Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ շուրջ է բանակցել Սերժ Սարգսյանը. առաջ են քաշվում միայն Ալիևի նախապայմանները. «Ժողովուրդ»

28 Հունիս, 2016 09:52
Ինչի՞ շուրջ է բանակցել Սերժ Սարգսյանը. առաջ են քաշվում միայն Ալիևի նախապայմանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական լրահոսը վերջին երեք օրերին ամբողջությամբ տարված էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած եռօրյա այցելությամբ: Սակայն հենց այդ օրերին Արցախի հիմնահարցի հետ կապված առավել քան կարեւոր հայտարարություններ հնչեցին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի նախապայմաններն իր համար ընդունելի չեն: Սակայն հայկական կողմից այս հայտարարությանը համարժեք պատասխան այդպես էլ չհնչեց: Հռոմի Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողների հետ հարցազրույցներում Արցախի խնդրին անդրադառնալիս եւս Սերժ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց Ալիեւին:

Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում Արցախի խնդրի կարգավորման ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչեւ ապրիլյան իրադարձությունները, մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները:

Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը ԼՂ բնակչության,  ԼՂ ժողովրդի համար, եւ գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ սփյուռքում»: Առաջին հայացքից թվում է, թե Սարգսյանը ամեն ինչ ճիշտ է ասել, բայց փաստն այն է, որ նա այս դեպքում եւս այդպես էլ չի անդրադարձել այն խնդրին, թե ինչպես կարող են բանակցությունները շարունակվել` միայն Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների հիման վրա:

Նկատենք, որ Ալիեւը համաձայն չէ նաեւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանին: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո ինքնաթիռում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ լավ կլինի մինչ հաջորդ հանդիպումը հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն: Սակայն մինչ օրս դրված չեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին