Կարևոր իրադարձություններ

Պապի համեստ կենցաղավարությունը դառնում է քարոզչության թեմա. չարժե ֆետիշացնել դա

27 Հունիս, 2016 16:51
Պապի համեստ կենցաղավարությունը դառնում է քարոզչության թեմա. չարժե ֆետիշացնել դա

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համեստ կենցաղավարությունը դառնում է շահարկման և քարոզչության նյութ և թեմա: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե Հռոմի պապին այդքան մեծ հիացմունքով ու սիրով ընդունելը գալիս է նրանից , որ Հայաստանը կարոտ է հոգևոր իսկական առաջնորդի և որ նրա համեստ կենցաղը ծայրահեղ հակադրությամ մեջ է մեր հոգևորականների կենցաղի հետ:

«Ծայրահեղ հակասական բան չկա: Պապն ապրում է այնպես, ինչպես ապրել է, բայց դուք մի կարծեք, թե այդ նույն բաները Վատիկանը չի օգտագործում PR-ի համար: Պապն, այո՛, ապրում է համեստ կենցաղավարությամբ, բայց այդ համեստ կենցաղավարությունը դառնում է շահարկման և քարոզչության նյութ և թեմա: Երևի, թերևս, պապը չի էլ ուզում դա, բայց դա արվում է, այնպես որ դա առանձին շեշտադրել, ֆետիշացնել չարժե և հակադրության մեջ էլ պետք չէ տեսնել որևիցե մի բան»,-ասաց Միքայել Աջապահյանը:

Հարցին, թե մեր հոգևորականների մեջ կա՞ն նման համեստ կենցաղ վարողներ, Աջապահյանը դրական պատասխան տվեց, նկատելով, թե մեր ժողովուրդը չի սիրում իր հոգևորականներին շատ լավ փնտրել, գտնել և տեսնել. «Ընդհակառակը, թերություններն աշխատում է գտնել, բայց առաքինությունները չի փորձում: Դա հայկական բնավորություն է: Մենք երևի շատ մաքսիմալիստ ենք, չենք ուզում մեր հոգևորականների վրա ոչ մի բիծ լինի և երբ բիծ չենք տեսնում, սկսում ենք այդ բիծը փնտրել, որպեսզի սրտներս հանգիստ լինի՝ որ հա չէ, այս մարդն էլ բիծ ունի»:

Եպիսկոպոսը դժվարացավ ասել, թե երբ տպավորությունները մի փոքր հնանան փորձ կարվի՞ Հռոմի պապի այցի մեջ էլ փնտրել-գտնել այդ բիծը: «Չեմ կարող ասել: Համենայնդեպս, այս այցը շատ ավելի բարձր անցավ հենց պապի շնորհիվ և պապի միջոցով: Կարող էր շատ ավելի անհաջող լինել, բայց պապի անձը շատ բան փոխեց և պապը շատ բան փրկեց, տարավ դեպի դրականը»,-ասաց Շիրակի մարզի թեմի առաջնորդը:

Ամփոփելով Հռոմի պապի այցը Հայաստան և Շիրակի մարզ, Միքայել Աջապահյանը նշեց, որ վերջինս արդարացնում է քրիստոնյա աշխարհի առաջին անձնավորությունը լինելու հանգամանքը. «Վերջիվերջո, Հռոմի պապն է եկողը, շարքային մեկը չէ եկողը, քրիստոյան աշխարհի թիվ մեկ անձնավորությունն է և ինքը արդարացրանում թիվ մեկ անձվարություն լինելու հանգամանքը ամեն կերպ: Համեստ, խոնարհ մարդ է՝ խաղաղասեր, աշխատասեր: Նրանք, ովքեր ինչ-որ բաներ ունեն սովորելու, կարող էին սովորել, հիմա թե սովորեցին, թե չէ, չգիտեմ, դա հետո կերևա: Բայց, անշուշտ, ինքը լավ, դրական լիցքեր բերեց Հայաստան և, վստահաբար, նաև տարավ իր հետ, որովհետև ինքը իրոք հիացավ, հմայվեց ու սիրեց: Արդեն մանկուց սիրել էր հայերին, բայց Հայաստանը չէր ճանաչում: Հիմա մարդը նաև Հայաստանը ճանաչեց, տեսավ ջերոմություն իր նկատմամբ, հակառակ այն բանի, որ կաթոլիկ հոտը այստեղ շատ փոքրաթիվ է, մարդը տեսավ սիրո արտահայտություններ բոլորի կողմից՝ ոչ միայն կաթոլիկ, այլև առաքելական և դա շատ քիչ է պատահում: Դա էլ եղավ իր, այսպես ասած, ստացածը՝ ինքը հասկացավ, որ հայ ժողովրդի բոլոր զանգվածների կողմից սիրված ու ընդունված մարդ է»:

Ըստ Աջապահյանի՝ Հռոմի պապին հայերը սիրեցին հիմնականում ցեղասպանության նկատմամբ նրա ճիշտ ու բարոյական մոտեցման համար. «Որևիցե մեկը, որը այդ հարցում մեզ կողմնակից է լինում, անկողմնակալ կերպով նրան սիրում ենք: Հիմա պապի պարագայում էլ նույնն է: Օբաման խելք ունենար, նման արտահայտություն աներ, Օբամայաին կսիրեինք չէ՞… այդպես է հայ ժողովուրդը՝ սիրում է իր բարեկամին»:

Աջապահյանի խոսքով՝ Հռոմի պապը փրկեց կաթոլիկ եկեղեցու իմիջը: «Կաթոլիկ եկեղեցին լուրջ պրոբլեմներ ուներ, լուրջ մեղադրանքներ ուներ բոլոր կողմից, լուրջ ճգնաժամ ուներ մնացած բոլոր հարցերում: Նա կաթոլիկ եկեղեցին շատ բարձրացրեց և փրկեց»,-ասաց Աջապահյանը, նկատելով, որ եթե կաթոլիկ եկեղեցին շարունակեր լռել ցեղասպանության հարցով, կաթոլիկ եկեղեցու իմիջը գնալով կիջներ:

«Իսկ Հռոմի պապը, ցեղասպանությունը ճանաչելով և հրապարակելով, կաթոլիկ եկեղեցու բարոյական վարքը և հեղինականությունը բարձրարցեց և փրկեց կաթոլիկ եկեղեցու իմիջը, որ 90-100 տարի այն չէր, ինչ ակնկալվում էր. կաթոլիկ եկեղեցին առաջինը պետք է լիներ ցեղասպանության մասին խոսելու հարցում, ոչ թե վերջինը: Ի պատիվ իրեն՝ ինքը գոնե փրկեց այդ իմիջը»,-ասաց Աջապահյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին