Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 08:55
ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել. «Հրապարակ»
Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել: «Հրապարակ»-ի տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին:
 
Այս նշանակումն առավել քան ուշագրավ է, քանի որ ոչ վաղ անցյալում հենց Մնացական Մարուքյանն է քննել «Հայբիզնեսբանկ» ընկերությունից 10 մլն. 980 հազար եվրո գումար հափշտակելու գործը: Այդ գործով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը եւ նրա տեղակալ Մելիք Եսայանն ավելի քան 2,5 տարի է` անազատության մեջ են: Արա Կիրակոսյանի մասով գործը դատաքննության փուլում է, հնարավոր է` շուտով հանգուցալուծվի, Մելիք Եսայանի մասով քննությունն առանձնացվել է հիվանդության պատճառով: Այս գործով մեղադրյալներից Սուրեն Գաբրիելյանն էլ, որը 2014թ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել, Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ է, նրա մասով գործը կասեցված է:
 
ԱԱԾ «Հրապարակ»-ի աղբյուրները պատահական չեն համարում Մարուքյանի նշանակումը «Հայբիզնեսբանկում», կարծիք կա, որ այդ պաշտոնով ԱԱԾ քննչական վարչության պետին փոխհատուցել են մոտ 10 մլն. եվրոյի գործով ABB-ին տուժող ճանաչելու որոշումը:
 

Լրահոս

Դիտել ավելին