Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան պայքարելու է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար

21 Հուլիս, 2016 11:19
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան պայքարելու է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան վստահեցնում է՝ պայքարելու է Հայոց ցեղասպանության ճանաչման համար այնքան ժամանակ, քանի դեռ նա Կոնգրեսում է:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, և կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ ես տուն եմ եկել: Ես կյանքիս մեծ մասը գործ եմ ունեցել հայերի հետ։ Անընդմեջ հետևել եմ այն մարտահրավերներին, որոնց երկիրն առերեսվել է Խորհրդային միության փլուզումից հետո, և առանձնահատուկ կապ եմ զգում այս երկրի հանդեպ, քանի որ Ֆրեզնոյից եմ, որը համարում եմ Վիլյամ Սարոյանի երկիրը»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված հանրային դասախոսության ընթացքում ասել է կոնգրեսականը՝ հավելելով, որ Ֆրեզնոյում հատկապես իրեն դուր են գալիս մարդիկ:

«Այն, ինչ հատկապես հավանում եմ Ֆրեզնոյում, մարդիկ են, ովքեր ներգաղթյալների և՛ անցյալն են, և՛ ներկան: Հայերը առաջին անգամ Ամերիկա են եկել 1881 թվականին, սակայն հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո նրանց հոսքը շատացել է. նրանք եկան Ամերիկա իրենց և իրենց ընտանիքի համար ավելի լավ կյանք կերտելու ցանկությամբ»,-նշել է Ջիմ Կոստան՝ հիշեցնելով, որ Ֆրեզնոյի պետական համալսարանը Ամերիկայի միակ համալսարանն է, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան հատկապես այն մարդկանց համար, ովքեր մոռանում են պատմությունը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է աշխատի առկա խնդրի առնչությամբ:

«Տեղյակ եմ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից, և կարող եմ ասել, որ սա, իրոք, մտահոգիչ մարտահրավեր է, որին առերեսվում են հայերը: Արդյոք հնարավոր է համաձայնության գալ խաղաղ հարաբերություններ ձևավորելու հարցում, հարցական է շատերի համար: Ես իմ մասով անելու եմ ամեն ինչ ավելի լավ կամուրջներ կառուցելու համար»,-եզրափակել է Ջիմ Կոստան:

 

Լրահոս

Դիտել ավելին