Կարևոր իրադարձություններ

Ովքեր են «Մարտիկի» քարոզիչները. ով որքան է «քարոզել»

27 Հունիս, 2016 22:02
Ովքեր են «Մարտիկի» քարոզիչները. ով որքան է «քարոզել»

«Մարտիկ» հիմնադրամի շուրջ հետաքրքրությունն ու աղմուկը չի մարում: Հիմնադրամի հիմնադիրները շարունակում են առեղծվածային քողի տակ պահել դրա գործունեությունը՝ լռություն պահպանելով հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի հաշվետվության և դրանք ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների բուժմանն ուղղելու մասին:

«Մարտիկի» կասկածելի կողմերի մասին բարձրաձայնած «Բարև, Երևան» խմբացկության անդամ Անահիտ Բախշյանը վերջերս  դարձել է «Մարտիկ» հիմնադրամի անդամ՝ 100 դոլար փոխանցելով հիմնադրամին, ինչպես և պահանջում է հիմնադրամի կանոնադրությունը:

Ամիսներ շարունակ Անահիտ Բախշյանը պահանջում է հաշվետվություն ներկայացնել հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի մասին և դրանք ուղղել վիրավոր զինծառայողների բուժմանը, սակայն մինչ օրս այդ պահանջներից որևէ մեկը կյանքի չի կոչվել: Ավելին՝ Բախշյանի հայտարարություններից հետո զարմանալի զուգադիպությամբ «Մարտիկ» հիմնադիրներից մեկը՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ ցանկություն ունի 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքին և բարեգործական ծրագրերի:

Մեզ հետ զրույցում Անահիտ Բախշյանը Արթուր Աղաբեկյանի այս հայտարարությունը անլուրջ էր որակել՝ նշելով, որ դրա տակ ենթատեքստ կա:

«Ինչ վերաբերում է բարեգործական ծրագրեր իրականացնելուն, ապա քանի դեռ «Մարտիկ» հիմնադրամի հետ է կապված Ձեր անունը, այսօր բարի եղեք իրականացնել այդ հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված բարեգործական նպատակը՝ վիրավոր զինծառայողների անուններով բացված հաշվեհամարներին փոխանցեք բուժման գումարը, որը հիմնադրամի հաշվին նստած մայր գումարի տարեկան տոկոսին համարժեք գումար է: Գնալուց առաջ էլ հայտարարեք, թե «Մարտիկ» հիմնադրամը ո՞վ պետք է տնօրինի, թե՞ դրա գումարներն եք 2017-ին հեռանալուց հետո բարեգործական նպատակների համար ծախսելու»,-երեկ արդեն իր ֆեյսբուքյան էջում գրել է Բախշյանը:

Նշենք, որ հիմնադրամի հաշվին այս պահին առկա է 1 միլիոն 200 հազար դոլարից ավելի գումար: 2016թ. ապրիլի 19-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Աղաբեկյանն ասել էր. «Հիմնադրամի գործունեության սկզբունքը, ըստ կանոնադրության, հետևյալն է` մայր գումարը ենթակա չէ ծախսի, քանի դեռ նման որոշում չեն կայացրել ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը միասին: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները ծախսվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Այդ տոկոսները մինչև վերջերս մենք օգտագործել ենք զոհված զինծառայողների անունով` մուտքագրում էինք որպես մասնակցության վճար: Վերջին մեկ-երկու ամիսներին այդ տոկոսները ծախսել ենք պաշտպանական նպատակներով»:

«Մարտիկ» հիմնադրամի առանձնահատկությունը դրա հիմնադիրների ցանկն է. Սերժ Սարգսյան, Արթուր Աղաբեկյան, Միշա Մելքոնյան, Սեդրակ Սեդրակյան, Արշեն Սանոսյան: «Մարտիկը» հիմնադիրներից բացի ունի նաև քարոզիչներ, ում քարոզչությամբ էլ, ըստ էության, պետք է ավելանա հիմնադրամի մասնկիցների թիվը: Այսպիսով, «Մարտիկի» պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հիմնադրամն ունի 15 քարոզիչ: Նրանց անունների մոտ նշված է նաև քարոզած մասնակինցերի թվաքականը:

Այսպիսով, ամենից շատ քարոզ անողը եղել է հենց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ հիմնադրամ բերելով 2202 նոր մասակից: Նրան հաջոդրում է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ով քարոզել է 411 հոգու: Եռյակը եզրափակում է Մարտիկի մեկ այլ քարոզիչ Սեդրակ Սեդրակյանը, ով քարոզել է 300 հոգու:

Ամենից քիչ քարոզն իրականացրել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ընդամենը 60 հոգու քարոզելով:

Եվ ահա, 1 ամիս է՝ զինվորների բուժման համար գումար է խնդրվում հիմնադրամից, բայց ոչ մի արձագանք: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

1.Կամ չկա գումարը

2.Կամ չկա հոգաբարձուների խորհուրդը համաձայնությունը

Եվս մեկ կարևոր հանգամանք, վերջերս փոխվել է հիմնադրամի հասցեն: Կայքի մի հատվածում գրված է ՝ Երևան, Գ. Չաուշի 60, այն ՊՆ-ի նախկին շենքի հասցեն է, որն այժմ, մամուլի հրապարակումների համաձայն, վաճառքի է հանված :  Իսկ ահա կայքի կոնտակտներ բաժնում նշված է այլ հասցե՝  Մելիք-Ադամյան 2/1:

 

Լրահոս

Դիտել ավելին