Կարևոր իրադարձություններ

Արմեն Մուրադյանը դրական է գնահատել Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները

26 Դեկտեմբեր, 2015 09:46
Արմեն Մուրադյանը դրական է գնահատել Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ կայացավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2015 թվականի կատարողականը, հաստատեց հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի գնումների պլանը: Խորհուրդը հանգամանալից անդրադարձավ ընթացիկ տարում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը: «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ 2015 թվականի հունվարից մեկնարկած անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը՝ ուղղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանն արդեն իսկ արձանագրել է առաջին հաջողությունները: Սկրինինգային ծրագիրը երեք տարվա ընթացքում պետք է ապահովի ռիսկի խմբերի բնակչության 50-60% ընդգրկվածություն: Ծրագրի շրջանակում, ընթացիկ տարվա 11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ, որոնց իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։

Կառավարման խորհուրդը կարևորեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների բուժման կարողությունների զարգացումը ու ստեղծումը:

Այսպես, ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման աշխատանքների շրջանակում 2015թ. շարունակվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը: Ավարտին են մոտենում տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Նշվեց, որ մեկնարկել են նաև Չարորակ նորագոյացությունների ազգային ռեգիստրի, ինչպես նաև Ճառագայթային բուժման կենտրոնի, Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Նշենք, որ մեկնարկ է տրվել Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի վերանորոգման նախագծանախահարվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանը դրական գնահատեց, ինչպես խորհրդի, այնպես էլ Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա վստահություն հայտնեց, որ 2016թ. ևս կշարունակվեն լայնածավալ աշխատանքներ առկա թերությունների վերացման և համակարգի արդիականացման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին