Կարևոր իրադարձություններ

Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` Die Tagespost-ին. «Իրատես de facto»

28 Հունիս, 2016 07:55
Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` Die Tagespost-ին. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` գերմանական «Die Tagespost» թերթին.


- Հայաստանը ընդունել է քրիստոնեությունը 301-ին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:
- Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301-ին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի:
- Պատմության գրեթե ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարևան գերիշխող ուժերը: Ինչպե՞ս է հայոց ազգային ինքնությանը հաջողվել դիմակայել:
- Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ: Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ:
- Այսօր նույնպե՞ս Հայաստանը գոյատևման պայքար է մղում, հրահրված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:
- Հայկական տարբեր պետություններ են գոյություն ունեցել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Եղել են տևական ժամանակահատվածներ, երբ հայությունը զուրկ է եղել սեփական անկախ պետությունից: 20-րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարավորություն ընձեռվեց երկու անգամ անկախանալու: 1918-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի և պարտադրաբար դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիվ սուբյեկտի կարգավիճակով: Որպես պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների հիշատակած Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 1918-1921 թթ. ուներ սուվերենության բոլոր ատրիբուտները և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել էր որպես վիճելի տարածք: 1921-ին բոլշևիկյան կուսակցական մարմնի որոշումով, հակառակ Արցախի ժողովրդի ցանկության, Լեռնային Ղարաբաղը ներառվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում: 1991-ին՝ դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրավունքին և Խորհրդային Միության սահմանադրությանը, տեղի ունեցան հանրաքվեներ, որոնց հիման վրա ձևավորվեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո երկու Հայոց պետություններն առաջնորդվում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականությամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանավորված 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշված ԼՂ դեմ ծավալված ագրեսիայի հետևանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարվածության պահպանմամբ և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարվա ապրիլի առաջին օրերին: ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: ԼՂՀ-ն ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռևս որևէ պետություն, այդ թվում նաև՝ ՀՀ-ն, դեյուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատելը, նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին՝ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան և Ադրբեջանը, և որ դրանց պատկանելությունը Հայաստանին պատմական անարդարություն է:
Ինչ վերաբերում է Թուրքիային, Լեռնային Ղարաբաղի հարցում Անկարան լիարժեք սատարում է Ադրբեջանին:
- Որքա՞ն վատ են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ պատմության և թուրք-ադրբեջանական գործընկերության պատճառով:
- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը 1915 թ. Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը: Հայ-թուրքական սահմանը Եվրոպայի միակ փակ սահմանն է: Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին և 2009-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության և Ղարաբաղի հարցում պրոադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրականացրած հայ բնակչության ջարդերով և էթնիկ զտումներով ապացուցեց, որ Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողն է: Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, և հերոսացնում ու պարգևատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած և ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում: Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելու հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:
- Այսօր ի՞նչ դեր ունի ցեղասպանությունը հայերի ինքնության հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
- Ցեղասպանության զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր և հարյուր հազարավորներ հայրենազրկվեցին՝ սփռվելով աշխարհով մեկ: Եվ այսօր գրեթե չկա հայ, որի վրա այս կամ այն եղանակով ազդեցություն չի թողել ցեղասպանությունը: Ցեղասպանության ցավը ավելի է խորանում, երբ մենք առայսօր առերեսվում ենք ժխտողականությանը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հավատում է, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար՝ որպես արդարության վերականգնում, այլև ողջ մարդկությանը, քանի որ ուղղված է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի երկրներ և որի առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ: Նույն նպատակին է ծառայում Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակներում մեկնարկած և պարբերական դարձած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը վերածվել է ոլորտի մասնագետների և տաբեր երկրների ներկայացուցիչների միջև այդ հիմնախնդրի վերաբերյալ մտքերի փոխանակման հարթակի: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին, համոզված է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:
-Ռուսաստանը, կարծես թե, Հայաստանին պաշտպանող ուժն է: Սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:
-Նախ ընդգծենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը: Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994-ի մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմք է: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994-ի զինադադարի ռեժիմը:
-Ի՞նչ քայլեր եք ակնկալում Եվրոպայից՝ կայունության և հայերի ինքնորոշման առնչությամբ:
-1991-ից ինքնորոշված հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բարձր են գնահատում եվրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու առնչությամբ: Միևնույն ժամանակ կարևոր է, որ միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական: Ադրբեջանը ընկալում է եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները՝ որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիա սանձազերծելու հիմքում: Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնել մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին: Տվյալ մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:
- Ի՞նչ եք ակնկալում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից: 
-Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, այց է առաջին քրիստոնեական երկիր: Խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում, կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել իր պատմությանը և իր հարգանքը մատուցել Հայոց ցեղասպանության ժառանգներին: Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի պապ ընտրվելը: Միաժամանակ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, և, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015-ի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
-Կարո՞ղ է Հռոմի պապը, որ սեպտեմբերին այցելելու է Վրաստան և Ադրբեջան, նպաստել հարևան երկրների հաշտեցմանը:
-Որքան էլ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը և ապագան, և Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով և լայնամասշտաբ պատերազմով: Հավատում ենք, որ Հռոմի պապի այցը Հայաստան, իսկ սեպտեմբերին` Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին