Կարևոր իրադարձություններ

Չեք ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի, ընտրեք Պողոս Պողոսյանի ղեկավարած ուժին. Էդուարդ Շարմազանով

28 Հունիս, 2016 14:27
Չեք ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի, ընտրեք Պողոս Պողոսյանի ղեկավարած ուժին. Էդուարդ Շարմազանով


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, քաղաքականապես ճիշտ են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Նախագահն ասել էր, որ եթե իր ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, ինքն այլևս քաղաքականությունում անելիք չունի: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի կարծիքը օբյեկտիվ է. «Ցանկացած կուսակցության նախագահ, այն էլ իշխող կուսակցության, այն էլ ամենաազդեցիկ քաղաքական ուժի նախագահը, բնականաբար, պետք է իր կարծիքը հայտնելու իրավունք ունենա, և իր  այդ կարծիքը օբյեկտիվ է: Կարող է փոքրամասնության դուրը գալ կամ չգալ, բայց փաստն այն է, որ  այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը  շարունակում է մնալ ՀՀԿ-ն»: 

Շարմազանովի խոսքով՝ Գյումրիում և Վանաձորում շուտով ընտրություններ  են ու պարզ կլինի, թե ում որքան ձայն կտան ընտրողները:

«Մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցությունները կտեսնենք քանի հոգու ձայն կստանան: Չեմ ասում քանի տոկոս, ասում եմ քանի հոգի: Կուսակցության ռեյտինգը սոցիալ-հոգեբանական կատեգորիա  է, և պարոն Նախագահի խոսքը, քաղաքագիտական առումով, տրամաբանական էր, օբյեկտիվ էր և ընդունելի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: 

Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե այս համատեքստում միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև բոլոր քաղաքական կուսակցությունները իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին: 

«Մեր հանրությունը կորոշի՝ ում է վստահում: Չեք ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի, ընտրեք Պողոս Պողոսյանի ղեկավարած ուժին:  Ով կուզի թող ընտրի ՀՀԿ-ին, ով կուզի թող ընտրի «Բարգավաճ»-ին, ՀԱԿ-ին»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե որ պաշտոնում եք տեսնում Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով նախկինում նրա կողմից հնչեցրած հայտարարությունը, թե ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններին չի հավակնում,  Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ն իր  ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ Նախագահ և բերեք դանդաղ շտապենք: Կոռեկտ չէ այսօր ես խոսեմ այդպիսի բաներից:  Նա այժմ Նախագահն է, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երկու տարի կա»:

Տեսանյութը` 1in.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին