Կարևոր իրադարձություններ

Լարսը հնարավոր է փակ մնա ևս մեկուկես ամիս. «Հայկական ժամանակ»

28 Հունիս, 2016 09:12
Լարսը հնարավոր է փակ մնա ևս մեկուկես ամիս. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն:

 

«Այդ աշխատանքների մասին առայժմ շուտ է խոսել: Այն,  ինչ տեղի ունեցավ, դեռ ամենը չէր: Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն:

Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա»,-ասաց Աղաջանյանը:

 

Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են:

«Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել»,-ասաց նա»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին