվան տակ են իրականացվել: Արդյոք Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հող են նախապատրաստում «Երեւան ՋԷԿ»-ը վաճառելու համար, ցույց կտա ժամանակը:

«Ժողովուրդ»-ը «Գազպրոմ-Արմենիայից» փորձեց պարզել, թե ինչ պարտքի մասին է խոսքը, եւ ինչպես է այն գոյացել: Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Հարցը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրից ծագած պարտավորությունների կատարմանը: «Երեւանի ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է: Վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակների շուրջ, իմ տեղեկություններով, ընթանում են համապատասխան քննարկումներ»:

Ամեն դեպքում այս իրավիճակը մեր երկրի համար տնտեսական իմաստով դրական տեղաշարժի մասին չի խոսում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին