Կարևոր իրադարձություններ

Բալասանյանը կանգնած է փակ դռների առջև. ի՞նչ անել կրկին քաղաքապետ ընտրվելու համար

25 Մայիս, 2016 16:40
Բալասանյանը կանգնած է փակ դռների առջև. ի՞նչ անել կրկին քաղաքապետ ընտրվելու համար

Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունների համար շատերը հիմնում են սեփական կուսակցությունը, ոմանք փորձում են իշխանությունների կիսաբաց դռնով ներս մտնել, իսկ մյուսներն էլ նոր տանիք են որոնում:

Տանիք որոնողների շարքում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է: Այլևս նախկին ԲՀԿ-ականը կանգնած է կուսակցությունների մեջտեղում՝ ու՞ր գնալ, ո՞վ կընդունի նրան, որպեսզի կրկին առաջադրվի քաղաքապետի ընտրություններում:

ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է իր թեկնածուին՝ 36-ամյա Արմեն Բադեյանը, որը կուսակցությանն անդամագրվել է դեռևս Ծառուկյանի ժամանակ, այնպես որ՝ там нет места:

Դիմե՞լ իշխանություններին. բոլորս էլ կհիշենք Գյումրու «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ականներ, կաթողիկե համայնքը ղեկավարող գյուղապետեր, արտակարգ և լիազոր դեսպաններ և այլք: 

Երկու ժամից ավելի տևած օծման արարողությունից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնար Երևան, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ գրեթե 10 րոպե տևողությամբ առանձնազրույց էր ունեցել: Հրապարակված լուսանկարներից երևում էր, որ նախագահը խիստ զայրացած էր քաղաքապետի վրա: Այնպես որ իշխանությունների հետ բանակցելու համար Բալասանյանը հնարավորություն չունի, ոչ էլ ինչ-որ մեկը իրեն կլսի:

Shabat.am-ը հարցում էր ուղարկել Գյումրիի քաղաքապետարան՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե առաջիկա քաղաքապետի ընտրություններում ինչպե՞ս է մասնակցելու և ո՞ր կուսակցությունն է ներկայացնելու Բալասանյանը և ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նա կուսակցության փնտրտուքների մեջ է:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Առաքելյանը պատասխանել էր. «Հրապարակումներում տեղ գտած ասեկոսեները մեկնաբանել չենք ցանկանում: Ընտրական նոր օրենսգրքի հաստատումից հետո կկարողանանք Ձեզ տեղեկացնել Սամվել Բալասանյանի ՏԻՄ ընտրություների մասնակցության հետագա ընթացքի մասին»:

Չի բացառվում, որ Բալասանյանը հույսը կդնի իր խորհրդականի նոր հիմնած կուսակցության վրա:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Ընտրական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին