Կարևոր իրադարձություններ

Երեկ մտերիմները հրաժեշտ տվեցին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 09:23
Երեկ մտերիմները հրաժեշտ տվեցին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մտերիմները հրաժեշտ տվեցին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին։ Միկան այն «ծառերից» էր, որի բնի հաստությունը կտրվելուց հետո է զգացվում․ նրա անժամանակ մահn ստիպեց, որ վերջապես հասարակությունը գնահատի այն գործը, որ նա անում էր տարիներ շարունակ։ Անում էր հետեւողականորեն, անխոնջ, առանց անսալու այն աղմուկին ու քննադատություններին, որ հնչում էին իրավապաշտպանությունից ոչինչ չհասկացող, կեղծ հայրենասիրական լոզունգներով ապրող, մարդու իրավունքներն ամեն օր ոտնահարող մարդկանց ու կազմակերպությունների կողմից։ Անում էր` առանց գնահատանքի խոսքեր ակնկալելու։ Նա չէր խորշում ոչ «բորոտներից», ոչ «աղանդավորներից», ոչ համասեռամոլներից, ոչ քրեական ծանր հանցանք կատարած անձանցից։ Նրան դիմում էին բանակից խուսափողները, փախստականները, մարդասպանները, գողերը, հոգեկան հիվանդները, բոլորը։

Եվ նրանք բոլորը գիտեին, որ Միքայել Դանիելյանը մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ զգացողություն ունի։ Նրա համար կարեւոր չեն մարդու հայացքները, սեռական կողմնորոշումը, կրոնական համոզմունքները, հարաբերություններն իշխանությունների եւ իրենց գործատուների հետ։ Նրա համար կարեւորը մարդու իրավունքն էր, եւ նա պաշտպանում էր նրանց, անգամ եթե պաշտպանելը շատ բարդ էր, գրեթե անհնարին։ Նա իրավապաշտպան էր բառիս ամենալավ ու ամենավսեմ իմաստով։ Նրան տարբեր պիտակներ էին կպցնում՝ գրանտակերից մինչեւ դավաճան, ադրբեջանական ագենտից մինչեւ համասեռամոլ։ Բայց նա պաշտպանում էր մարդկանց՝ չմտահոգվելով սեփական հեղինակության եւ իր արածը չհասկացող հասարակության վերաբերմունքի մասին։ Ինչքա՜ն մարդիկ են պարտական Միկային իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։ Այդ մարդկանց օրհնանքներն ուղեկցելու են նրան հանդերձյալ կյանքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին